Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք գաք, որպես լրագրող, ասեք՝ ինձ մի հատ բնութագիր տուր, էլի, դու էլ իրեն մի 5 տարի է՝ ճանաչում ես, ես ասեմ՝ բեր մի հատ նայենք 76թ.-ին մութ անցյա՞լ ունի». Նիկոլայ Բաղդասարյան

Ապրիլ 23,2020 16:57

Բավականին մեծ աղմուկ են հարուցել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած երաշխավորագրերը:

Չնայած պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ որոշակի պարզաբանումներ տվել է՝ նշելով, որ Մարտիրոսյանին անձամբ ճանաչում է որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի, դրա համար երաշխավորագիր է տվել, այնուամենայնիվ, որոշ հարցեր մնում են բաց:

Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ էմոցիոնալ ֆոնի վրա հանրության մի զանգված կա, որը իրականում չի ընկալում իր կողմից տրված ստորագրությունն ինչին է վերաբերում եւ մեկնաբանում է այլ կերպ. «Քրեական գործի նյութերին կծանոթանամ, անպայման հրապարակային հանդես կգամ, որովհետեւ իրականում ես չեմ իմացել քրգործի նյութերի մասին: Քրդատի այդ հոդվածն իրականում ճիշտ չի ընկալվում, բայց ես հիմա եթե փորձեմ պարզաբանել, թե Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի իմաստն ինչում է կայանում ու իմ գործողությունն ինչի համար է, միեւնույն է, գալու է էմոցիոնալ կողմը՝ բա այդ արվամոլին խի՞ եք ստորագրել: Ես հիմա նայում եմ գործի նյութերը, թե ինչ մեղադրանք է առաջադրվել նախկինում՝ 78 թվականին, մի հատ որոշում կա, այդ որոշումները մանրամասն կնայեմ, հետո կտեղեկացնեմ»:

Հարցին՝ ձեզ ասում են՝ դուք իրավաբան մարդ եք, երաշխավորագիր ներկայացնում եք, իր մութ անցյալին չե՞ք ծանոթացել՝ նա պատասխանեց. «Ես գիտեի՞ իր մութ անցյալն ինչում է, եթե դուք գաք, որպես լրագրող, ասեք՝ ինձ մի հատ բնութագիր տուր, էլի, կամ ձեր հոր համար բնութագիր տուր, դու էլ իրեն մի 5 տարի է ճանաչում ես, ես ասեմ՝ բեր մի հատ նայենք տեսնենք 76 թվականին մութ անցյա՞լ ունի: Կամ այդ որոշումը որ ինքը (նկատի ունի Մարինա Պողոսյանին) հրապարակում է, անձը տվյալ պահին 16 տարեկան է եղել, ըստ ձեզ, կարո՞ղ է մեղադրվել, մանկապղծության սուբյե՞կտ է ինքը, 16-ը չի լրացել, մի հատ նայեք: Ուղղակի այս պահին ամբողջը չեմ ուսումնասիրել: Ձեռագիր գրած, այն էլ գիտե՞ք՝ ինչպիսին են դատական ակտերը, հղում է տալիս գործի նյութերին 76 թվականի: Ձեռագիր գրած փաստաթուղթ է, ամբողջությամբ նայեմ, մանրամասն, ստորակետներով կանդրադառնամ»:

Օգտատերերը Նիկոլայ Բաղդասարյանի գրառման տակ նշել են, որ նա 2018-ին Մարտիրոսյանի դատապաշտպանն է եղել Մոսկվայում: Նիկոլայ Բաղդասարյանը ճշգրտեց. «Իրեն Մոսկվայում մեղադրանք չի առաջադրված եղել, որ մի հատ էլ դատապաշտպան լինեմ: Ինքը կալանավորված է եղել…Ես թաքցնելու բան չունեմ, ինչ արել եմ՝ հրապարակային ներկայացրել եմ, այն, ինչ Մարինան ներկայացրել է, կուսումնասիրեմ, անպայման կհրապարակեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930