Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասնություններ` 60 օրով ներգաղթը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշման մասին. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 23,2020 23:55

«Ամերիկայի ձայն». Հրապարակվել են ԱՄՆ ներգաղթը 60 օրով դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի ստորագրած նախագահական հատուկ հրամանագրի մասին հավելյալ մանրամասնություններ: Ինչ վերաբերում է նշված 60 օրերին, Թրամփը չի բացառել կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով այն ավելի երկարաձգելու հնարավորությունը:

Գործադիր հրամանն ազդում է մշտական բնակության` «գրին քարթի» դիմորդների վրա, որոնք այս պահին գտնվում են ԱՄՆ-ից դուրս: Հրամանագիրը չի տարածվում նրանց վրա, ովքեր արդեն իսկ ԱՄՆ-ում են եւ դիմում են ներգաղթյալի իրենց կարգավիճակը փոխելու խնդրանքով: Բացառություն են կազմում նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների ամուսիններն ու կանայք, ինչպես նաեւ երեխաները, զինծառայության մեջ գտնվող անձանց ընտանիքները, EB-5 վիզայի համար դիմող մեծահարուստ ներդրողները: Օրենքը չի տարածվում նաեւ ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց, ինչպես օրինակ գյուղատնտեսության բնագավառում աշխատողների վրա: Այսինքն` հակառակ Թրամփի այն հայտարարությանը, թե սա մի «հզոր» որոշում է, այն իրականում տարածվում է շատ փոքր թվով անձանց վրա:

Վերլուծաբան Լորա Ռիսն այն համարում է ժամանակավոր բնույթի, «միջին ուժգնության» որոշում, որը տարածվում է առավելագույնը 300,000 անձանց վրա:

Ասենք նաեւ, որ բացառություն են կազմում նաեւ առողջապահական համակարգում աշխատող անձինք ու նրանց ընտանիքները, ովքեր լինելով այլ երկրների քաղաքացիներ, դիմում են ԱՄՆ-ում «գրին քարթ» ստանալու համար:

Ինչպես ներգաղթի հարցերով փաստաբան Հասան Ահմեդն է ասում, ներգաղթը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը հրապարակվեց շատ անսպասելի կերպով, որից հետո փաստաբանների հեռախոսները չեն լռում անվերջ հարցեր տալու ցանկություն ունեցող հաճախորդների զանգերից:

Հիմա հասկանալի չէ նաեւ, թե ինչ ազդեցություն կթողնի 60 օրվա դադարի մասին հրամանագիրը, երբ ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունները համաճարակի պատճառով առանց այն էլ դադարեցրել էին աշխատանքները եւ վիզաների հետ կապված գործընթացը հետաձգել անորոշ ժամանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930