Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի գաղափարախոսություն չկա, ինչի մասին, չգիտես ինչու, մեծ հաճույքով է խոսում Փաշինյանը». «Փաստ»

Մայիս 05,2020 12:00 Share

«Անմիջապես իշխանափոխությունից հետո է սկսվել ընդդիմադիր ուժերի և բևեռների ձևավորումը, և այդ փուլը շարունակվում է նաև այսօր. ձևավորվում են ոչ թե մեկ, այլ ընդդիմադիր նոր բևեռներ: Իսկ թե ինչ-որ մի փուլում կարո՞ղ են արդյոք այդ տարբեր բևեռները որևէ ընդհանուր գործի շուրջ միավորվել և դառնալ տակտիկական բևեռ՝ այս կամ ընդհուպ մինչև իշխանափոխության խնդիրը լուծելու համար, ժամանակը ցույց կտա»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ այս գործընթացն ավելի է ակտիվանալու՝ անկախ զարգացումներից, անկախ նրանից՝ կլինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ: «Առհասարակ, ներկայիս ճգնաժամի պայմաններում աշխարհի ցանկացած երկրում որևէ զարգացում չի բացառվում: Ինչ վերաբերում է մեզ, ապա, անկախ արտահերթ ընտրությունների հավանականությունից կամ հերթական ընտրություններից, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի մոտավորապես կեսն արդեն անցել է. այսինքն, ամեն դեպքում, քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ինչ-ինչ զարգացումների: Ես դեռ տարեսկզբին էի ասում, որ այս առումով 2020թ.-ին ակտիվ է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից համավարակով պայմանավորված այս ճգնաժամը խառնում է աշխարհի շատ-շատ իշխանությունների խաղաքարտերը:

«Մանավանդ այնպիսի իշխանությունների, ինչպիսին մերն է: Այսինքն, երբ ի սկզբանե էր պարզ ու առանձնապես պետք էլ չէր կասկածել, որ կրիզիսային մենեջմենթի առումով շատ թույլ ունակություններ ունեն»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում առկա իրավիճակին, այնտեղ ձևավորվող բևեռների հնարավորությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ այսօրվա իշխանությունը պատահականության սկզբունքով է ձևավորվել: ««Թքած-կպցրած» մի բան, որտեղ «ցեմենտող» միակ օղակը անձամբ վարչապետն է, 2018 թվականի իր հեղինակությունը, նաև այն ուժերի իշխանության լինելու ձգտումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են իշխանափոխությանը: Ոչ մի գաղափարախոսություն չկա, ինչի մասին, չգիտես ինչու, մեծ հաճույքով է խոսում Փաշինյանը: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ իշխանության գալուց մի քանի ամիս հետո փոխվարչապետ, այսօր նաև պարետ Տիգրան Ավինյանն իր հարցազրույցներից մեկում չբացառեց, որ ընդդիմությունը ձևավորվելու է իշխանական թիմից: Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ես իր հետ համաձայն եմ: Մենք այսօր տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ այդ ամբողջ իշխանական համակարգում արդեն սկսում են ճաքեր երևալ՝ թե՛ նեղանձնային մակարդակով, թե՛ քաղաքական տարբեր հոսանքների մակարդակով: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ մեծ ճեղքեր կան թիմում »,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ն. Փաշինյանի մատնանշած «հիասթափվածների» շարքում, իր կարծիքով, բավականին լուրջ շերտեր հենց իշխանության մաս են կազմում:

«Միտումը հետևյալն է լինելու. որքան Ն. Փաշինյանի «ցեմենտող» վարկանիշը նվազի, այնքան կապող ոչ գաղափարական օղակը թուլանալու է, ինչի հետևանքով ներսում բառի բուն իմաստով մարդիկ իրար գլուխ են ջարդելու, իրար հայհոյելու են, իրարից անջատվելու են և այլն: Էլ չեմ խոսում, որ, իրավիճակից ելնելով, տարբեր քաղաքական հոսանքներ կարող են իրար դեմ աշխատել: Բացի այդ, ոմանք կարող են համարել, թե հենց իրենք են այն ուժը, որը պետք է փրկի հեղափոխությունը կործանումից: Ի դեպ, հիմա կան այդպիսի ուժեր, որոնք հայտարարություններ են անում, հենց իշխանության մեջ ուզում են Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական երևալ: Այդ միտումը շարունակվելու է, մեծ հաշվով, զուգահեռ գործընթացներ են լինելու. և՛ ընդդիմությունն է ուժեղանալու, և՛ իշխանությունն է թուլանալու:

Եվ չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Ն. Փաշինյանը կփորձի որոշակի փոփոխություններ կատարել իր իշխանության քաղաքական կառուցվածքի մեջ: Այսինքն, ինչ-որ ուժերի էլ ներգրավել: Եվ այս առումով պատահական չեն շրջանառվող խոսակցություններն առ այն, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կարող է փոխարինել մեկ ուրիշը՝ այլ քաղաքական ուժից: Այդ ամենը դեռ հերքվում է, բայց, ամեն դեպքում, հնարավոր է: Եթե երկրում նախագահական կամ կիսանախագահական համակարգ է, կարողանում ես անհաջողության կամ տապալման դեպքում դրանք վերագրել օրվա վարչապետին: Այսինքն, այն, ինչ սովորաբար անում էին մեր նախագահները: Վարչապետ էին փոխում, «գոլորշին բաց թողնում», և իրենք մեղավոր չէին: Կարանտինի հետ կապված իրավիճակը տապալում էր:

Հիմա էլ կարող է ամեն ինչ վերագրվել, օրինակ, փոխվարչապետների, ինչ-որ նախարարների կամ այլ պատասխանատուների, և նրանց փոխարեն բերել այլ անձանց՝ ուրիշ քաղաքական ուժերից: Սա էլ է ճանապարհ, և չեմ բացառում, որ Փաշինյանը կարող է փորձել այն»,-ասաց Վ. Հակոբյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031