Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Հովհաննիսյան+30» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը պահանջում է իրեն ազատ արձակել

Հունիս 05,2020 16:55

Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտագնա նիստ, որի ժամանակ լսվել է «Վահան Հովհաննիսյան+30 գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Վարդգեսի Ավետիսյանի դիմումը։

Վերջինս պահանջում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել, մինչդեռ քրեակատարողական հիմնարկը նրան այս ցանկում չի ներկայացրել՝ ցածր միավոր ունենալու պատճառաբանությամբ։

Տիգրան Ավետիսյանն էլ բողոքարկել է քրեակատարողական հիմնարկի ու պրոբացիոն ծառայության տված զեկույցները՝ գտնելով, որ դրանք անհիմն են ու պահանջել է բավարարել իր՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց Տիգրան Ավետիսյանի փաստաբան Կարլեն Գրեյանը: Դատարանը, սակայն մերժել է բողոքը:

Փաստաբան Կարլեն Գրեյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Փաստաբանն ասաց․ «Որոշումը ստանալուց և հիմքերին ծանոթանալուց հետո պատրաստվում եմ բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։

Նա նաև հիշեցրեց, որ Տիգրան Ավետիսյանը միակն է «Վահան Հովհաննիսյան+30» գործով մեղադրվածներից, որը դեռ անազատության մեջ է։

«Տիգրանը 1995 թ․-ին ձերբակալվել է՝ ինքնակամ ներկայանալով ոստիկանություն:

Նա մեղադրվել է «Վահան Հովհաննիսյան+30» գործով։ Բոլոր 30 անձինք վաղուց ազատության մեջ են: Տիգրան Ավետիսյանը միակն է 31 մեղադրյալներից, որն այս գործով 1997 թ․-ին դատապարտվել է մահապատժի (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով 1961 թ.-ի խորհրդային ժամանակաշրջանի քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65 հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232 հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում):

Տիգրանը ծառայել է սովետական բանակում, վերադարձել 1989 թ․-ին, իսկ մեկ տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով 20 տարեկանում անդամագրվել մահապարտների ջոկատին: Չորս տարի մասնակցել է մարտական գործողություններին՝ Երասխավանի, Հորադիզի, Ղարադաղլուի ազատագրմանը: Եղել է «Արաբո», «Կոռնիձոր», «Արծիվ-28» և այլ կամավորական ջոկատներում»,- ասաց Կարլեն Գրեյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930