Լրահոս
Օրվա լրահոսը

114 դպրոցի տնօրեն. «Արժե՞ր 5-7 րոպե տեւածի համար հարամ անել դպրոցի ու երեխաների գլխին»

Հունիս 06,2020 19:18

Aravot.am-ին են դիմել 114 դպրոցի շրջանավարտներ, ծնողներ եւ ուսուցիչներ, որոնք մտահոգված են դպրոցի տնօրեն, բազմավաստակ  մանկավարժ  Ռուզաննա Կոստանյանին ինքնաբուխ մատուցված հինգ րոպեանոց անակնկալի հետեւանքներով: Շրջանավարտների հետ հանդիպման փոքրիկ տեսանյութը հայտնվել  է վարչապետի էջում, ինչից հետո  ԿԳՄՍ նախարարությունից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ են դրել տիկին Կոստանյանի առաջ:

Շրջանավարտները, ծնողներն ու ուսուցիչները պատրաստ են ներկայացնել բազմաթիվ տեսանյութեր, որոնք փաստում են, որ ավարտական վկայականները ստանալու ժամանակ  երեխաների մատուցած անակնկալը չի տեւել հինգ րոպեից ավելի, եւ ցավ են զգում, որ իրենց պատճառով խնդիր է առաջացել տնօրենի համար, որի վերաբերյալ որոշում են կայացնում՝ առանց նրա հետ հանդիպելու ու զրուցելու: Մեզ դիմողները կարծիք են հայտնել, որ պարետատան որոշումը խախտելու համար կարելի էր համապատասխան տուգանքի ենթարկել տնօրենին՝ թեկուզ ներկա աշակերտների թվով, նկատողություն տալ, բայց ոչ թե միանգամից ազատման դիմում պարտադրել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ռուզաննա Կոստանյանն արդյոք որեւէ միտում  տեսնո՞ւմ  է իր հանդեպ: Նա դրական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է  իր հասցեին սոցցանցում արված որոշ անհաճո գրառումներին, տիկին Կոստանյանն ասաց, որ չի ճանաչում դրանց հեղինակներին, որովհետեւ իր շրջանավարտներից միայն դրական արձագանքների է միշտ արժանացել ու նրանց իննսուն տոկոսին հիշում է:

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից. «Իմ աշխատասենյակում է դա եղել, անգամ մի բազկաթոռ չենք տեղաշարժել, հինգ րոպեից ավել չէր կարող ձգվել, որովհետեւ պետք է գրաֆիկի մեջ տեղավորվեինք: Եթե դա նախապես պլանավորված միջոցառում լիներ, ուրիշների նման տարածքը կձեւավորեինք, էլի եմ կրկնում, դա  ինքնաբուխ մի բան էր՝ երեխաների երախտագիտությունը արտահայտելու յուրատեսակ դրսեւորում… Մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարի  հրահանգի համաձայն պետք է շրջանավարտներին հանձնվեր միջնակարգ կրթության վկայականները, գրաֆիկ  էինք նախապես կազմել, յուրաքանչյուր դասարանից չորսից վեց աշակերտ պետք է գար, երկուական մոտենային տնօրենին եւ ստանային իրենց ատեստատները:

Սա  12/4 դասարանն էր: Երբ սպասում էի, որ հերթով մտնեին, անակնկալ  ներս մտան՝ հեռախոսով միացրած Վերջին զանգի երաժշտությունը: Երբ ներս մտան, տղաներից մեկն ինձ բերեց մեջտեղ, մեկ րոպե պարեցինք, ուզեցի ուրախ ճանապարհել իրենց, հատկապես որ դա իրենց վերջին օրն էր դպրոցում: Սա եղավ շատ մեծ պատմություն, իհարկե ես պետք է հասկանայի, պետք է զգայի, որ այդպես չպետք է լիներ… »,- հավելեց մեր զրուցակիցը:

Պատասխանելով մեր հարցին՝ տիկին Կոստանյանը նաեւ նշեց. «Պարետատան որոշումը խախտելու համար տուգանք է հասնում, ես բոլոր որոշումները նայել եմ, կարող էին ինձ տուգանել: Սա մասսայական միջոցառում չէր, եթե տեսանյութը ուշադիր նայեք, կտեսնեք, որ անգամ մեկ բազկաթոռ տեղից շարժված չէ, մի աթոռ անգամ չի տեղափոխվել: Եթե միջոցառում պետք է լիներ, մենք պետք է նախապես պատրաստվեինք,  կամ ոնց կլինի՝ մի դասարանի համար միջոցառում անենք, մյուսների համար՝ ոչ: Չէ՞ որ դու մանկավարժ ես, չես կարող անարդար գտնվել մյուսների նկատմամբ կամ տարբերություն դնել:

Երեխաները տասներկու տարի սովորել են դպրոցում, դա իրենց անակնկալն էր: Իրենք դասղեկի հետ էլ չեն խորհրդակցել, տասնյոթ-տասնութ տարեկան երեխեք են, ինքնաբուխ այդպիսի քայլ են արել, անգամ ծնողներն են դեմ եղել: Ես հետո այս օրերի մեջ պարզում եմ, որ երեխաները դպրոցից տուն են գնացել եւ ասել են՝  փաստորեն այսպես ավարտեցինք: Ընդամենը հինգից-յոթ րոպե տեւածի համար կարելի՞ է հարամ անել դպրոցի եւ երեխաների գլխին»:

Պարզեցինք, որ Ռուզաննա Կոստանյանը աշխատում է 1988 թվականից, մեկ տարի աշխատել է որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ապա փոխտնօրեն: «Իմ ճանապարհը հարթելով, ցուրտ ու մութ տարիներին, նավթի վառարան վառելով, ձեռքներս տաքացնելով, երեխաներին ջերմացնելով, երբեմն առանց աշխատավարձ աշխատելով՝ հասել եմ այսօր: Եղել են տարիներ, որ հազար-երկու հազար դրամ աշխատավարձ ենք ստացել, շատերը կարող են  դա չհիշել: Այդ ձեւով ենք ճանապարհ հարթել: Ես կոչումով մանկավարժ եմ, երեխաների հետ այդպես վարվելը եւս մանկավարժական մոտեցում էր, ես չէի  կարող իրենց դուրս անել իմ աշխատասենյակից… Հիմա չգիտեմ՝  ինչ է լինելու, համենայն դեպս նման արձագանքի չէի սպասում, ամբողջ կոլեկտիվն է ապշած, ամբողջ դպրոցը»,-տարակուսանք հայտնեց 114 դպրոցի տնօրենը:

Ռուզաննա Կոստանյանի նախկին եւ ներկա աշակերտներն ու նրանց ծնողները շարունակում են նրա  եւ իրենց ֆեյսբուքյան էջերում իրենց աջակցությունը հայտնել սիրելի տնօրենին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930