Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանի նման կերպարներն ամբողջ ժամանակ հեռուստաեթերում են, իսկ ընդդիմադիրն ու անկախ փորձագետը՝ ոչ». Զոլյան

Հունիս 17,2020 12:10

«Կան հեռուստաալիքներ, որոնք պատկանում են նախկին պաշտոնյաներին, միլիարդատերերին, եւ այդ ալիքներով միշտ խոսում է նրանց քաղաքական ակտիվը: Ընդդիմադիր ուժերը, որոնք քննադատում են իշխանությանը, այդ ալիքներում չեն հայտնվում: Ընդդիմությունը կայացած չէ, որովհետեւ մեդիադաշտն օկուպացված է նախկին իշխանության մի խումբ ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց հռչակել են ընդդիմություն»,-հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նա շարունակեց. «Եթե պայմանական ասենք, Արմեն Աշոտյանի նման կերպարներն ամբողջ ժամանակ հեռուստատեսությամբ ելույթ են ունենում, իսկ ընդդիմադիր կուսակցությունը, անկախ փորձագետն ու լրագրողները չեն հայտնվում այդ եթերում: Այս իրավիճակի հետ հնարավո՞ր է մի բան անել»:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց. «Քաղաքական անկողմնակալության նորմը պարտադիր է բոլոր հեռարձակողների համար: Բոլոր հեռուստաընկերությունները պետք է ապահովեն քաղաքական ուժերի, տարբեր կարծիքների ներկայությունը, խոսքի իրավունքը: Հուսամ՝ այս բոլոր նորմերը տեղ կգտնեն շրջանառության մեջ դրված օրենքի նախագծում»:

Միքայել Զոլյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ կարեւոր է, որ, օրինակ, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցերը մեկնաբանեն անկախ փորձագետները, որոնք ոլորտի մասնագետներ են. «Դա դժվար է ապահովել, որովհետեւ հաճախ ենք տեսնում, որ, օրինակ, ատամնաբույժը խոսում է համավարակի մասին: Կամ, որեւէ մեկը ներկայանում է քաղաքագետ, բայց որեւէ հոդված չի գրել: Հնարավո՞ր է փորձագետ ներկայացողների կարծիքը մանիպուլյացիաներից զերծ պահել»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր խնդիրը կարգավորել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930