Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Տեղեկատվական դաշտում թեմայի ուռճացումը սկսեց հենց Ադրբեջանը. «Փաստ»

Հուլիս 16,2020 11:42

Երբ սահմանին լարվում է իրավիճակը, գաղտնիք չէ, որ այն իր արտացոլումն է ունենում նաև տեղեկատվական հակամարտության առումով, թեպետ նույնիսկ սառեցված հակամարտությունների պարագայում տեղեկատվական պատերազմը փաստացի անընդհատ է: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ զրույցում խոսել ենք այս տիրույթում առկա իրավիճակի, հաքերային հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվություններից, մանիպուլ յացիաներից խուսափելու հիմնական կետերի մասին:

Կարեն Վրթանեսյանը նախ շեշտեց՝ առհասարակ նման սրացումներ մեկ-երկու տարին մեկ տարբեր հատվածներում լինում են. «Այս անգամ տեղեկատվական դաշտում թեմայի ուռճացումը սկսեց հենց Ադրբեջանը:

Իսկ թե նման իրավիճակում ինչ պետք է հաշվի առնել՝ նաև ադրբեջանական մանիպուլ յացիաներից, կեղծ լուրերից խուսափելու իմաստով, մեր զրուցակիցը նկատեց. «Այսպիսի իրավիճակում, երբ մարդիկ հուզական վիճակում են գտնվում, անընդհատ իրազեկվելու կարիք ունեն, լուրերի են սպասում, ցանկացած սենսացիոն լուր՝ կապ չունի՝ ճիշտ, թե սուտ, շատ արագ, հրդեհի արագությամբ տարածվում է: Այսպես ասած, սա համացանցի օրենք է: Մարդիկ փորձում են ինչ-որ ձևով մասնակցել իրադարձություններին՝ կիսելով, տեղեկացնելով, շատ հաճախ տարածելով նաև կեղծիքներ, բամբասանքներ, ապատեղեկատվություն: Առհասարակ որևէ կոնֆլիկտի ժամանակ նման իրավիճակներից լիովին խուսափելն անհնար է»:

Թեպետ չափազանց բարդ է, բայց, ըստ մեր զրուցակցի, հնարավորություն կա իրավիճակը վերահսկելի դարձնել: Խոսքը հանրության մեջ վստահություն ունեցող մարդկանց, մասնագետների խոսքերն են, որոնք կարող են զերծ պահել այս տիրույթում հնարավոր անցանկալի զարգացումներից: Կ. Վրթանեսյանի դիտարկմամբ, շատ կարևոր է, որ նման դեպքերում այդ մարդիկ իրենց խոսքը ասեն, ինչի օրինակները նաև այս օրերին տեսանք:

«Կարևոր է նաև, որ պաշտոնական աղբյուրները նման իրավիճակներում արագ ու ստուգված տեղեկություններ տան: Եվ, մեծ հաշվով, ՊՆ-ն ստուգված և արագ տեղեկություններ է տալիս: Այս պահի դրությամբ չեն եղել այնպիսի դեպքեր, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը շատ ուժեղ տարածվի: Մարդիկ ինչ-որ տեսանյութեր էին տեսնում, որոնց մի մասն իրական էր, մի մասը կեղծ էր: Թեպետ տարածում էին, բայց նաև հարցնում՝ ճիշտ է, թե ոչ, ուզում ենք իմանալ: Սա նշանակում է, որ այդ առումով, կարծես, որոշ գործիչներ, ակտիվիստներ հասցրեցին աշխատել, ու իրավիճակը վերահսկելի է:

Սա ավելի շատ հանրային աշխատանք էր, որն ստացվեց»,-ընդգծեց նա: Ամփոփելով՝ Կարեն Վրթանեսյանը շեշտեց, որ տեղեկատվական դաշտում առկա դիմակայությունը ռազմական գործողություններից տարբերվում է նրանով, որ այս տիրույթում խրամատներ չկան, և ամեն ինչ շատ փոփոխական է:

Պետք է պարզապես հիշել, որ նման իրավիճակներում կարևոր է արագ կողմնորոշվելը, րոպեների ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելը, դաշտում դիրքավորվելը, որ առաջինը ոչ թե հակառակորդի տեղեկությունները հասնեն, ոչ թե հակառակարդի տեղեկությունները լցնեն ճգնաժամային իրավիճակներում առաջացող ինֆորմացիոն վակուումը, այլ հենց քո տեսակետը, դիրքորոշումը հասնի լսարաններին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031