Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»

Հուլիս 24,2020 14:49

«Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը խոսելով շրջանառության մեջ դրված հայոց պատմության չափորոշչից ու առարկայական ծրագրից ասաց, որ նախագծին ծանոթանալով հիշել է Վրաստանի դպրոցների դասագրքերը, որտեղ նույն պատկերն է, իր խոսքերով կիրառվել է Արեւմուտքի մոդելներից մեկը. «Փաստաթուղթը երկարաշունչ է, ինչպես ժամանակին երկարաշունչ էր Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը, որը գուցե իմ կարծիքով, հատուկ այդքան ծանրաբեռնված է, որ լինի նաեւ հոգնեցուցիչ, որ համբերությունդ չբավականացնի մինչեւ վերջ կարդալու համար: Բայց պարտավոր ես կարդալ, ավելին՝ մի քանի անգամ պետք է կարդաս, որ հասկանաս էությունը»:

Պարոն Մելքոնյանը փաստեց, որ փաստաթղթում բացակայում է հայրենասիրություն բառը, իսկ ազգային ինքնություն, Հայ առաքելական եկեղեցի եւ նման այլ տերմինները այն համատեքստում են գործածված, որ դրանց տակ հակառակը պետք է հասկանալ, որովհետեւ մի բան են տերմինները, մեկ այլ բան է նյութի շարադրանքը եւ ենթատեքստը:

«Շատ դեպքերում խոսվում է այն մասին, որ երեխայի մոտ պետք է ձեւավորվի պատմական մտածողություն, եւ դա պետք է կառուցվի ժամանակագրության հիման վրա: Այդ մասին Մովսես Խորենացու հայտնի խոսքերը կան՝ «Ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան»: Բայց տվյալ պարագայում ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են տարբեր տեղերից, նույնը նաեւ Վրաստանի դասագրքերում էր: Օրինակ, կարդում ես Դավիթ Շինարարի մասին, հանկարծ գնում ես հինգերորդ դար, թռչում ես Շևարդնաձեի ժամանակներ, հետո Վարդերի հեղափոխություն, նորից վերադառնում ես 18 թվական:

Այսինքն՝ ժամանակագրությունը խախտված է, եւ երեխայի մոտ տրամաբանական կապը չի կարողանում ձեւավորվել, որովհետեւ պետք է մի հիմքը լինի, մի դարաշրջանը երեխան պատկերացնի, որ անցում կատարի մյուսին: Այստեղ եւս հետուառաջ է, եւ ժամանակագրությունը խախտված է՝ այն դեպքում, երբ հստակ գրված է, որ ժամանակագրական շարադրանքը պարտադիր է, եւ երեխան պետք է կարողանա պատմությունը պատկերացնել այդ ամբողջական շղթայի մեջ…»,-նշում է ակադեմիկոսը:

Նրա խոսքերով, անգամ խորհրդային տարիներին, երբ ասում էին, որ Հայոց պետականությունը ձեւավորվել է Ուրարտուի անկումից հետո, գոնե խոսվում էր այն մասին, որ Ուրարտական դարաշրջանը` 9-6-րդ դարերը, պատմամշակութային հզոր վերելքի ժամանակաշրջան էին, եւ հայ ժողովուրդը ժառանգորդներից մեկն է հանդիսանում:

Անդրադարձ եղավ նաեւ Հայկի եւ Բելի կռվի տարեթվին, որը, Աշոտ Մելքոնյանի խոսքերով, որակվում էր որպես Միքայել Չամչյանի կողմից հորինված հեքիաթ. «Բայց միեւնույն ժամանակ՝ ուսումնասիրությունների արդյունքում մեր հնագետները եկան այն եզրակացության, որ առնվազն Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում ստեղծված պատմամշակութային հզոր ժառանգությունը միանշանակ վկայում է այդ դարաշրջանում պետական գոյության մասին:

Այսինքն, պետականություն եղել է եւ ճիշտ համընկնում է երրորդ հազարամյակի հետ: Հիմա մենք զարմանալիորեն թռանք եկանք իններորդ դար, եւ դրա ամբողջ նախորդ ժամանակաշրջանն անհասկանալի է, թե ինչ է: Երեւի հայրենիքի հետ կապված զրույցների տարբերակով կարելի է դրան ծանոթանալ, ըստ երեւույթին համաշխարհային պատմության համատեքստում»:

Աշոտ Մելքոնյանը տարակուսանք է հայտնում. «Ինձ զարմացնում է նաեւ այս տեսակ փաստաթղթերի ստեղծման նման գաղտնի տարբերակը, թե ինչու նախապես քննարկման չեն ենթարկվում դրանք, չեն ուղարկվում համապատասխան կազմակերպություններ, Գիտությունների ակադեմիա, ԵՊՀ եւ Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետներ: Եվ ամեն անգամ, երբ իմ գործընկերները համալսարանից եւ մանկավարժականից զանգահարում են ու հարցնում՝ ծանոթացե՞լ ես, ես անմիջապես հասկանում եմ, որ հաջորդ փաստաթուղթն է մեջտեղ եկել, որի մասին տեղյակ չենք եւ մեզ կանգնեցում են փաստի առաջ:

Մենք հո ժողովրդի թշնամի՞ն չենք: Ես լիովին համամիտ եմ Արտակ Մովսիսյանի հետ այն հարցում, որ 2000-ականների դասագրքերը ազգային մտածողություն, քաղաքացիական նկարագիր ձեւավորելու հարցում կարեւոր դեր են ունեցել: Հիշենք 90-ականներին Բարխուդարյանի եւ Բաբկեն Հարությունյանի սերունդը, որ կարողացավ զրոյից ստեղծել ազգային դասագրքեր, 93 թվականից դրանք մտան շրջանառության մեջ, հետո մեր սերունդը եկավ՝ հենվելով դրա վրա, նոր նյութեր մշակելով՝ մի փոքր ավելի բարդ տարբերակով առաջին հրատարակությունը եղավ, երկրորդը բարելավեցինք, հիմա արդեն եկավ մի ժամանակաշրջան, երբ այս ամբողջը պետք է լցվի ջուրը:

Մենք բացարձակապես չենք հավակնում նոր դասագրքերի: Քավ լիցի, հանկարծ չմտածեն, մեր անձնական շահն է, որ մենք հեղինակներ ենք եղել ու այս գրքի համար իսկապես կյանք ենք դրել: Հիմա ովքեր ուզում են, թող գրեն, բայց ոչ այս չափարոշիչներով, որովհետեւ այս չափորոշիչները մեզ տանում են փակուղի, ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031