Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի հետ կապված՝ գրություններ է հասցեագրել պարետ Տիգրան Ավինյանին

Հուլիս 29,2020 20:02

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ս/թ հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) էր դիմել՝ կապված եթերային տաղավարներում դիմակներ կրելու՝ պարետատան պարտադիր պահանջի հետ:

Հիշեցնենք, որ ՀԺՄ նախագահը և մի քանի տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ այս հարցով պաշտոնական նամակով և հրապարակային հայտարարությամբ դիմել էին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին: Առ այսօր պատասխան չկա:

Դիմումի մեջ նշված էին այն բոլոր հիմնավորումները, որոնք ապացուցում են եթերային տաղավարներում դիմակներ կրելու անիմաստ լինելն ու շատ դեպքերում՝ անհնարինությունը, նշվել էր, որ այդ պահանջն անհարկի խոչընդոտներ է ստեղծում տաղավարում աշխատող հաղորդավարի համար: Աշխարհի որևէ երկրում հեռուստատաղավարներում ոչ հաղորդավարները, ոչ նրանց հյուրերը դիմակներ չեն կրում, նման պահանջ առհասարակ դրված չէ:

ՀԺՄ նախագահի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել էր, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով գրություններ է հասցեագրել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հավելել էր, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ ՀՀ ոստիկանության ծառայողների այցի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է, այդ մասին հանդես եմ եկել հրապարակային հայտարարությամբ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ եմ հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին և Հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի նախագահին»,- գրված էր ՀԺՄ նախագահ Ս. Սեյրանյանին ՄԻՊ Արման Թաթոյանի պատասխանի մեջ:

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031