Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգում են ինձ եւ ասում են, որ հանքը բացվի, մենք սիրով ետ կգանք, մեր ծնողների ու երեխաների հետ կապրենք մեր հողի վրա»

Սեպտեմբեր 09,2020 17:40 Share

«Լիդիան Արմենիայի» վերջերս վարձակալած VIP Guard Security ընկերության պահնորդների եւ Ամուլսարի դեմ պայքարող ցուցարարների միջեւ սեպտեմբերի 7-ին գիշերը հերթական բախումն էր եղել: Միջադեպի արդյունքում ցուցարարներից մի քանիսը, ըստ ակտիվիստների տարածած տեղեկությունների, հոսպիտալացվել էին: «Լիդիան Արմենիա» ընկերությունից պնդում են, որ պահնորդները պաշտպանել են ընկերության տարածքը՝ օրենքի շրջանակներում։ Ընկերության ֆեյսբուքի էջում նաև տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք քարեր են նետում մեքենայի ուղղությամբ։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ մի խումբ անձինք՝ ոչ սթափ վիճակում, փորձել են ներխուժել ընկերության տարածք եւ սադրել:

Երեկ՝ՀՀ Վարչապետին, ոստիկանապետին և ԱԺ պատգամավորներն, կրկին հերթական բաց նամակով դիմեցին «Ամուլսարի հանք» նախաձեռնության անդամները՝ ահազանգելով, որ Ամուլսարի շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտը շարունակում է սպառնալ իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգությանը. «Նախորդ օրերին հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ անձինք խուլիգանություն իրականացնում, քարեր նետում Ամուլսարի տարածքում գտնվող պահնորդների և համայնքի բնակիչների ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին: Առավել մտահոգիչ է, որ այս ապօրինությունները աջակցություն են ստանում ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամավորների կողմից»,- ասված է նամակում: Նախաձեռնության անդամները Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների անունից պատգամավորներին են հրավիրում համայնքներ՝ «ծանոթանալու իրենց կողմից խրախուսվող ապօրինությունների արդյունքում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակի, դատարկված համայնքների իրական խնդիրների հետ»։

Սիմոն Բաբայան

Համայնքների խնդիրներին փորձեցինք ծանոթանալ զրուցելով համայնքային ղեկավարների հետ։ Հարցն ի՞նչ հանգուցալուծում կստանա, ե՞րբ կամ ինչպե՞ս լուծումները կտրվեն, ինչո՞ւ է կառավարությունը դանդաղում որոշման հարցում՝ Սարավան համայնքի համայնքապետ Սիմոն Բաբայանը պատասխանեց, թե չի կարող կանխագուշակել, չի էլ ցանկանում մտնել իր իրավասությունների տիրույթից դուրս հարցերի մեջ: Բայց մեզ հետ զրույցում համայնքապետն ասաց, որ այս ամենի վերաբերյալ իր կարծիքն ունի, ոչ միայն իբրեւ տեղի բնակիչ, այլ նաեւ իբրեւ համայնքի ղեկավար: Նա գտնում է, որ պետք է բնապահպանական նորմատիվները պահպանելով հանքը շահագործել. «Առավել եւս, որ ՀՀ վարչապետն ինքն էլ հայտարարեց, որ ընկերությանը հանքի լիցենզիայից զրկելու որեւէ հիմք չկա»:

«Համայնքից շատ երիտասարդներ այսօր գտնվում են ՌԴ-ում, մի փոր հացի համար մեկնել են՝ էնտեղ են աշխատում եւ ապրում: Զանգում են ինձ եւ ասում են, որ հանքը բացվի, մենք սիրով ետ կգանք, մեր ծնողների ու երեխաների հետ կապրենք մեր հողի վրա, չենք թողի անտեր: Ես դրան ի՞նչ պատասխանեմ»,- հարցնում է Սիմոն Բաբայանը:

Վերջին երկու տարիների ընթացքում համայնքը կրկին բավականին բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Ըստ համայնքապետի, «Լիդիան Արմենիա» ընկերությունում մարդիկ նվազագույնը 200 հազար դրամ աշխատավարձ էին ստանում, ընկերության աշխատանքների դադարեցումը խիստ բացասական է անդրադարձել մարդկանց սոցիալական վիճակի վրա: Ավելին, ընկերությունը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացրել՝ ասֆալտապատում, էլեկտրաֆիկացում, եղել են նաեւ առողջապահական ծրագրեր, տրամադրվել է դեղորայք, առանձին դեպքերում համայնքի տարբեր բնակիչների նաեւ ֆինանսական աջակցություն է տրամադրվել: Սարավանում 10-15 ընտանիք օգտվել են նաեւ փոքր ջերմոցային տնտեսությունների ծրագրից: Այդ ծրագրի շրջանակներում, տնտեսություններին տրամադրվել են պատրաստի ջերմոցային կառուցատարրեր: Համայնքապետը կարծում է, որ կառավարությունում պետք է այս ամենը կշեռքի նժարին դնեն եւ չմոռանան հաշվի նստել իրենց իսկ հայտարարած իրավական երկիր լինելու քաղաքականության հետ:

Առուստամ Առուստամյան

«Էդ մարդիկ աշխատելո՞ւ են, թե՞ ոչ, էդ ապօրինությունները վերանալո՞ւ են, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում հարցերին հարցերով պատասխանեց Գորայք համայնքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը, որը 2007 -ին Ամուլսարի հանքի հայտնաբերման հենց սկզբից եւ մինչեւ վերջերս ղեկավարել է Գորայք համայնքը:

«Էնքան ասել ենք. եկել են էստեղ՝ ասել ենք, տարբեր հարթակներում ասել ենք, արդեն հոգնել ենք: Ասողին լսող է պետք: Ասում են մի բան, անում՝ ուրիշ բան: Հիմա մենք ի՞նչ անենք: Ոնց որ փահլեվանի կռիվ լինի. սպասում են թե կողմերը ե՞րբ պիտի կռիվ անեն, ո՞նց կավարտվի կռիվը, նոր իրենք որոշե՞ն: Եթե պետություն ենք, օրինապահ երկիր ենք, իրավապահ մարմիններ գոյություն ունեն՝ իրենք իրենց գործառույթները պիտի անեն»,- իր վրդովմունքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեզ փոխանցեց Առուստամ Առուստամյանը:

Կառավարության կրավորական կեցվածքը, մեր զրուցակցի համար որեւէ բացատրություն չունի: Հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, որ կառավարությունը չունի ոչ մի հիմնավոր պատճառ՝ ընկերության լիցենզիան ետ վերցնելու եւ հանքի շահագործումը թույլ չտալու համար ու հնչեցրած կոչը՝ ճանապարհները բացել, որպեսզի մարդիկ գնան եւ աշխատեն: Ու չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է վարչապետի հայտարարությունն ու հորդորը մնում օդում:

Առուստամ Առուստամյանը հրաժարվում է իրավական-օրինական բնութագրել մի երկիր, որտեղ 20, 40 կամ թեկուզ 100 հոգի 500-1700 հոգու, կամ 3500 հոգու, եթե հանքը մեծ ծավալով սկսի աշխատել, աշխատանք են խաթարում. «Ընտանիքների մասին է խոսքը, այդքան ընտանիք է օգտվելու, եթե շնչերով բազմապատկենք՝ ընտանիքը չորս շունչ, տեսեք թե ի՞նչ թիվ է ստացվում: Այսքան մարդու շահերը եթե մի կողմ են դրվում 100 մարդու քմահաճույքի համար՝ չգիտեմ ի՞նչ ասեմ»:

Միայն Գորայք համայնքում աշակերտների թիվը 8-7 տասնյակից նվազել է հինգ տասնյակի. գյուղից արտագաղթում են, այն էլ երիտասարդները՝ ընտանիքներով: Միայն ընթացիկ տարում համայնքից ութ տնտեսություն է տեղափոխվել այլ բնակավայրեր: Նախկին համայնքապետը վստահ է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները վերասկսելուն պես բոլորն էլ կվերադառնան, քանի որ ոչ թե հաճույքի, այլ հանապազօրյա հացի խնդիր լուծելու համար են կողպել ծնողներից ժառանգած, իրենց քրտինքով շենացրած տների դռները եւ մայրաքաղաքում վարձով են ապրում:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930