Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարիկ Ղազարյանը հերքել է. բացառվում է, որ փաստաթուղթը հայտնվեր ինչ-որ օգտատիրոջ մոտ». Արմեն Խաչատրյան

Սեպտեմբեր 09,2020 17:58 Share

«Բացառված է, որ քննիչ հանձնաժողովի որեւէ փաստաթուղթ, արձանագրություն կամ տեղեկություն, որը պարունակում է պետական գաղտնիք, հայտնվի ինչ-որ օգտատիրոջ մոտ՝ անկախ նրանից, թե նա որ քաղաքական կուսակցության անդամ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Օրերս ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը, որը պատգամավոր Արման Բաբաջանյանի քաղաքական շարժման ներկայացուցիչ է, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեսել է հանձնաժողովի զեկույցի արձանագրություններից, որոնցում հերքվում է ջրի, զենքի, փամփուշտի խնդիրը. «Բայց ես հո գիտեմ, որ բարեկամս երկու օր Ջաբրայիլում փչացած տանկի մեջ է մնացել»:

Արմեն Խաչատրյանը նշեց. «Իմ դիտարկումն է, որ Գարիկ Ղազարյանը, հետեւելով մեր մամուլի ասուլիսներին, լսել է, որ քանիցս անուղղակի կերպով ասել ենք՝ նախնական անհրաժեշտության առումով զենքի, սպառազինության խնդիր հենակետերում չի եղել: Այլ է հարցը, թե հետագայում ինչ է տեղի ունեցել համալրումների հետ կապված: Այ այստեղ խնդիր եղել է: Այն, որ տանկերում ջուր է եղել, մենք ասել ենք, որ այդ հանգամանքը չի հաստատվել: Կարծում եմ՝ Գարիկ Ղազարյանը հետեւություններ է արել հարցազրույցներից, ինչը որակել է «արձանագրություն» բառով: Արձանագրությունն արդեն իսկ փաստաթուղթ է, եւ այն չէր կարող հայտնվել ինչ-որ անձի մոտ»:

Արմեն Խաչատրյանը նաեւ հայտնեց՝ ստուգում են անելու եւ փորձելու են հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել օգտատերը՝ «արձանագրություն» ասելով:

Ապա հավելեց՝ քիչ առաջ է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից տեղեկացել, որ Գարիկ Ղազարյանը հերքել է արձանագրության դրվագը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930