Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյան. «Թատրոնն օգնում է մարդկանց ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից»

Սեպտեմբեր 23,2020 13:52

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 99-րդ թատերաշրջանը բացում է նոր պայմաններով։ Մայր թատրոնը թատերասերների դատին կհանձնի ժամանակակից լուծումներով բացօթյա նոր ներկայացում` ըստ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոնի»: Վարկածի եւ բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները՝ Մարիամ Դավթյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Լիլի Էլբակյանը, Մարիամ Շահինյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Գասպարյանը, Գայանե Մողրովյանը:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պրեմիերայի առիթով կայացած ասուլիսում հայտնեց, որ իրենց բոլոր ծրագրերը համավարակի պատճառով փոխադրել էին առցանց տիրույթ, ի թիվս այլնի՝ ունեցել են համագործակցություն հայաստանյան 14 թանգարանների հետ, շուրջ 80 հաղորդում են նկարահանել: Եվ այժմ ուրախ են հանդիսատեսի դատին հանձնելու նոր բացօթյա ներկայացումը:

«Մենք ոչ թե ադապտացրել ենք ինչ-որ ներկայացում եւ բերել բաց տարածք, այլ հիմնական մեծ ներկայացում ենք արել, փոխել ենք նաեւ Մայր թատրոնի բակի մթնոլորտը, եւ կարծում ենք, որ մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասվում»,- հավաստիացրեց թատրոնի տնօրենը: Նշեց նաեւ կառավարության աջակցության մասին: Դրա արդյունքում մինչեւ տարեվերջ թատրոնը կունենա գերժամանակակից կաթսայատուն, ծախսերը կկրճատվեն, կվերանորոգվի ֆասադը, սանհանգույցները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, թե ինչու է կառավարության համար չափազանց կարեւոր Մայր թատրոնը եւ այնտեղ տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն: Նրա խոսքով, Մայր թատրոնը ավանդույթներ պահող եւ հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր եւ անսպասելի դրսեւորումներով է հանդես գալիս:

Փոխնախարարը հիշեցրեց, որ քիչ ժամանակ է մնացել Մայր թատրոնի 100-ամյակը տոնելուն, հետեւաբար շատ կարեւոր է նաեւ թատրոնի քաղաքակիրթ ֆիզիկական վիճակը: Նրա ձեւակերպմամբ, համավարակը փոխում է թատրոնի եւ հանդիսատեսի հարաբերությունը, պատմականորեն թատրոնը եղել է բաց, հրապարակային հանդիսություն, եւ այս համավարակով պայմանավորված`թատրոնը հետ է գնում դեպի իր խորը անցյալ, չկորցնելով իր հմայքը, անգամ երբ դուրս է գալիս բեմական տարածքներից:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ասաց, որ թատրոնը կարեւոր է, որովհետեւ այս աշխարհի փոքր մոդելն է: Հավելեց, որ չեն ուզում խոսել այն մասին, թե ինչ դժվարությամբ են հաղթահարում այն հարձակումը, որը նրա բառերով, ուղղված է մարդկության դեմ: Արմեն Էլբակյանը հավելեց, որ այս շրջանում թատրոնը սկսել է որոնել նոր արտահայտչամիջոցներ` հանդիսատեսի հետ շփվելու համար:

«Թատրոնը սկսվել է հրապարակից եւ նորից վերադառնում է հրապարակ: Շատ լավ կլինի այսպիսի պայմաններում բեմադրել, օրինակ, «Էդիպ արքան»…Նոր արտահայտչամիջոցները բերում են խաղարկման նոր կերպերի: Թատրոնը կարեւոր է, որովհետեւ օգնում է մարդկանց ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից»,-ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930