Հայաստանի նկարիչների միության նախագահի թեկնածու Արա Հաղթանակի Շահումյանը հրատապ հայտարարությամբ է հանդես գալիս՝ միության առաջիկա համագումարի և նախագահի ընտրությունների նախընտրական գործընթացում արձանագրված մի շարք խնդիրների և հնարավոր խախտումների վերաբերյալ։
Ընտրական գործընթացում թեկնածուի կողմից բարձրաձայնվել են մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են ընտրությունների օրինականությանը, թափանցիկությանը, հավասար մրցակցային պայմաններին և միության անդամների ազատ կամարտահայտման իրավունքին։
Մասնավորապես, մտահոգությունները վերաբերում են երկու առանցքային հարցի։
1. Էլեկտրոնային քվեարկության համակարգի խոցելիություն և միջամտության ռիսկեր
Կարդացեք նաև
Արա Շահումյանի խոսքով՝ առկա են հիմնավոր կասկածներ, որ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմը կարող է խոցելի լինել միջամտությունների, այդ թվում՝ արհեստական ձայների գեներացման և ընտրության արդյունքների խեղաթյուրման տեսանկյունից։
Թեկնածուն պահանջում է իրականացնել քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեի նույնականացման և օրինականության մանրակրկիտ ստուգում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով անկախ ՏՏ փորձագետների և համապատասխան վերահսկող մարմինների։
2. Հավասար մրցակցային պայմանների խախտում
Արա Շահումյանի գնահատմամբ՝ գործող ղեկավարության՝ Սուրեն Սաֆարյանի և վարչության որոշումներով, կանոնադրական դրույթների անտեսմամբ, կամայականորեն են սահմանվել նախընտրական քարոզարշավի ժամկետներն ու ընթացակարգերը։ Արդյունքում, ըստ թեկնածուի, սահմանափակվել են նախագահի թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունները։
Շահումյանը գտնում է, որ ընտրական մեխանիզմների հնարավոր խեղաթյուրումները և գործընթացի ոչ թափանցիկ կազմակերպումը չեն բխում Հայաստանի նկարիչների միության անդամների և մասնագիտական համայնքի շահերից։
Ինչո՞ւ է հարցը բարձրաձայնվում հենց այսօր
Ընտրական կանոնակարգը Հայաստանի նկարիչների միության կողմից տրամադրվել է այսօր՝ նոյեմբերի 17-ին։ Դրա ուսումնասիրությունից հետո Արա Շահումյանը հրատապ է համարել հանրային ուշադրությունը հրավիրել փաստաթղթում և ընտրական գործընթացում առկա խնդիրների վրա։
Հաշվի առնելով, որ նոյեմբերի 18-ից մեկնարկում է նախընտրական լռության շրջանը՝ թեկնածուն կարևորում է մինչև դրա մեկնարկը հանրությանը, մասնագիտական համայնքին և միության անդամներին իր մտահոգությունները ներկայացնելու անհրաժեշտությունը։


















































