Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան. «Ես ամաչում եմ այս պատմաբանների փոխարեն»

Սեպտեմբեր 28,2020 13:30
merujan

Հարցազրույց «Յոթ հայրենասերներ» ընդհատակյա կազմակերպության խորհրդի անդամ, բանաստեղծ Մերուժանի հետ

– Մերուժան, Նիկոլ Փաշինյանը 2020թ. սեպտեմբերի 21-ի իր ելույթում ասաց. «1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարեւոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ»: Այդպե՞ս է, դուք՝ անլեգալ գործողներդ, ի՞նչ էիք անում խորհրդային տարիներին:

– Ղարաբաղյան շարժման սկիզբը պետք է արձանագրել, որպես 1963թ. մայիսին տեղի ունեցած մի այցելություն, երբ Ղարաբաղ մեկնեցին երեք երիտասարդներ՝ «ՀԵՄ» ընդհատակյա կազմակերպության կողմից: Այն երիտասարդները՝ Վիգեն Ասատուրի Բաբայանը, Կարապետ Պողոսի Քիրամիջյանը եւ ես՝ Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանս: Այս պատմական առաքելության նկարագրությունը մանրամասնորեն ներկայացված է «Իմ զնդանները» գրքում, որից մի ամբողջական հատված տպագրված է «Արարատ» հանդեսում: Ի լրումն ասեմ, որ 2001-ի 9-րդ դասարանի «Քաղաքագիտություն» դասագրքում տպագրված Արմինե Հովհաննիսյանի հոդվածում նույնպես ներկայացված է 1963թ.-ին գործող «Յոթ հայրենասերների» մասին:

Ի դեպ, հիշեցնեմ, որ առաջին այցելությունը Ղարաբաղ հենց «Յոթ»-ի գործով դատապարտված վերոհիշյալ երեք հայրենասերներն են եղել:

Այս մասին հիշատակվում է նաեւ պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի կողմից, ում հետ հանդիպում են ունեցել հայրենասերները: Հիշեցնեմ, որ այն ժամանակ Բագրատ Ուլուբաբյանը աշխատում էր որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության մշակույթի բաժնի վարիչ:

– Մերուժան, անկեղծորեն ինձ զարմացրեցիր: Այսինքն, դուք եղել եք դասագրքերո՞ւմ: Այսօր էլ կա՞ք: Եվ կա՞ն մնացյալ ընդհատակյա գործող կազմակերպության անդամները:

– Մեր հայրենասիրական-ազգայնական գործունեության հետ կապված բազմաթիվ անուններ տարաբախտաբար դուրս են մնացել նորօրյա պատմության էջերից, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է վերանայել պատմական անցյալը, որպեսզի հիշարժան անուններն անտեսված չմնան: Ես համոզված եմ, որ գալու է ժամանակը, եւ պատմությունը յուրաքանչյուր մտավորական գործչի եւ հայրենասերի կընդգրկի իր փառավոր էջերում, եւ դրանով կխաղաղվեն աղմկարարները, որոնք իրենց են վերագրում մեծ Շարժման առաջնորդի հեղինակությունը:

– Ե՞րբ, երբ ձեր աչքի առաջ պատմությունը խեղվո՞ւմ է, ձեր շարքերը նոսրանում են:

-Ես գտնում եմ, որ հաճախ մոռացված անունները ի հայտ են գալիս եւ իրենց տեղը զբաղեցնելով պատմության մեջ, նորովի գնահատանքի են արժանանում: Մինչդեռ դեպի անհայտություն են գնում այն ազգային սնապարծները, որոնք հենվում են մեր անցյալի փառքերի վրա եւ իրենց են վերագրում առաջնորդական հանճարի դերը: Ես ափսոսում եմ, երբ այսօր նույնիսկ ազգային տոնախմբությունների ժամանակ չեն նշվում արժանապատիվ երախտավորների անունները: Ես ամաչում եմ այս պատմաբանների փոխարեն:
Ես նախապատվություն կտամ այն պատմաբանին, որ ճշմարտացիորեն կշեշտադրի այնպիսի երեւելի անուններ, ինչպիսիք են Գեւորգ Գրձելյանը, Գրիգոր Մեդնիկյանը, Վարագ Առաքելյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, եւ այլ երեւելիներ:

– Մի՞թե ներկայիս քաղաքական գործիչները չգիտեն վերոհիշյալ մեծերի անցած ուղին եւ գործունեությունը:

– Ես ցավում եմ, որ այսօրվա երիտասարդ քաղաքական գործիչները չեն գիտակցում, որ պատմությունը կերտվում է անցյալի էջերի վրա եւ դառնում տրամաբանական շարունակությունն այն գոյամարտերի, որոնց շնորհիվ կայացավ այսօրվա անկախությունը եւ առավելապես՝ վերջին հեղափոխությունը, որի առաջնորդը, ցավոք, լողում է քաղաքականության ջրերի սաղր մակերեսին: Երանի թե նա դույզն-ինչ տեղյակ լիներ այն ամենի մասին, ինչից բխում են Ղարաբաղյան շարժումը եւ մեր պետականության գոյությունը:

Ես գտնում եմ, որ ներկայիս քաղաքական գործիչները մի անգամ եւս պիտի արժանապատվորեն ուսումնասիրեն 20-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած այն նշանակալի իրադարձությունները, որոնց սկիզբը դրել էր մեծահանճար Նժդեհը, ում կյանքն ավարտվեց Վլադիմիրի քաղաքական բանտի սեւ խցերից մեկում՝ կարոտ հայրենիքին, ազգին եւ իր սիրելի ժողովրդին:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930