Լրահոս
Օրվա լրահոսը

«Կվերադառնաս, չէ՞, ես քեզ սպասում եմ»․ լուցկու տուփեր նվիրաբերած գյումրեցի աղջկա գրառումը

Հոկտեմբեր 01,2020 16:34

Այս օրերին Գյումրու տարբեր կառույցներում, անգամ փողոցներում սնունդ, դեղորայք, հագուստ է հավաքագրվում զինվորների ու Արցախի տուժած բնակիչների համար։ Որքան էլ պաշտոնապես հայտարարեն, որ բանակը սննդի կարիք չունի, միևնույնն է, մարդիկ՝ մտահոգ, շտապում են իրենց փոքրիկ լուման ու բարեմաղթանքները տեղ հասցնելու։

Մեծ քանակությամբ դեղորայք, հագուստ ու սնունդ ինքնաբուխ հավաքագրվել է նաև «Ֆլորենս Գյումրի» ռեստորանային համալիրի մյուզիք հոլում։

Aravot.am-ի հետ զրույցում «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը պատմեց, որ այս ամենը սեփական նախաձեռնությամբ է սկսվել։

«Նախաձեռնությունը սկսվել է 200 դոլարի չափով դեղորայքի գնումից, մարդիկ էլ, իմանալով այս մասին, միացան։ Ուզում եմ հատուկ առանձնացնել Լուսինե Իկիլիկյանին, որի միջոցով դրսի բարերարների ուղարկված հանգանակությամբ միայն 1500 եվրոյի դեղորայք գնեցինք։ Միասին գնացինք դեղատուն, այստեղ իմանալով, որ զինվորների համար ենք գնումներ անում, մեծ զեղչեր արեցին, ու իրենք էլ միացան նախաձեռնությանը։

Տուփերի միջից տարբեր բարեմաղթանքներ ենք հանում՝ ուղղված զինվորներին, ի դեպ, կա նաև հայհոյանք, օրինակ՝ գրված էր՝ ով տեղ չհասցնի Արցախ, ես նրա տիրու մերը․․․

Մենք հասկանում ենք այդ մարդկանց, այս օրերին պիտի շատ զգույշ լինել, նախաձեռնությունը պիտի համաձայնեցնել պատկան մարմինների հետ։

Եղան դեպքեր, երբ քաղաքացիները ցանկանում էին ինչ-որ բան փոխանցել, բայց չէին կարող գալ, մենք ինքներս իրենց խնդրանքով գնացինք ու փաթեթը բերեցինք։ 80 տարեկան մի տատիկ խնդրեց իր հավաքագրած օգնությունը բերել ռեստորան, նա մեղր, իր ձեռքով փակած մուրաբա, ծխախոտ, չոր սնունդ ու կոնֆետներ փոխանցեց։ Մոտ 15 րոպե լաց էր լինում ու խնդրում, որ մի քանի օրից նորից գնանք, նորից է օգնություն հավաքագրելու։ Տատիկը նույնիսկ տեղաշարժվել չէր կարող, ապրում է միայնակ, բայց հանուն զինվորների, կազմակերպել էր այս ամենը։

Եղան դեպքեր, երբ նորածին երեխայի հետ էին եկել, ու երեխայի ձեռքն էին տվել մանկական հագուստը։ Նորածիններ համար էլ սնունդ ու հագուստ է հավաքագրվել։ Գյումրու խանութներն էլ մեծ քանակությամբ նոր հագուստներ են տրամադրել, անուններ չեմ նշի, որպեսզի գովազդ չհնչի, չենք անում այս ամենը գովազդի համար։

Մենք դեմ ենք անգամ լուսաբանմանը։ Ասեմ, որ բերել էին «Շանել» բրենդային սապոգներ՝ տարբեր չափսերի․․․ Միայն 12 չափս ունեցել ենք «Շանելից», դրսից է ուղարկվել, բրենդային խանութներից մեկը տրամադրել է իր ողջ ունեցածը։

Նախաձեռնությունը չի դադարեցվելու, ինչքան հավաքվեց, ուղարկվելու է Արցախ։ Արդեն իսկ մեր հավաքագրված օգնությունը հասել է Արցախ, դեղորայքը՝ Արցախի հանրապետական հիվանդանոց, այսօր ևս կուղարկվի մեկ բեռնատար։ Մեզ օգնեց Solar.am ընկերությունն՝ իր բեռնատար մեքենաները՝ վարորդներով ու վառելիքով, տրամադրելով մեզ ու համագործակցելով ՊՆ-ի հետ։ Մեր մոտից վերցրեցին օգնությունը, հասցրեցին նշված վայր ու ժամեր անց տեսանյութեր ուղարկեցին՝ ապացույցն այն բանի, որ արդեն տեղ են հասցրել։ Մեզ միացել են նաև մեզ թվով երիտասարդ կամավորներ՝ Գյումրու ԵՆԿ հ/կ թիմն՝ իրենց կամավորներով»։

 

Կարեն Հարությունյանին հուզել է մի գրառում ։

«Մի երիտասարդ աղջիկ, որի սիրած տղան ամենայն հավանականությամբ առաջնագծում է, լուցկու տուփեր էր բերել, հատիկ-հատիկ փաթեթավորված էին ու նշված՝ ես քեզ սպասում եմ, շուտ արի, դեռ ճանապարհ ենք անցնելու․․․ Նա լուցկիները բերել էր՝ հույս ունենալով, որ դրանք կհայտնվեն հենց իր ընտրյալի ձեռքում։

Բոլոր այն մարդիկ, որոնք բարեգործություն են անում, չափից մեզ սիրով ու հաղթական ոգով, նվիրումով են բերել։ Շատ հիշարժան, հուզիչ տեսարաններ կային, որոնք կարելի էր նկարահանել ու ցույց տալ, դրանք հայրենասիրության յուրօրինակ դասեր են, բայց բոլորս հասկանում ենք, որ ցուցադրելու պահը չէ։ Կպահեմ իմ արխիվում ու մի օր կհրապարակեմ։

Բավարարված ենք, որ տեղ է հասել մեր օգնությունը»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, 12 գյուղերից ևս միացել են նախաձեռնությանը՝ տուփերի վրա գրելով՝ «Հաղթելու ենք»։

Gepostet von Karen Harutyunyan am Mittwoch, 30. September 2020

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները Կարեն Հարությունյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031