Լրահոս
Օրվա լրահոսը

Խրամատներում կուսակցական ու քաղաքական վեճեր չպետք է լինեն. մտավորականները հիշեցնում են՝ ամրոցները ներսից են քանդվում

Հոկտեմբեր 13,2020 15:20

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ասաց, որ երբեք իրեն իրավունք չի վերապահի գնահատական տալ ռազմական գործողություններին, որովհետեւ դա իր գործունեության տիրույթում չէ: Ռեժիսորի խոսքով, յուրաքանչյուր բանակ առաջին հերթին ուժեղ է իր թիկունքով, այսօրվա մահերն էլ են հանուն կյանքի, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել իրենց հայրենի հողում: «Մեր թիկունքը որեւէ մեկը չի կարող խարխլել, որովհետեւ յուրաքանչյուրն իր տեղում է»,-ասաց նա:

Հավելեց, որ իրենց թատրոնում ներկայացումներ են խաղում Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների համար, իսկ երիտասարդների կողմից սննդի եւ այնի հետ կապված հարցեր են լուծվում: «Շատ կարեւոր է հոգեբանական վիճակը: Թող որեւէ մեկին չթվա, թե այն ինչ կատարվել է կամ կատարվում է, հարցեր ու քննադատություն չի առաջացնում: Պատերազմ է, բոլոր հարցերը կարելի է տեղափոխել, պատերազմի ժամանակ կա մի կարեւոր սկզբունք՝ երկիրը դառնում է մի բանակ, իսկ բանակում հրամանները չեն քննարկվում: Պատերազմից հետո կգա մի ժամանակ, երբ կքննարկվեն, թե ինչ է կատարվել մեր երկրում տասնամյակների ընթացքում, իսկ մեր զինվորը պետք է տեսնի, որ միասնական ենք, եւ իրենք իրենց միասնականությունը թելադրում են մեզ: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր ուզածին»,-ասաց պարոն Բաբայանը:

Նրա ձեւակերպմամբ, լինում են պահեր, երբ գերլարումներ ենք ապրում, բայց հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ պարտավոր ենք միավորվել. «Շատ մեծ է նաեւ Սփյուռքի դերը, որին շնորհակալություն եմ հայտնում: Սա մեր բոլորի հայրենիքն է, պաշտպանենք հայրենիքը, տանք ուժ մեր զինվորներին, որպեսզի կկարողանանք արժանավոր կյանքով ապրել: Թշնամին մեզ ուզում է տեսնել պառակտված, մենք իրավունք չունենք արդարացնել թշնամու հույսերը»:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը եւս այն կարծիքին է, որ այսպիսի պահերին միասնականություն է անհրաժեշտ, եւ խրամատներում կուսակցական ու քաղաքական վեճեր չպետք է լինեն, ու, բարեբախտաբար, կուսակցությունները գիտակցում են դա:

Նրա խոսքով, մենք պետք է իմանանք, թե որոնք են մեր հակառակորդի գլխավոր եւ առանցքային փաստարկները, եւ դրանք հաշվի առնելով՝ անենք մեր քայլերը տարբեր հարթակներում. «Երեսուն տարի է, փորձագետները կարգին չեն խորանում խնդրում, կան դիվանագիտական, քաղաքական ձեւեր, որոնց օգնությամբ մեր բանաձեւերը կարող են տեղ հասցնել: Եթե իշխանությունները ինչ-որ նկատառումներով խուսափում են դրանից, ուրեմն դա պետք է անեն կուսակցությունները, Ազգային ժողովը եւ փորձագետները»:

Մանասյանը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է. «1991-94 թթ եւ դրանից հետո Ադրբեջանը տարել է ցեղասպան քաղաքականություն, իսկ մենք այդ ճշմարտությունը դեռեւս լիարժեք չենք ներկայացրել աշխարհին ու խնդիրներն արծարծել միջազգային հարթակներում»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Կարեն Աղամյանը ամրագրում է՝ կռվի դաշտում անպարտելի ենք, խիզախ, բայց թերանում են մեր քաղաքագետները. «Հույս ունեմ, որ այս անգամ նման բան չի լինի, նաեւ մտահոգություն ունեցա, որ ներսում չլինի անհամերաշխություն, թեեւ մենք շատ ամուր ենք»: Նա հավելեց, որ այս օրերին մանկավարժական համալսարանի իր ուսանողներն ու բուհի դասախոսները քնապարկեր են կարում, մեկ շաբաթ օր ու գիշեր աշխատում են առանց տրտնջալու. «Մեր ազգին հենց դա է հարկավոր, իսկ վերլուծություններ, թե ով է ճիշտ, ով է սխալ, հետո էլ կարելի է անել: Ասացվածք կա՝ ամրոցները ներսից են քանդվում»:

Ալեքսանդր Մանասյանը նորից է շեշտում՝ սա նախ եւ առաջ քաղաքակրթությունների պատերազմ է, եւ մեր փորձագիտական միտքը պարտավոր է ավելի խորը վերլուծություն կատարել, թե, օրինակ, ինչու է ԱՄՆ-ը հապաղում, ռուս փորձագետներն ինչու են ասում՝ մինչեւ Թուրքիան չանցնի Արաքսը, Ռուսաստանն իրավունք չունի խառնվելու. «Մինչդեռ Թուրքիան վաղուց է անցել է սահմանը՝ զորավարժություններով, օդուժը կառավարելով, պետք է նաեւ իմաստավորեն Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031