2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում ադրբեջանցիների կողմից մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվել է վանդալիզմի ավելի քան 1000 դեպք։ Բոլոր դեպքերի վերաբերյալ առկա է բավարար ապացուցողական բազա։ Այս մասին այսօր «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ի համատեքստում» քննարկման ժամանակ ասաց կովկասագետ, հասարակական գործիչ Հովիկ Ավանեսովը։
«Բոլոր դեպքերի վերաբերյալ առկա են ապացույցներ՝ արբանյակային լուսանկարներ, միջազգային հետազոտական կազմակերպությունների զեկույցներ, ադրբեջանական մեդիառեսուրսներում հրապարակված տեսանյութեր ու լուսանկարներ։ Այս ամենի ծավալը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։
Այս համատեքստում անդրադառնում ենք նաև այն հանգամանքին, որ արգելված զինատեսակների կիրառումը վնաս է հասցնում ոչ միայն կենսաբազմազանությանը և մեր բնական միջավայրին, այլև իր ազդեցությունն ունի ճարտարապետական ու շինարարական հուշարձանների վրա։
Կարդացեք նաև
Ունենք բազմաթիվ գյուղեր, որոնց պատմական գերեզմանոցների մերձակայքում կան բավականաչափ կանաչ, անտառածածկ տարածքներ։ Նույնը վերաբերում է նաև վանական համալիրներին։
Ստեփանակերտի հեռուստաաշտարակը, որը կառուցում է Ադրբեջանը, գտնվում է Գյուլուխանի վանքին մերձակա տարածքում։ Մեր դիտարկումներով ցույց ենք տալիս, որ վանքից առնվազն 100-150 մետր հեռավորության վրա շինտեխնիկայի կուտակումներ կան, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն այդ հատվածում ևս շինարարական աշխատանքներ է իրականացնելու՝ վնաս հասցնելով վանական համալիրին»,- ասաց Ավանեսովը։
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից աղվանական մշակույթի մասին առաջ քաշված կեղծ թեզերի ակտիվ շրջանառությանը՝ Ավանեսովը նկատեց.
«Սա նոր երևույթ չէ․ այն ձևավորվել է առնվազն 1960-ականներից։ Բայց եթե այն ժամանակ այս կեղծ թեզի աշխարհագրությունը սահմանափակվում էր Արցախով, Ուտիքով և Նախիջևանով, ապա առնվազն 2000-ականների սկզբից մինչև օրս ներառում է ամբողջ ՀՀ տարածքը, ինչպես նաև Վրաստանի տարածքում գտնվող տասնյակ հայկական եկեղեցիները։ Նույն վտանգն է սպառնում նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































