«Հանկարծ ոչ մի անկարգություն. շորերը փոխած խուժաններ կան արդեն, սադրում են, սադրանքների չտրվեք, սրանց կողմից դրված սադրիչներ են: Ուզում են կռիվ սարքեն, ուզում են, որ անպայման գզվռտոց լինի: Մատով չկպնեք անգամ ոստիկաններին»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նրա խոսքով՝ վերջիվերջո այսքան մարդ գալիս է ու գալու է միայն մի պատճառով՝ մենք թուրքին հող հանձնելու չունե՛նք:
Հարթակում նախկին ու ներկա պաշտոնյաները Փաշինյանին դավաճան են անվանում:
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի խոսքով՝ «Մենք բոլորս մեկն ենք, բայց եկավ մի ճակատագրական օր, մեկ մարդ մի գրիչով հարվածեց մեզ, դավաճանեց: Ինքն էր սիրում ասել՝ եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես: Այո՛, այդ դավաճանը, այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Մենք բոլորս միասին վերականգնում ենք հայ ազգի արժանապատվությունը: Մենք բոլորս միասին պետք է պահանջենք անցնցում, անարյուն իշխանափոխություն: Ես դիմում եմ ոստիկանապետին ու ոստիկանությանը, սիրելի՛ սպաներ եւ զինվորներ: Սա հայ ազգի, հպարտ ժողովրդի արժանապատվության պայքարն է, դուք պետք է կանգնեք մեր կողքին»: Մինասյանը նաեւ դիմեց ԱԱԾ-ին՝ հորդորելով միանալ:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Ո՞նց կարող է երկրի գլխավոր հրամանատարը չիմանա, թե որ օրն է Շուշին հանձնվել, ո՞նց: Ունեցիր թասիբ, Նիկոլ, հեռացիր: Այս պահին իր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, բայց մենք թույլ չենք տալու: Այս պահին հազարավոր մեր հայրենակիցներ գալիս են մարզերից այստեղ: Մենք մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Արցախը հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա»:
Տոնոյանը նույնպես հորդորեց սադրանքների չգնալ. «Սա նաեւ պարոն Ծառուկյանի հորդորն է ձեզ: Նա այս պահին ԱԱԾ-ում է, բայց անգամ այնտեղից բոլորին կոչ է անում լինել միասնական, լինել համախմբված, որովհետեւ մենք կորցնելու հայրենիք չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































