Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների ձերբակալությունից հաշված րոպեներ հետո Ազատության հրապարակը դարձավ բազմամարդ, իրավիճակը խիստ լարված է

Նոյեմբեր 11,2020 13:26

Լարված իրավիճակ է Ազատության հրապարակում, որտեղ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում հավաքվածներին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, որեւէ հիմնավորում չեն տվել ու ԲՀԿ պատգամավորները չգիտեն, թե ինչ պատճառաբանությամբ են տարել ԱԱԾ:

17 կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ազատության հրապարակում են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին բռնի ուժով հեռացրեցին Ազատության հրապարակից, բայց նա այս պահին նորից հրապարակում է: ՀՅԴ-ական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին բռնի ուժով, ձեռք ու ոտքից բռնած բերման ենթարկեցին: ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանին փորձեցին բռնի ուժով հեռացնել: Իվետա Տոնոյանը հունից դուրս եկավ՝ «Հրա՛նտն է Մադաթյան, առաջնագծից է գալիս, 40 օր առաջնագծում է եղել»:

Մինչ այդ բերման էին ենթարկել ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, Հայկ Մամիջանյանին, Միհրան Հակոբյանին եւ այլոց:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Թող ինձ, իմ գործընկերներին զրկեն պատգամավորական մանդատից ու ձերբակալեն, մենք էլ ինչի՞ ենք ապրում, երբ Արցախը հանձնվել է: Ձեր երեխաներն անիծվելու են, սպանեցիք էդքան երեխու գլուխ, թուրքին հայրենիք վաճառողնե՛ր»:

Հաշված րոպեների ընթացքում, երբ ոստիկանությունը սկսեց ձերբակալությունների շարք՝ Ազատության հրապարակը դարձավ բազմամարդ ու կարմիր բերետավորները հետ քաշվեցին մի փոքր՝ հարթակը զիջելով ցուցարարներին:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը բանակցում է ոստիկանության հետ՝ բացատրելով, որ երբ այսպիսի իրավիճակ է, «Հավաքների ազատության» օրենքով պետք է շարժվեն, անկախ ռազմական դրությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30