Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան․ «Արդեն ներքին ատելության սարսափելի մթնոլորտ է զարգանում»

Նոյեմբեր 13,2020 22:07

Հանրապետության հրապարակում հեռարձակված ատելության խոսքով, թշնամանք հրահրող տեսանյութը լայն քննարկման թեմա դարձավ, այն լուրջ քննադատության արժանացավ։

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով նման նյութերի տարածմանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ անընդունելի է ներկայիս իրավիճակում նման նյութեր հրապարակելը։ Ընդ որում, ըստ տիկին Սարգսյանի, խոսքն այն չէ, որ հանրային տարածքում ցուցադրվում է հայհոյանք պարունակող նյութ, այլ խնդիրն այդ նյութերի էության մեջ է․«Որովհետեւ նրանք ոչ մի բանով չեն օգնում կարգավորել իրավիճակը, վատթարացնում են հասարակության պառակտվածությունը։ Հիմա ժամանակն է քարերը հավաքելու»։

Տիկին Սարգսյանը, իր խոսքով ասած՝ ցավով է նշում ՝ մենք այդպես էլ չունեցանք հանրային հեռուստաընկերություն եւ երեւի դեռ երկար ժամանակ պետք է դրա մասին մոռանանք․«Խոսելով հանրային հեռուստատեսության մասին, ուղղակի պետք է առաջարկենք, որպեսզի վերադարձնենք պետական հեռուստատեսություն անվանումը՝ եթե ընդհանրապես այդ ճանապարհով գոնե գնան, որովհետեւ այսօր դա նույնիսկ ոչ թե պետական հեռուստատեսություն է, այլ՝ այն, ինչ անում են, դա շարունակությունն է քարոզչական միջոց լինելու։ Եթե պատերազմի ժամանակ դա ինչ-որ չափով կարելի էր հասկանալ դա, սա չի նշանակում, որ ես ամբողջովին ընդունում եմ դա, բայց կարելի էր հասկանալ՝ պատերազմ էր, բարդ էր իրավիճակը, միգուցե տեղեկատվությունը պետք չէր ամբողջովին տալ, որ ունենք հակառակորդ եւ տեղեկությունը տարբեր ձեւերով տարածվում է եւ այլն, բայց այսօր թե՝ ում համար կամ ում դեմ է ուղղված այս քարոզչությունը, հասկանալի չէ»։

Տիկին Սարգսյանն ասաց, որ մենք պետք է մտածենք մարդասիրական լուրջ հարցերի մասին, եւ լրատվամիջոցներն էլ այս գործում լուրջ դերակատարում պիտի ունենան, պետք է հարթակ լինեն՝ խնդիրը ներկայացնեն, որպեսզի իրավիճակը քննարկելու առիթ ստեղծեն եւ պատմություններով իշխանության ստիպեն աշխատել։

Նունե Սարգսյանը հիշեցնելով, թե արցախցիներն ինչ իրավիճակում են, Քարվաճառի բնակիչներն ինչպես են այրում իրենց տները՝ հեռանալուց առաջ․ խոսում է այն մասին, որ պետական կազմակերպված գործողություն չի եղել, մարդկանց հետ պաշտոնյաները չեն խոսել․«Ես խոսում եմ այս պահին իշխանության եւ լրատվամիջոցների պատասխանատվության մասին, որ այս բոլոր պատմություններն ազնվորեն պատմեն, հանրային քննարկման հարթակ դառնան, չհրահրել եւ չբարդացնել իրավիճակը։ Եթե չեն կարող լինել հանրային հեռուստաընկերություն, ապա չփորձեն բարդացնել այն, ինչ կա։ Արդեն ներքին ատելության սարսափելի մթնոլորտ է զարգանում՝ տարբեր սոցիալական դաշտերում, սոցիալական խմբերի եւ շերտերի միջեւ։ Պետք է ունենալ մարտավարություն լրատվամիջոցների համար»։

Նունե Սարգսյանն ասաց, որ այսօր տարբեր հարթակներում հաճախ նկատում է աղետ բառը, որով նկարագրվում է իրավիճակը, բայց պետք է  փորձել անել ամեն ինչ, որպեսզի ավելի մեծ աղետ չդառնա։

«Չեմ ուզում խոսել էթիկական նորմերի, արհեստավարժ լրագրության մասին, դրա մասին խոսելու տարածք չունենք՝ հոգեպես եւ մասնագիտորեն, հիմա իսկապես պետք է փորձել, որ լրատվամիջոցները դառնան հասարակության հնարավոր երկխոսության մաս։ Անվտանգության գոտու բնակիչների, Քարվաճառի բնակիչների հետ ոչ ոք երկար ժամանակ երկխոսության մեջ չի մտել, իրենք իսկապես չեն հասկացել,թե ինչ կարող է լինել, ամբողջ հասարակությունը չի հասկացել, թե ինչ կարող է լինել։ Խոսքը միայն վերջին տարիների իշխանության մասին չէ, 20-25 տարի մեզ հետ ազնիվ չեն եղել։ Հիմա գոնե պետք է դադարել ստել, սա ամենակարեւորն է, սուտը սարսափելի զենք է, դա հասարակության, մարդու էությունը սպանող զենք է»,-ասաց Նունե Սարգսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30