Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ադրբեջանցիները, ոգևորված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների թողտվությունից ու հաճախ աջակցությունից, փորձում էին նաև ՀԽՍՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը վնաս հասցնել՝ սպանություններ, գողություն, թալան։ Առաջնայինը վախի մթնոլորտ ստեղծելն էր, որ հետ կանգնեինք մեր պահանջատիրությունից։ Ներկայիս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Վահան սահմանապահ գյուղը, Վերին Ճամբարակն առաջիններից էին, որ դարձան թշնամու թիրախ։ Անասնագողությունը, որ եղել է ու մնում է քոչվորի հիմնական սովորություններից մեկը, հաճախ էր կատարվում նաև Ճամբարակի, այն ժամանակ՝ Կրասնոսելսկի շրջանի սահմանամերձ բնակավայրերում։
1990 թ. հոկտեմբերի 18-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ելուզակները, աջակցություն ստանալով խորհրդային բանակի ստորաբաժանումներից, հերթական փորձն արեցին՝ այս անգամ Վերին Ճամբարակի ուղղությամբ։ Նրանց հիմնական նպատակն էր տանել գյուղացիների անասունները և գերեվարել կարտոֆիլի դաշտերում աշխատող խաղաղ բնակիչներին։ Այդ օրերին մեր հանրապետությունում կազմավորվել էր Ներքին գործերի նախարարությանն առընթեր Հատուկ գունդը, որի մարտիկներից էր Վահան (խորհրդային տարիներին՝ հեղափոխական Օրջոնիկիձեի անունով կոչվող) գյուղի երիտասարդներից Գրիգոր Վազգենի Ճաղարյանը, ով մինչ այդ էլ իր շուրջն էր համախմբել գյուղի շատ տղաների՝ հայրենի եզերքը պաշտպանելու նպատակով։
Իմանալով թշնամու հարձակման մասին՝ Հատուկ գնդի՝ Կրասնոսելսկի վաշտի 10 մարտիկ՝ Կամո Մելքումյանի հրամանատարությամբ, առաջինն են դիմավորում թշնամուն, որը թվով բազում անգամ ավելի էր։ Կար նաև զենքի ու զինամթերքի պակաս։ Սակայն տղերքը դիմակայել էին, մինչև օգնության էին հասել այլ մարտիկներ՝ վաշտի հրամանատար Արմեն Ղանադյանի հրամանատարությամբ։ Այս խմբում էր նաև Գրիգոր Ճաղարյանը։ Մարտը շարունակվում էր, թշնամին մեծաթիվ էր՝ աջակցությամբ խորհրդային կանոնավոր բանակի զինվորների ու սպաների։ Մեր տղերքը փորձում են կենտրոնից շեղել թշնամու ուշադրությունը և հարձակման անցնել թևերից։ Իսկ թշնամին, չկարողանալով հասնել իր նպատակին, գործի է դնում ականանետը, սկսում է աշխատել ՊԿ գնդացիրը։
Կարդացեք նաև
Ականանետի արկի պայթյունից թևից վիրավորվում է Գրիգորը։ Ու այդպես վիրավոր՝ մենակ առաջ է անցնում սողալով՝ լռեցնելու թշնամու ականանետն ու գնդացիրը։ Մոտ 30 մետր հեռավորությունից իր մոտ եղած երկու նռնակը նետում է ականանետի ուղղությամբ ու ինքնաձիգով կրակ բացում գնդացրորդի վրա։ Ոգևորված իրենց մարտական ընկերոջ սխրանքով՝ մեր մարտիկներն անցնում են հարձակման ու մեծ վնաս հասցնելով թշնամուն՝ հեռու են քշում հայրենի սահմանից։ Թշնամու գնդացրից մոտ 10–15 մ հեռավորության վրա գտնում են հրազենային բազմաթիվ վերքեր ստացած իրենց հերոս ընկերոջ՝ Գրիգորի մարմինը։ Հերոսի ինքնաձիգի փամփշտակալը դատարկ էր եղել։
1990 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած այս մարտական իրադարձությունից ու Գրիգորի գործած սխրանքից հետո, որի արդյունքում անվնաս մնացին մարտական ընկերներն ու դաշտում աշխատող գյուղացիները, թշնամին մինչև 1993 թվականի գարուն այլևս Վահան գյուղի վրա լուրջ հարձակում չգործեց։ Իհարկե, դրանից հետո տարածքում սկսեցին հերթապահություն անել նաև կամավորական տարբեր ջոկատներ։
Միայն Արծվաշենի անկումից հետո՝ 1992 թ. օգոստոսին, սահմանապահ ուղեկալում հսկող վահանցի տղաներից զոհվեցին 6 հոգի՝ Գուրգեն Դանիելյանը, դպրոցի ուսուցիչներից Գարուշ Բրուտյանը, Մանուչար Ապրեսյանը, Հարություն Թորոսյանը, Կարո Խարատյանը, Սպարտակ Ապրեսյանը։
Նույն 1993 թ. գարնանը ՀԱԲ-ի «Ղարս» ջոկատի տղաների հետ 10 օրով Վահանում էի։ Նաև գյուղի շատ տղաներ էին դիրքերում։ Արծվաշենցիների ջոկատը նույնպես այստեղ էր։ Որպես լրագրող՝ նաև նյութեր էի հավաքում, զրուցում զինվորների, գյուղացիների հետ։ Այցելեցի դպրոց, որտեղ, չնայած ռմբակոծություններին, գյուղի վրա հարձակումներին, 180 աշակերտ դասի էին հաճախում։ Ու առանձնակի սիրով ու ցավով, ակնածանքով, հպարտությամբ էին բոլորը նշում Գրիգոր Ճաղարյանի մասին։
«Երկիր» թերթում հոդված գրեցի՝ «Վահան» վերնագրով։ Գրիգորի մասին գրել էի․ «Իսկ առաջին անգամ Վահանը սգաց 1990 թ. հոկտեմբերի 18-ին։ Ճամբարակը պաշտպանելիս մարտիրոսվեց 31-ամյա Գրիգոր Ճաղարյանը, որը չտեսավ իր չորրորդ զավակին՝ միակ դստերը։ Սգաց գյուղը, ալեկոծվեց ամբողջ շրջանը։ Այն ժամանակ թուրքի հետ նաև Կարմիր բանակն էր գործում, ու ռուսի գնդակից ընկավ Գրիգորը։ Ես էլ էի այնտեղ, – պատմում է եղբայրը՝ Վրույրը, – մեր տղաներից մեկը վիրավորվեց, մինչև մեքենայով հասցրի հիվանդանոց ու հետ եկա, չկար արդեն եղբայրս․ տղերքը դիակն էին բերում»։
Գ. Ճաղարյանը ծնվել է 1959 թ. հունիսի 25-ին ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Օրջոնիկիձե գյուղում։ 1966–1976 թթ. սովորել և ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Կամոյի (Գավառի) շինարարական տեխնիկումում՝ ստանալով շինարարի մասնագիտություն։ 1977–1979 թթ. Տոմսկ քաղաքում ծառայել է խորհրդային բանակում։ Վերադարձել է տուն ու 1980 թ. ամուսնացել Անահիտի հետ, որն ամուսնու մարտիրոսվելուց հետո գրել էր․
Մի մի վահան եք, խիզախ վահանցիք,
Ձեզնից պիտ դողա մեր նենգ դրացին,
Եվ որբ չունենա գյուղը մեր փոքրիկ,
Այս է խնդրանքս, իմ լավ վահանցիք․․․
Գյուղում ու տարածքում Գրիգորը վայելում էր անսահման հարգանք ու սեր․ բոլորը նրան ճանաչում էին որպես բացառիկ ազնվությամբ, ընկերասիրությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ օժտված անձնավորության։ Իսկ սկսվող պատերազմի օրերին աչքի ընկավ անսասան մարտական ոգով, բարձր խելամտությամբ և անսահման արիությամբ։ Հետմահու ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ Հատուկ գնդի մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Սխրագործության համար» մեդալով։
1997 թ. Արցախի Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղում բնակություն հաստատեցին նաև Գրիգորի հարազատները։ Գյուղի դպրոցը կոչվեց նրա անունով։ Վերջին տնօրենը Գրիգորի քույրն էր՝ Սուսաննա Մանուչարյան-Ճաղարյանը։
Հոր մասին դուստրը՝ Անուշը, որն ամուսնացել ու բնակվում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, գրում է․ «Կան օրեր, որոնք մնում են սրտում որպես չսպիացող վերք, որպես լուռ ցավ, որպես կարոտ, որի համար բառեր չկան… Հոկտեմբերի 18-ն ինձ համար այդ օրերից է։ 1990 թ. այս օրը պատերազմը խլեց հորս կյանքը։ Հորս՝ այն մարդուն, ում նույնիսկ չհասցրի տեսնել, ում աչքերին չհասցրի նայել, ում գրկում չհասցրի լինել, ում ձայնն այդպես էլ չլսեցի։ Հորս մասին հիշողություններ չունեմ, որովհետև կյանքը նույնիսկ այդ հնարավորությունը չի տվել։ Բայց միևնույն է՝ նա ապրում է իմ սրտում։ Չգիտեմ՝ ինչպիսին կլիներ կյանքը, եթե կողքիս լիներ հայրս… Չգիտեմ՝ ինչ զգացողություն է հոր ձեռքը բռնելը, նրա աչքերում ինքդ քեզ տեսնելը, նրա գրկում ապահով լինելը։ Չգիտեմ․․․ Այսօր այդ չարաբաստիկ հոկտեմբերի 18-ն է։ Եվ ես կրկին լուռ կխոսեմ նրանց հետ, ովքեր այլևս չեն կարող պատասխանել։ Կրկին կզգամ այն ցավը, որը ժամանակը չի կարողացել բուժել»։
Զոհրաբ Ըռքոյան




















































