Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ով ա էդ մարդը՝ ես ուզում եմ իմանամ». Նիկոլ Փաշինյան. խոսքի ու գործի հակասությունը

Նոյեմբեր 23,2020 22:11

«Ես ասել եմ, որ եթե բանակցությունների արդյունքում կլինի այնպիսի լուծում, որին ոչ թե ես հակված կլինեմ ասել՝ այո, այլ որին ես կմտածեմ, որ գուցե չարժի ասել ՝ ոչ, եթե կձեւավորվի այդպիսի տարբերակ՝ ես ԱԺ-ում էլ եմ ասել, ինչ պետք է հետեւի դրան՝ վերցնել այդ տարբերակը, գալ եւ առաջինը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հետ, երկրորդը՝ խորհրդարանների հետ եւ ժողովրդի հետ քննարկել»,- 2020-ի մայիսի 16-ին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հիշեցրեց. «Ես դեռ 2018-ին այնպիսի հրապարակային պայմանավորվածություն եմ կապել մեր ժողովրդի հետ, որ ընդհանրապես որեւէ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց են տալիս՝ իսկ կարող ա՞ Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա։ Էդ հարցը դուք ինձ չեք տալիս, այդ հարցը դուք ձեզ եք տալիս՝ իսկ դուք կարո՞ղ եք գնալ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցային սեղանի մոտ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին եւ ժողովրդին ներկայացնելով ասում է՝ եթե կլինի այնպիսի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, էդ ժամանակ էլի կգանք անվտանգության խորհուրդ եւ այլն»:

Այնուհետեւ նա նույն ասուլիսի ժամանակ այսպիսի դիտարկում արեց. «Ինչի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ով ա էդ մարդը՝ ես ուզում եմ իմանամ։ Եվ սա է ամենակարեւոր արձանագրումը»։

Այդ օրը ՀՀ վարչապետն ասաց, որ միտում է նկատում, որ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչերին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել՝ անընդհատ ասելով, որ վա՜յ, էս ինչ է տեղի ունենում։ Ու նման կաշկանդումով ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՀՀ ներկայացուցչները ականջները փակեն, ասեն մենք չե՞նք լսում կամ թողեն փախնե՞ն բանակցային սեղանի մոտից։ «Սա ի՞նչ մոտեցում է ընդհանրապես։ Ասում եմ՝ Ղարաբաղի հարց լուծողը հայ ժողովուրդն է եւ ես մեր սկզբունքները բազմիցս հրապարակել եմ»,- ընդգեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը կաշկանդված չէ բանակցային սեղանի մոտ եւ բոլորը, այդ թվում հայաստանյան որոշ ուժեր, չեն կարողանալու կաշկանդել իրենց։

Իսկ ինչ էր ասել դրանից առաջ վարչապետը՝ ղարաբաղյան հարցի մասին.

2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց ուղղեցին. «Պարոն Փաշինյան, երեկ Ազգային ժողովում Ձեր ելույթի ընթացքում Դուք նշեցիք, որ ղարաբաղյան հարցի կարգավորման առումով պետք է կոտրել կարծրատիպերը: Ի՞նչ նկատի ունեիք դա ասելով և Ձեր տեսակետը փոխզիջումների առումով»:

Վարչապետը պատասխանեց. «Փոխզիջումների առումով ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն և ասել եմ հետևյալը՝ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է կարծրատիպերին, կարծրատիպեր ասելով՝ այդ թվում նկատի ունենք բանակցային ֆորմատի շուրջ ձևավորված կարծրատիպը»:

Հետո ի հայտ եկավ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը:

Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ունեցած ելույթում վարչապետը հայտարարեց. «Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»:

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ դեռեւս սեպտեմբերի 27-ին ԱԺ հատուկ նիստում ռազմական դրություն հայտարարելուց հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի առաջ հետեւողական ու շարունակական պայման է դրվել ըստ էության՝ զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակային ճշգրտման. «Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաեւ հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ որեւէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Լինելու են հարցեր ու հարցադրումներ՝ արդյոք կարող էինք խուսափել ու ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից: Պիտի անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ ՀՀ խորհրդարանը արձանագրի, ուղիղ եմ հարց տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Պատգամավորները միաբերան պատասխանեցին՝ «ոչ»: Փաշինյանը արձանագրեց. «Չէի կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30