Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել

Դեկտեմբեր 10,2020 23:25

Այսօր ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են ներկայացրել՝ այդ մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան իրենց էջերում:

Ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյան

«Հարգելի գործընկերներ.

Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։

Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում, փորձել ենք հնարավորինս արդար և անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները և շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։

Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես և մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին և հարազատներին։ Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն և համախմբվածություն է  պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առաջ դրված խնդիրները և պատվով կատարենք դրանք, չէ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։

Ես հասկանում եմ մի պարզ բան.

Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ և պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչև վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է,  և սպառնում է երկրի ներքին և արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է և իմ բոլոր ծառայակից ընկերներիս և բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որևէ մեկի էմոցիոնալ և ոչ սթափ որոշումներով։ Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ  մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ և թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։

Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսևորի բարձր պատասխանատվության զգացում և իր լուման կներդնի մեր  Հայրենիքի խաղաղ և արժանապատիվ ապագան կառուցելու գործում։

ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ…»:

Ոստիկանության մայոր, Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ուզունյան

«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:

Սա հիրավի ծանր որոշում էր,  ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։

Աստված պահապան մեր Հայրենիքին»:

Ոստիկանության կապիտան Վան Գրիգորյան

«Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին,ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031