Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է իմանալ հակաօքսիդանտների մասին՝ չծանրաբեռնելով միտքն ու պահպանելով ախորժակը

Դեկտեմբեր 12,2020 23:02

Մեր հրապարակումներում բազմիցս է հանդիպում «հակաօքսիդանտներ» եզրույթը․ եթե վիտամինների ու հանքանյութերի մասին նյութերը ընթերցողների մեծամասնության շրջանում հարցեր գրեթե չեն առաջացնում, ապա հակաօքսիդիչների դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։

Նրանք, որոնք ծանոթ չեն այս եզրույթին, թերևս կմտածեն, որ ինչ-որ մի օգտակար սննդանյութի մասին է խոսքը, սակայն հակաօքսիդանտներն ավելին են, քան սովորական սննդանյութերը․ դրանք մեր օրգանիզմի ամենատարբեր գործընթացներին մասնակցող միացություններ են, որոնց մասին առավել մեծ տեղեկացվածությունը մեզ կօգնի ավելի լավ հոգ տանել սեփական առողջության մասին, ուստի Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում մեր այսօրվա հրապարակումը նվիրում ենք հակաօքսիդանտներին։

Ի՞նչ են հակաօքսիդանտները

Հակաօքսիդանտները միացություններ են, որոնք արգելակում են այլ մոլեկուլի օքսիդացումը։

Օքսիդացումը քիմիական ռեակցիա է, որը կարող է բերել ազատ ռադիկալների առաջացման՝ դրանով իսկ սկզբնավորելով այնպիսի շղթայական ռեակցիաներ, որոնք կարող են վնասել կենդանի բջիջներին։

Մարդու օրգանիզմը հակաօքսիդիչ միացություններ ստանում է սննդի միջոցով, ինչպես նաև արտադրում է հակաօքսիդանտային ֆերմենտներ՝ ազատ ռադիկալների շղթայական ռեակցիաները կարգավորելու համար։

Տարիների ընթացքում օրգանիզմի կողմից հակաօքսիդանտների արտադրումը նվազում է, և առավել արդիական է դառնում դրանք սննդի օգնությամբ ստանալը։

Ինչպես նշվեց, հակաօքսիդանտները կարևորագույն դեր ունեն մարդու առողջության համար․ դրանք պայքարելով ազատ ռադիկալների դեմ՝  դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։ Սակայն հասկանալու համար, թե ինչպես են հակաօքսիդանտները նպաստում առողջությանը, պետք է իմանալ, թե ինչպես են առաջանում ազատ ռադիկալները։

Ի՞նչ են ազատ ռադիկալները

Ազատ ռադիկալներն առաջին անգամ հայտնաբերվել են 1954 թ․-ին պրոֆեսոր Դենհամ Հարմանի կողմից, երբ վերջինս փնտրում էր ծերացման գործընթացի բացատրությունը։

Ազատ ռադիկալներն օրգանիզմում արտադրվող քիմիապես շատ ակտիվ մասնիկներ են, որոնց վալենտային օրբիտալում կա մեկ կամ ավելի չզույգված էլեկտրոն։ Դրանք արտադրվում են նյութափոխանակության, էներգիայի ստեղծման ժամանակ, երբ մենք մարզվում ենք, կամ օրգանիզմում բորբոքային գործընթացներ են առաջացել։ Ազատ ռադիկալների մոլեկուլում մեկ կամ ավելի չզույգված էլեկտրոն կա, որն էլ պատասխանատու է օքսիդացման համար։

Չզույգված մոլեկուլներն ակտիվորեն գրոհում են այլ մոլեկուլների վրա՝ իրենց պակասող մասնիկները լրացնելու համար։ Այդ ռեակցիաներն էլ անվանում ենք օքսիդացում։

Ազատ ռադիկալները մոլեկուլներ են «գողանում» սպիտակուցներից՝ վնասելով ԴՆԹ-ն ու բջջային այլ կառուցվածքները։ Դրանք կարող են ձնագնդու էֆեկտ ստեղծել՝ միմյանցից մելեկուլներ «գողանալով» ու վերածվելով ազատ ռադիկալի։

Ազատ ռադիկալները, որպես կանոն, կուտակվում են բջջաթաղանթներում (լիպիդների պերօքսիդացում), ինչը լիպիդային բջիջները նախատրամադրում է օքսիդատիվ վնասի։ Երբ դա տեղի է ունենում, բջջաթաղանթը դառնում է փխրուն, բջիջը մասերի է բաժանվում ու մահանում։

Ազատ ռադիկալները կապվում են ավելի քան 60 հիվանդությունների հետ՝ քաղցկեղ, Պարկինսոնի հիվանդություն, Ալցհեյմերի հիվանդություն, աթերոսկլերոզ, կատարախտ և այլն։
Եթե օրգանիզմը համապատասխան պաշտպանություն չի ստանում, դրանք ակտիվորեն տարածվում են, իսկ արդյունքում խաթարվում է բջիջների աշխատանքը։

Հենց դա էլ մեծացնում է հյուսվածքների վնասման ու տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը։ Եվ այստեղ խաղի մեջ են մտնում հակաօքսիդանտները, որոնք էլեկտրոնների դոնորներ են համարվում, քանի որ կարող են կոտրել ազատ ռադիկալների շղթայական ռեակցիան՝ «զոհաբերելով» իրենց էլեկտրոնները, սակայն չվերածվելով ազատ ռադիկալների։

Հակաօքսիդիչները բջիջների համար համարժեք պաշտպանություն են ապահովում թթվածնի ռեակտիվ տեսակների դեմ, կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը, պայքարում շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից։
Իսկ եթե չի ապահովվում հակաօքսիդանտների համարժեք հոսքը, օրգանիզմը ենթարկվում է օքսիդացման սթրեսի, որը հանգեցնում է հյուսվածքների և օրգանների արագ վնասմանը։

 

Հակաօքսիդանտների հիմնական առավելություններն են․

  • Այս միացությունները վերականգնում են վնասված մոլեկուլները– Հակաօքսիդանտների մի քանի եզակի տեսակներ կան, որոնք ընդունակ են վերականգնելու վնասված մոլեկուլները՝ «նվիրաբերելով» ջրածնի սեփական ատոմը։
  • Արգելափակում են մետաղների ազդեցությամբ առաջացող ազատ ռադիկալները– Որոշ հակաօքսիդանտներ օժտված են քելացիոն էֆեկտով․ դրանք կարող են «բռնել» թունավոր մետաղները, ինչպիսիք են, օրինակ, սնդիկն ու մկնդեղը, ամուր «գրկել» դրանք՝ կանխարգելելով քիմիական ռեակցիաները։ Ջրալույծ քելացիոն ագենտները թունավոր նյութերն օրգանիզմից կարող են դուրս բերել մեզի միջոցով։
  • Գեների էքսպրեսիայի խթանում և ներածին (էնդոգեն) հակաօքսիդանտների ստեղծում – Շատ հակաօքսիդիչներ կարող են խթանել գեներն ու ամրապնդել դրանց բնական պաշտպանությունը։
  • «Վահանի էֆեկտի» ապահովում– Հակաօքսիդանտների որոշ տեսակներ, ինչպիսիք ֆլավոնոիդներն են, վահանի դեր են ստանձնում՝ օգնելով պաշտպանվել ազատ ռադիկալների գրոհներից։
  • Կազմակերպում են քաղցկեղածին բջիջների «ինքնասպանությունը» – Որոշ հակաօքսիդատներ օժտված են հակաքաղցկեղային ազդեցությամբ, քանի որ կանգնեցնում են քաղցկեղի բջիջների աճն ու որոշ բջիջների հասցնում ինքնաոչնչացման (ապոպտոզ)։

Հակաօքսիդանտների տարատեսակները

Հակաօքսիդանտները դասակարգվում են մի քանի չափանիշներով։

Լուծելիության տեսանկյունից հակաօքսիդիչները դասակարգվում են որպես լիպիդներում / ճարպերում լուծվող (հիդրոֆոբ) կամ ջրի մեջ լուծվող (հիդրոֆիլ) միացություններ: Երկու տեսակն էլ անհրաժեշտ են օրգանիզմին։

Հակաօքսիդանտները լինում են ֆերմենտատիվ և ոչ ֆերմենտատիվ։

  • ֆերմենտատիվ հակաօքսիդիչները ճեղքում ու դուրս են բերում ազատ ռադիկալները։ Դրանք կարող են «լվանալ» օքսիդացման վնասակար արգասիքները՝ դրանք վերածելով ջրածնի պերօքսիդի, այնուհետև ջրի։ Դա տեղի է ունենում բազմաստիճան գործընթացի միջոցով, որի իրականացման համար անհրաժեշտ են շարք կոֆակտորների՝ ցինկ, պղինձ, մանգան և երկաթ։ Ֆերմենտատիվ հակաօքսիդանտները արտադրվում են օրգանիզմի կողմից։
    Օրգանիզմում ֆերմենտատիվ հիմնական հակաօքսիդանտներն են սուպերօքսիդդիս մուտազը, կատալազը, գլուտաթիոն պերօքսիդազը և գլութատիոն ռեդուկտազը՝ սելեն պարունակող ֆերմենտները։
  • Ոչ ֆերմենտատիվ հակաօքսիդանտները կոտրում են ազատ ռադիկալների ​​շղթայական ռեակցիաները։ Այդպիսիք են, օրինակ, կարոտինոիդները, վիտամին C-ն, E-ն, բուսական պոլիֆենոլներն ու գլուտաթիոնը։ Սննդային հավելումներում ու սննդամթերքներում պարունակվող հակաօքսիդանտների մեծամասնությունը ոչ ֆերմենտատիվ են, դրանք օգնում են ֆերմենտատիվ հակաօքսիդիչներին՝ իրականացնելով ազատ ռադիկալների «զինաթափման» առաջին քայլերը։ Դա թույլ է տալիս կանխել օրգանիզմում ֆերմենտատիվ հակաօքսիդիչների պաշարների սպառումը։

Հայաօքսիդանտները կարող են դասակարգվել նաև մոլեկուլների չափսերով․

  • Փոքր մոլեկուլներ ունեցող հակաօքսիդիչները մաքրում են թթվածնի ռեակտիվ տեսակները և դրանք դուրս բերում քիմիական չեզոքացման ճանապարհով։ Այս դասակարգման մեջ հիմնական խաղացողներն են C, E վիտամինները, գլուտաթիոնը, կոենզիմ Q10-ը (կոֆերմենտ), լիպոյաթթուն, կարոտինոիդները։
  • Խոշոր սպիտակուցային հակաօքսիդիչները սովորաբար վերը նկարագրված հակաօքսիդանտային ֆերմենտներն են, որոնք կլանում են թթվածնի ռեակտիվ տեսակները՝ թույլ չտալով դրանց հարձակումն օրգանիզմի անփոխարինելի սպիտակուցների վրա: Այդպիսի օրինակ է ալբումինը, որն իր վրա է վերցնում հարվածը՝ պաշտպանելով կարևոր ֆերմենտներն ու ԴՆԹ-ն։

Որ հակաօքսիդիչներն են կարևոր առողջության համար

Շատ կարևոր է չսահմանափակվել 1-2 տեսակի հակաօքսիդանտ ընդունելով։ Օրգանիզմին անհրաժեշտ է դրանց օպտիմալ քանակը։
Ինչպես արդեն ասվեց, որոշ հակաօքսիդանտներ արտադրվում են օրգանիզմի կողմից։

Այդպիսին է, օրինակ, գլուտաթիոնը օրգանիզմի ամենահզոր հակաօքսիդանտն է․ այս տրիպեպտիդը պարունակվում է մեր մարմնի ամեն մի բջջի կազմում։
Դրա հիմնական գործառույթը բջիջների ու միտոքոնդրիումների պաշտպանությունն է օքսիդացման սթրեսից։ Այն նաև կարևոր է օրգանիզմի դետոքսիկացիայի, էներգիայի ծախսման ու հիվանդությունների կանխարգելման հարցում։ Գլուտաթիոնը պաշտպանում է օրգանիզմը ճառագայթման, քիմիական նյութերի, շրջակա միջավայրի աղտոտվածության բացասական ազդեցություններից։

Կան հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտադրվում և դրանց աղբյուր են համարվում սննդամթերքներն ու հավելումները:

Այդպիսիք են՝

  • Ռեսվերատրոլ -պարունակվում է մի շարք մրգերի, հատկապես խաղողի, բանջարեղենի, կակաոյի, կարմիր գինու կազմում, այս հակաօքսիդանտը կարող է հաղթահարել արյունաուղեղային (հեմատոէնցեֆալիկ) պատնեշը՝ պաշտպանելով գլխուղեղն ու նյարդային համակարգը։
  • Կարոտինոիդներ– սրանք բնական պիգմենտներ են, որոնք օժտված են հակաօքսիդիչ հզոր ազդեցությամբ։

Այս միացությունները մթերքներին վառ գույներ են հաղորդում։ Գոյություն ունեն ավելի քան 700 տեսակի բնական կարոտինոիդներ, որոնք կարելի է բաժանել 2 խմբի․

  • Կարոտիններ, որոնք չեն պարունակում թթվածնի ատոմներ։ Օրինակ՝ լիկոպին (պարունակվում է լոլիկի կազմում), բետա-կարոտին (գազարի կազմում), որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի։
  • Քսանթոֆիլներ, որոնք պարունակում են թթվածնի ատոմներ։ Այդպիսիք են՝ լյուտեին, կանտաքսանթին (շիկասնկերը երանգավորող ոսկեգույնը), զեաքսանտին և աստաքսանտին: Զեաքսանտինը բնության մեջ լայնորեն տարածված հակաօքսիդանտներից է, որը հանդիպում է պղպեղի, կիվիի, եգիպտացորենի, խաղողի, նարնջի և այլ մրգերի ու բանջարեղենի կազմում։
  • Վիտամին C– այն հակաօքսիդանտների նախապապն է համարվում, առողջության համար մի շարք կարևոր առավելություններ ունի։ Որպես հակաօքսիդանտ՝ այս վիտամինը կարող է՝

Պայքարել օքսիդացման դեմ՝ հանդես գալով որպես էլեկտրոնների հիմնական դոնոր։
Բջիջներում ապահովել էլեկտրոնների օպտիմալ հոսք։
Պաշտպանել սպիտակուցները, լիպիդներն ու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող այլ մասնիկները։

  • Վիտամին Е – բնական վիտամին Е-ն ճարպալույծ միացությունների ընտանիք է, որի մեջ են մտնում տոկոֆերոլներն ու տոկոտրիենոլները։ Այս միացությունները հակաօքսիդիչ հզոր ազդեցությամբ են օժտված։ Սինթետիկ վիտամին E-ն ութ միացություններից միայն մեկն է պարունակում։

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ են․

  • Թարմ օրգանիկ բանջարեղենը,
  • Ծիլերը,
  • Մրգերը, հատապտուղները,
  • Ընկուզեղենը,
  • Խոտաբույսերն ու համեմունքները,
  • Օրգանիկ կանաչ թեյը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է, չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստելիս օգտվել ենք բժիշկ Ջոզեֆ Մարկոլայի հեղինակային նյութերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031