Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ լինելու մասին

Փետրվար 05,2021 22:44

Հայաստանում իշխանության եկողների պատահականությունը սկսվեց 1995-96-թվականների ընտրակեղծիքներով: Այս մասին այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Եթե այդ կեղծիքները չլինեին, իսկ այն ժամանակ կարելի էր այդ կեղծիքը չանել, այդ դեպքում մենք հիմա լրիվ ուրիշ ճանապարհի վրա կլինեինք եւ երկրի ղեկավարները լրիվ ուրիշ մարդիկ կլինեին, երկիրն էլ կլիներ լրիվ ուրիշ վիճակում: Ամբողջ շղթան սկսվեց այդ տարիներից»,- ասաց նա:

Անցած 30 տարիների ընթացքում քաղաքական համակարգի չկայացածության մասին հարցին եւ դիտարկմանը` պառլամենտական համակարգից «կայուն մեծամասնության» դրույթը հանելուց հետո հնարավոր կլինի՞ քաղաքական համակարգի կայացումը, մեր երկրում, ինչն էլ կերաշխավորի նոր նիկոլների իշխանության գալը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ անգամ վատ քաղաքական համակարգում պարտադիր չէ նիկոլփաշինյանների իշխանության գալը. «Ո՞նց եղավ այդպիսի մարդիկ հանկարծ իրար հետեւից առաջացան Լիբիայում, հետո Եգիպտոսում, Վրաստանում… դրանք կազմակերպված են: Եթե ուժեր կան, որոնք ուզում են օգտագործել դա, իրենք միշտ էլ մի հատ նիկոլ կգտնեն, իսկ եթե չկան այդ ուժերը, կարող է այդպիսի մարդ չգտնվի»:

Նա հիշում է, որ Հայաստանում քաղաքական համակարգի շուրջ վեճը սկսվել է 1991 թվականից եւ երբ այն ժամանակ իրենք իշխանության եկան`օգտվում էին սովետական համակարգերից ու ինչ-որ բաներից հրաժարվելու արդյունքում ի հայտ եկավ թերի Սահմանադրություն, որն էլ իր եւ Տեր-Պետրոսյանի վեճի հիմնական մասն էր, քանի որ Սահմանադրության հնարավոր չէր լինում հստակեցնել կառավարության եւ պառլամենտի պարտականություններն ու իրավունքները: Պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական համակարգ ընտրել բանավեճը սկսեց հենց այդ ժամանակ: Որոշվեց ընտրել նախագահական համակարգը`մինչեւ կուսակցությունները կկայանան: «Բայց տարիների ընթացքում կուսակցությունները ոչ թե զարգացան, այլ փչացան եւ դա նորից գալիս էր ընտրություններից, երբ մարդիկ համոզվեցին, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ առաջ գնալ, այդ ճանապարհը փակ է, սկսեցին կամաց-կամաց կուսակցություններից դուրս գալ: Եվ տեղի ունեցավ քաղաքական դաշտի դեգրադացիա»,- ասում է Վազգեն Մանուկյանը`դրանով բացատրելով հայաստանյան քաղաքական գործընթացներից շատ հայտնի կուսակցությունների դուրս մղվելը, որոնք նորանկախ Հայաստանում էական դերակատարում էին ունեցել:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, եթե կուսակցությունները երկրում զարգացած չեն`կառավարման համակարգի ընտրությունը որեւէ դերակատարում չի կարող ունենալ քաղաքական դաշտի կայացման եւ զարգացման վրա: Իսկ կուսակցությունների զարգացումը կախված է ընտրությունների մաքրությունից եւ ժամանակից, քանի որ եվրոպական երկրներում կան բազմաթիվ չգրված օրենքներ, ավանդույթներ, ընտրական որոնք ձեւավորվել են հարյուրամյակների ընթացքում:

Հայաստանում կրթական ցենզի մասին հարցին պատասխանելիս, Վազգեն Մանուկյանը ցավ հայտնեց, որ մեր «երիտասարդներն անգրագետ» են: Նա գտնում է, որ հայտնի խոսքերը`«պատերազմի ժամանակ հաղթեց մեր ուսուցիչը», մեզ համար պետք է ուղենիշ լինեն:

Նաեւ հարց հնչեց այն մասին, որ Վազգեն Մանուկյանը նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ է: Վազգեն Մանուկյանը պատասխանեց`ինքը հազարավոր մարդկանց ազդեցության տակ է. գիրք է կարդում, ֆիլմ է նայում`դրանց ազդեցության տակ է լինում, խելոքի հետ է զրուցում`ազդվում է, հիմարի հետ զրույցից էլ է ազդվում. «Նախագահների հետ ես խոսում եմ, վարչապետների հետ էլ եմ խոսում: Նրանցից ամեն մեկն ունի ունիկալ փորձ: Լսել մարդկանց`դա չի նշանակում ընկնել նրանց ազդեցության տակ: Եթե դու միշտ մի մարդու ես լսում, դու իր ազդեցության տակ ես ընկնում, եթե դու հազարավոր մարդկանց հետ ես խոսում, դու երբեւէ ազդեցության տակ չես ընկնում, որովհետեւ հազարավոր տարբեր մտքեր են գալիս-գնում, որոնք շատ կարեւոր են: Հա, ես խոսում եմ բոլորի հետ, վիճում եմ հետները, իրենցից բան եմ սովորում, իրենք էլ ինձնից են մի բան սովորում. դա շատ բնական բան է: Բայց չկա մի իրավիճակ, երբ մեկը մի բան է ասում`հեղինակություն է: Դու պիտի կարողանաս բոլորին լսել, բայց որոշումներն ընդունել ինքդ. կառավարումը դա է: Եթե դու մարդկանց չլսես`միշտ սխալ որոշում կընդունես. այն, ինչ հիմա տեսնում եք: Եվ երկրորդը, եթե դու բոլորին լսես եւ չկարողանաս որոշում ընդունել, դա էլ մյուս ծայրահեղությունն է: Այդ տեսակետից`այո`բոլորի հետ խոսում եմ, բոլորն էլ ինձ վրա ազդում են, բոլորի վրա ես եմ ազդում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728