Արգամ Սելիմյանը նոյեմբերին 28-ին պետք է 19 տարեկան դառնար: Նա չհասցրեց նշել 19-ամյակը, որովհետեւ զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում` հայրենիքի համար մղվող մարտերում: Քույրը՝ Մերին, որ նրանից մեկ տարով է փոքր, բայց սովորել են նույն դասարանում, հիշում է, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել է դեպքի օրը` հոկտեմբերի 29-ին, նույնիսկ ժամն է հիշում 18:18: Դրանից երկու ժամ անց եղբայրն անմահացել է: Բայրաքթարից է զոհվել, իսկ ինչքա՜ն երազանքներ ուներ:
Քույրն ասում է, որ եղբայրը չէր սիրում բարձրաձայնել իր նախասիրությունների մասին, քչերը գիտեին, որ շատ լավ նկարում է, իսկ կռվի դաշտում պարզվեց, որ նաեւ լավ երգում է: Մերիին հատկապես տպավորել էր եղբոր նկարած անվասայլակին նստած ծերունու նկարը:
«Ասում էի` Արգամ, նկարչության գնա, ասում էր` չէ, ի՞նչ նկարչություն… Ինքը կարատե ու բռնցքամարտ էր պարապում, բայց այդտեղ էլ իրեն չգտավ: Եղբայրս ավելի շատ սիրում էր մեքենաներ վերանորոգել եւ ճանապարհորդել»,-հիշում է Մերին:

Կարդացեք նաև
Հերոսի քույրը հրամանատարի ու եղբոր ծառայակիցների պատմածներ է հիշում. «Հրամանատարն ասում էր` Արգամը յուրահատուկ էր: Ասում էր` չգիտեի, որ լավ ձայն ունի եւ կարող այդքան լավ երգել.. մի օր նստած էինք, մեկ էլ սկսեց երգել… բոլորս ապշած էինք: Արգամը որպես վարորդ էր գնացել կռիվ, սակայն հրամանատարն ասում է` ամեն ինչ անում էր, օգնում էր հրետանավորներին, ազատ ժամանակ խրամատ էր փորում նաեւ շատ-շատերի կյանք է փրկել: Ընկերների ասելով` ինքն այնպիսի ճանապարհներով էր քշում մեքենան, որ մարդն էլ չէր կարող անցնել: Նման արագությամբ մարդկանց անվնաս մի կետից մյուսն էր հասցնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Մերի Սելիմյանը


















































