Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ արել է, կամ պետք է աներ Սերժ Սարգսյանը՝ կաներ միայն հայրենասեր եւ պետականամետ գործիչը». Մարգարիտ Եսայան

Փետրվար 16,2021 21:03

«Ալիեւը հոխորտում է, որովհետեւ նա գիտե, թե ինչ է պայմանավորվել կապիտուլյանտն իր հետ՝ ի վնաս Արցախի եւ Հայաստանի: Հակադարձում չի ստանում ու չի կարող ստանալ, քանի որ կապիտուլյանտի հետ իրենք ունեն պայմանավորվածություն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` երեկ արած հայտարարություններին:

Մարգարիտ Եսայանի կարծիքով, մեր հանրությունն առայժմ հանդուրժում է գործող իշխանությանը, սակայն վերջին բացահայտումները, որ գաղտնի պայմանավորվածություններ ունեն կապիտուլյանտն ու Ալիեւը, վկայում են, որ մենք դեռեւս կարող ենք կորցնել նոր տարածքներ, քանի որ չի բացառվում, որ կարող է լինել նոր գաղտնի փաստաթղթեր:

Մարգարիտ Եսայանն անդրադարձավ այն քննադատություններին, որոնք հնչեցին Սերժ Սարգսյանի հարցազրույցի առիթով.

«Նախագահն ասում էր, որ կար Կազանյան փաստաթուղթը եւ, որ Հայաստանի ղեկավարները միշտ առաջնորդվել են փոխզիջումների գնալու ճանապարհով, բայց որի դեպքում տալու էին շրջանները, որպեսզի ստանան կարգավիճակ, իսկ այս իշխանությունները տարածքները տվեցին 7000-ից ավել զոհերի գնով, Արցախի մեծ մասի կորուստով, տվեցին Հադրութն ու Շուշին, Սյունիքից տարածքներ եւ այսօր համարձակվում են կարծիք հայտնել՝ փորձելով մանիպուլյացնել նախագահի խոսքը: Թող նորից դնեն եւ հասկանան թե ի՞նչ է ասել նախագահը. մենք ունենում էինք անկախ Արցախ եւ Արցախի ժողովուրդը ինքն էր որոշելու իր ճակատագիրը ու այս ամենի ֆոնին փորձում են մանիպուլյացնել ժողովրդին:

Այն ինչ կատարվել է Շուռնուխի, Դավիթ Բեկի հետ, իրենց մեղքով է եղել եւ նախագահ Սարգսյանը շատ պարզ ասաց, որ ինքը ցանկացել է դառնալ վարչապետ, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծվի եւ խնդիրը չմնա հաջորդ սերունդների ուսերին»:

Արցախյան խնդրի կարգավորումն, ըստ բանախոսի, շատ բարդ փուլերով է անցել եւ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի, միշտ կառուցողական են եղել Հայաստանի նկատմամբ, իսկ այն հաջողություններին, որոնց մենք հասել էինք Կազանում, կարող էր տանել Արցախի անկախության, սակայն Ադրբեջանը հրաժարվեց:

«Եվ այն ինչ արել է, կամ պետք է աներ Սերժ Սարգսյանը  կաներ միայն հայրենասեր եւ պետականամետ գործիչը:
Եվ ցավոք հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի խնդիրը ոչ թե լուծվի ի նպաստ Հայաստանի, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի:
Իշխանափոխությունը տեղի ունեցավ որոշ ուժերի ուղղորդմամբ, եւ այդ մասին նշեց նախագահը»,- ասաց Մարգարիտ Եսայանը: Հարցին`ո՞ր ուժերի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Երբ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն եւ Նիկոլն ու իր համախոհները  կկանգնեն դատարանի առաջ, մենք բոլոր հարցերի պատասխանները կստանանք: Բայց հիմա առաջնահերթ խնդիրը սրանց իշխանությունից հեռացնելն է, քանի որ չեմ բացառում, որ մի օր կարող է նոր փաստաթուղթ ի հայտ գա, որով զիջում ենք Սյունիքից կամ Երեւանից ինչ-որ հատված»:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի արդյունքում մեր երկրում ստեղծված իրավիճակը, ըստ նրա, «Հայրենիքի փրկության շարժումը» չկարողացավ գեներացնել, քանի որ բնակչությունը գտնվում էր ցավի մեջ. «Այսքան տարիների ընթացքում ժողովրդի վզին փաթաթված ատելությունը թույլ չտվեց շարժմանն արդյունքի հասնել:

Իշխանականների ակտիվությունն ինչ-որ տեղ հասկանալի է նախագահի հարցազրույցից հետո, սակայն անհասկանալի է ընդդիմադիրների կեցվածքը: Բոլորի նպատակը պիտի լինի համախմբումը:  Նիկոլին  հեռացնելուց հետո արդեն կարող են բաժանվել եւ պայքարել իրար դեմ»:  Ըստ Մարգարիտ Եսայանի, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մշտապես բանակցել են Արցախի կարգավիճակի մասին եւ ճիշտը հարցի փաթեթային լուծման տարբերակն է, ոչ թե փուլայինը:

«Նիկոլին իշխանության բերած ուժերը դեռ շարունակում են դոմինանտ լինել եւ Նիկոլին դեռեւս պահում են, իսկ հողերի հանձնման գործընթացը շարունակվում է»,- ասաց նա` հավելելով, որ այն ուժերը, որոնք մասնակցել են իշխանափոխությանը, հիմա հետողորմյա են անում, եւ այսօր ընդդիմություն են դարձել. «Կարծում եմ, այդ ուժերը պետք է մնան այն դիրքում, որը նախապես ընտրել են»:

Փետրվարի 20-ին, «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրված հանրահավաքին, բանախոսի կարծիքով, բոլորը միասնականորեն պետք է պահանջեն Նիկոլի հրաժարականը եւ հասնեն դրան` ցանկացած գնով, ոչ թե հավաքվեն ու վերադառնան. «Մենք այս գործընթացին պետք է հասնենք այնպես, որ պետությունը ցնցումների չհանգեցնեն: Որոշ փորձագետներ ասում են, որ ապստամբությունն էլ է սահմանադրական հնարավորություն, դա էլ է կամարտահայտման ձեւ:

Սակայն անձամբ ինձ համար, Նիկոլին հեռացնելու ցանկացած ձեւ ընդունելի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728