Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան․ «Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրվա եւ դրան նախորդող բազմաթիվ ելույթներ հիմք են տալիս պնդելու՝ կարող են լինել հիմքեր առնվազն քրեական գործ հարուցելու համար»

Փետրվար 22,2021 22:45

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ոչ միայն ոչ միայն շաբաթ օրվա ելույթը, այլեւ դրան նախորդող բազմաթիվ ելույթներ հիմք են տալիս պնդելու, որ, այո, նման հիմքեր կարող են լինել առնվազն քրեական գործ հարուցելու եւ մնացած դետալներն էլ քննելու համար։ Aravot․am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն՝ Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»։

Վազգեն Մանուկյանը շաբաթ օրն իշխանություններին հեռացնելու մասին խոսելիս, նշել է․ «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Նինա Կարապետյանցի խոսքով․ «Ես էլ եմ պնդում, որ մարդիկ ապստամբելու իրավունք ունեն, բայց խոսքը չի կարող վերաբերվել ապստամբություն իրականացնող մարդկանց հասցեին ահաբեկիչներ հայտարարողներին, եւ հատկապես այն ուժերին, ովքեր Մարտի 1-են իրականացրել, նրանց, ովքեր Հայաստանում սպանդ են իրականացրել, գնդակահարել են մարդկանց, խոսքը չի վերաբերում այն մարդկանց,ովքեր մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի գործողություններին։ Այդ ուժերը ապստամբության մասին խոսելու ո՛չ իրավական, առավելեւս ո՛չ էլ բարոյական իրավունք ունեն։ Այդ մարդկանց տեղը շատ վաղուց պետք է լիներ քրեակատարողական հիմնարկներն՝ առնվազն հեղափոխությունից անմիջապես հետո»։

Տիկին Կարապետյանցն ընդդիմության բազմաթիվ հայտարարություններ վիճահարույց եւ շատ անհանգստացնող է համարում․«Որովհետեւ, եթե Վահան Բադասյանի պարագայում մի մարդու հայտարարություն էր, այս դեպքում մի քանի կուսակցությունների համախմբում է, որոնց մի մասի մասնակցությամբ տարբեր կարգավիճակներում տարբեր պաշտոններ են զբաղեցրել ժամանակին, կուսակցությունները կոալիցիաներ են կազմել, այդ մարդկանց ժամանակ տեղի է ունեցել հոկտեմբերի 27 եւ Մարտի 1, նրանք այն մարդիկ են, որոնք ոչ միայն փորձ ունեն ահաբեկչության սեփական ժողովրդի նկատմամբ, այլ նաեւ դա մարսել են։ Իսկ եթե դու հանցագործությունը մարսում ես, դա նշանակում է, որ հաջորդը կլինի ավելի ցինիկ ու դաժան ու ավելի ծանր հետեւանքներով, հատկապես նաեւ հաշվի առնելով այն, որ նրանք այն մարդիկ են, ովքեր վերջին ժամանակներում խոսում էին նաեւ Հայաստանի սուվերենության կորստի մասին, այսինքն` քննարկվում է Հայաստանն այլ երկրի կազմ մտնելու մասին։ Ես այլեւս կասկածներ չունեմ, որ նրանք ունակ են ամեն ինչի։ Հետեւաբար, իշխանությունները պետք է մտածեն ոչ թե իրենց անվտանգության, իրենց հետագա պաշտոնավարման մասին, այլ՝ պետության, պետականության, սուվերենության մասին եւ այդ բնույթի այլ հարցերի մասին։ Այստեղ պետականության լինել- չլինելու խնդիր է։ Ես կարծում եմ, որ այս իշխանություններն ի վիճակի չեն այդ ծավալի խնդիրը ոչ հասկանալու եւ ոչ էլ լուծելու»։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» երեկվա հաղորդման ժամանակ ասել է․ «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պահում է ոչ թե շենքերը, այլ պետականությունը եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Այս առնչությամբ էլ Նինա Կարապետյանցն ասաց․«Մասնակի համաձայն եմ, որովհետեւ պետությունը ունի կառույցներ եւ պետական կառույցների պաշտպանությունը, հատկապես առանձին կառույցների, մեծագույն խնդիր է եւ պատասխանատվություն։ Ես հուսամ ոչ ոք նման արկածախնդրության չի գնա, եւ չի ստեղծի իրավիճակ որտեղ հնարավոր կլինի ավելի կոշտ գործողությունների գնալու։ Ինձ համար դա ընդունելի չէ։ Բայց ցավոք, պետությունը ոչ թե մոնոպոլ իրավունք ունի, այլ այստեղ կարծես իշխանությունները մի տեսակ շատ են տեղավորվել իրենց պաշտոններում ու չեն հասկանում, որ ժողովուրդն էլ ապստամբելու իրավունք ունի։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ իշխանությունները գործողությունների են գնալու իրենց պաշտոնավարո՞ւմը շարունակելու համար, թե՞ պետությունն ու պետականությունը, սուվերենությունը պաշտպանելու համար։ Ի՞նչն է լինելու սրա հիմքում, սա ամենակարեւորն է, շենքեր գրավելու ցանկություն հայտնողները ինչ նպատակ ունեն՝ պաշտո՞ն գրավելու, թե՞ պետությունն ու պետականությունը պաշտպանելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728