Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասելով «այսօրվանից վերջ թավիշին»՝ ենթադրվում է, որ համբերեք եւս 3 տարի, խաբելու նոր ձեւ է». Սոֆյա Հովսեփյան

Մարտ 03,2021 18:06 Share

Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Սոֆյա Հովսեփյանի հետ կապված ասել էր, որ նա «Իմ քայլով» պատգամավոր է դարձել, հետո պառակտվել, հետո էլ համախմբման կոչ է անում: Այսօր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց Ալեն Սիմոնյանին հարգել պատգամավորի իրավունքները. «Ես ունեմ այդ իրավունքը որոշում կայացնելու»:

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ հեղափոխության առաջին օրից է միացել իրենց, պատահական չի հայտնվել խորհրդարանում. «Եթե «Իմ քայլը» չլիներ, ես թեկնածություն չէի դնի այլ կուսակցության հետ: Այն կուսակցության հետ եմ դրել, որի հետ նպատակահարմար եմ գտել, որ ճանապարհ կանցնեմ: Ինձ ընտրել են՝ որպես Սոֆյա Հովսեփյան: Երբ որ համարել եմ, որ «Իմ քայլը» սկսել է շեղվել այն ճանապարհից, որը դրել էր ի սկզբանե իր առաջ, գործել եմ իմ խղճի համապատասխան»:

Սոֆյա Հովսեփյանը գտնում է, որ ՀՀ բոլոր նախկին նախագահները, որոնք երկիրն այս վիճակի մեջ են դրել, պետք է համախմբվեն եւ այս վիճակից դուրս բերեն, կամ պետք է քաղաքական դաշտից մաքրվեն:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօրվանից վերջ է լինելու թավիշին: Սոֆյա Հովսեփյանն այս առնչությամբ ասաց. «3 տարի շարունակ լսում ենք՝ «վերջ թավիշին» արտահայտություն: Դա մտել է արդեն մանկապարտեզ եւ ծիծաղելի է, երբ «թավիշ» գեղեցիկ բառը դարձել է արդեն այդքան ոչ արժեքավոր բառ: Անկարողությունը թավիշի հետ մի շփոթեք: Եթե ասում են՝ դավաճանություն, թալան եւ չեն կարող դրանք ապացուցեն, դա նշանակում է անկարողունակ են, չունեն համապատասխան մասնագետներ, քննիչներ ու դատախազներ, կամ ունեն, ովքեր ցանկություն ուղղակի չունեն աշխատել: Ասելով այսօրվանից «վերջ թավիշին»՝ ենթադրվում է, որ համբերեք եւս 3 տարի, խաբելու նոր ձեւ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031