Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար…Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել». Փաշինյանի ելույթը

Մարտ 01,2021 19:55

Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաք-երթը` Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ նախ հարգել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետեւ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Իր ելույթում Փաշինյանն ասաց, որ դժվար ժամանակներ են, մտահոգվելու ու անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունեն, բայց ուզում է, որ այս գարնան առաջին օրը իրար լիցքավորեն դուխով, հավատով, լավատեսությամբ:

Փաշինյանն անդրադարձավ այն լուրերին, որ Հանրապետության հրապարակում մարդկանց բերել են, ոչ թե եկել են իրենց կամքով. «Այդ հարցին պատասխանելու մի ձեւ կա. «Հրապարակի հավաքականությունը՝ առաջին շարքից մինչեւ վերջին շարքը ինչպես են մարդիկ մասնակցում ու հաղորդակցվում հարթակի հետ: Մենք այսօր գարնան առաջին օրը պիտի ցույց տանք, որ ինչպես կայինք, կլինենք միասին՝ որպես ՀՀ հպարտ, հաղթական, լավատես, դուխով քաղաքացիներ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նորանոր մարտահրավերներ կան, որոնք ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ ու դրանց կառավարումից է կախված մեր երկրի ու ժողովրդի ապագան. «Հիմա հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Անկախության 30 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր է տեսականորեն ու գործնականում: Վերջին 2 տարի, 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Իհարկե, այդպիսի կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարեւոր է, թե ինչու ենք մենք սխալվել, ինչու է սխալվել մեր կառավարությունը, մեր թիմը քաղաքական: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ՝ ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության: Երբեմն իրավիճակի բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի եւ վատթարագույնի միջեւ, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը: Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ ու մինչ ջանքեր ենք գործադրել դրա համար, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունը այնքան արմատացած է, այնքան խորը, որ ընտրությունը անբեկանելի ու անշրջելի է, ու լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը»:

Փաշինյանն ասաց, որ որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար ուզում է մեր ժողովրդից ներողություն խնդրել Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների դիմաց. «Մենք, ՀՀ հպարտ քաղաքացիներս երբեք չե՛նք հանձնվի՝ հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարի: Կունենանք այնքան կամք ու հաստատակամություն, այնքան սեր ու վճռականություն, որ հետեւողականորեն կաշխատենք, հետեւություններ կանենք անկախությունից ի վեր մեր արած բոլոր սխալներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031