Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, hասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»

Մարտ 07,2021 23:27

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը

19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում:
Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք:
Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ:

Նաիրին վիրավոր էր, 250-300 հոգանոց ջոկատը Ֆիզուլիի տարածքում հայտնվել էր ծուղակում և ռմբակոծվել թշնամու կողմից:
Երբ թշնամու ջոկատն արդեն գերեվարում էր ողջ մնացած 40-50 հոգի մեր զինվորին, Նաիրին, ով թեթև վիրավոր էր, կարող էր դեռ փրկվել, հրաժարվեց գերի ընկնելուց, հասցրեց հեռախոսը փոխանցել գերության մեկնող ընկերոջն ու ասել.
-Եթե ողջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ…
Նաիրին մինուճար էր, որբությամբ մեծացած…..
Թշնամու զինվորները տեղում գնդակահարեցին Նաիրիին, մյուս վիրավորներին, ապա՝ գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցին:
Մնացորդները փաթաթեցին ցելոֆանի մեջ, հողի մեջ թաքցրին:

Ամիսներ շարունակ հարազատները Նաիրիին փնտրում էին ողջ մնացած գերիների մեջ, սպասում նրա վերադարձին… գերության տարված ընկերները հնարավորություն չունեին պատմելու նահատակված ջոկատի մասին…
Օրեր առաջ նրանցից մեկը, ում հեռախոս էր տվել Նաիրին, վերադարձավ. պատմեց… Նաիրիին ու մյուսներին սկսեցին փնտրել զոհերի մեջ…  ու՝ գտան…

Այսօր հուղարկավորելիս մարդիկ նկատեցին մի մեծ արկղ, զարմացան, որ դա էլ պետք է դրվեր Նաիրիի կողքին:
Պարզվեց՝ սեպտեմբերի 26-ին մայրն էր պատրաստել այն՝  ուղարկելու ծառայող որդուն. քաղցրավենիք էր, շոկոլադի սալիկներ, չոր մրգեր:
27-ին զանգահարել էր որդուն, հարցրել, թե ի՞նչ հասցեով ուղարկի. Նաիրին մորն ասել էր՝ պատերազմ է սկսել, մամ, չուղարկես, չգիտեմ՝ մեզ ուր կտանեն…

Մայրը խնամքով պահել էր արկղը, որ նրա 20-ամյակին՝ հունվարին ուղարկեր…
Ուղարկեց:

Ինչպե՞ս ասես՝ ննջիր խաղաղությամբ. հողը տնքում ու եռում է վրեժի ծարավից….
Հավերժ փառք, հերոս…

Արմինե Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031