Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հայհոյանք եք հասկացե՞լ, «ք»-ի տա՞կ»․ Նիկոլայ Բաղդասարյանի արձագանքը, երբ հարցրինք, թե ինչու է «լայքել» հայհոյանքով գրառումը

Մարտ 19,2021 20:22

Առցանց հարթակում երեկվանից տարածվում են էկրանապատկերներ, ըստ որոնց՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը «ֆեյսբուքյան» գրառմամբ հայհոյել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը միջադեպի հետ կապված հայտարարություն էր տարածել։

Ընդ որում, ըստ տարածված էկրանապետկերների ու հրապարակումների՝ հայհոյանք պարունակող գրառումը հավանել են ՔՊ-ականներ, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Այսօր խորհրդարանում Aravot.am-ը զրուցել է Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Նա նախ զարմացավ, երբ հարցրինք, թե ինչու է «լայքել» հայհոյանք պարունակող գրառումը, ապա նայեց էկրանապետկերը։ Բաղդասարյանն ասաց․ «Ես հայհոյանքները չեմ հավանում, այսինքն՝ դեմ եմ հայհոյանքին, դեմ եմ բռնությանը։ Երկու կողմերի հետ էլ ընկերական հարաբերությունների մեջ եմ, բայց ՀՀ-ում պետք է պաշտպանված լինի այդ թվում մարդու անձնական կյանքի իրավունքը»։ Ապա՝ նշեց․ «Լայքել եմ զուտ նկարը եւ այդքան էլ ծանոթ չեմ, թե ինչ է ասել ՄԻՊ-ը»։

-Պարոն Բաղդասարյան, տեսե՞լ եք, որ դուք «լայքել» եք հետեւյալը՝ «հարգելի պատճառով *** մարդու իրավունքների պաշտպանին»։ Այսինքն, տեսե՞լ եք, որ հայհոյանք պարունակող գրառում եք հավանել։ Խոսքը դրա մասին է։

(Զրուցակիցս կրկին վերցնում է հեռախոսս ու դիտում գրառման էկրանապետկերը)

Նիկոլայ Բաղդասարյան-Այդտեղ հայհոյանք բառ չկար․․․

-Խնդրում եմ մի հատ էլ նայեք՝ նկարի վերտառությունը նայեք։

Նիկոլայ Բաղդասարյան-հա, կետեր են․․․

-Հա․․․

Նիկոլայ Բաղդասարյան-ճիշտն ասած՝ չեմ կարծում հայհոյանք է։ Դուք կարծում եք հայհոյա՞նք է։

-Բոլորը սրա մասին են խոսում երեկվանից։

Նիկոլայ Բաղդասարյան-չգիտեմ ովքեր են բոլորը, անձամբ ես չեմ լսել, որ որեւէ մեկը դրա մասին խոսի։ Ես այդտեղ հայհոյանք բառ չեմ տեսել։ Դուք որտե՞ղ եք տեսել։

-Մեջբերում եմ՝ «հարգելի պատճառով «ք», բազմակետեր»։ Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչ բառի մասին է խոսքը։

-Ո՞ւմ համար։

-Կարդացողի։

-Իմ համար՝ ոչ։

-Դուք որ կարդում եք, այդ բառն ինչպե՞ս եք հասկանում։

Զրուցակիցս նորից է հեռախոսիս մեջ դիտում էկրապատկերը եւ հարցադրում է անում՝ «հա, հետո՞»։

Նիկոլայ Բաղդասարյան-դուք հայհոյանք եք հասկացե՞լ։

-Իսկ այլ ի՞նչ կարելի է հասկանալ։

Նիկոլայ Բաղդասարյան-«Ք»-ի տա՞կ։

-Այո․․իսկ ի՞նչ բառ կարող է թաքնված լինել այդտեղ։

Նիկոլայ Բաղդասարյան-հեղինակին պետք է հարցնեք։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հավելենք, որ Սարգիս Ալեքսանյանի էջից այս գրառումը հեռացվել է, եւ, որ քիչ անհավանական է՝ «անհասանելի» է դարձվել իր հետ «ընկեր» չհանդիսացող օգտատերերի համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031