Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարման խորհրդի ինստիտուտը մեզանում կրում է ձեւական բնույթ»

Ապրիլ 02,2021 12:30

Նոր օրենք է մշակվել դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ընտրության վերաբերյալ. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15 մարտի 2021թ. N 25-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարարի 2010թ. մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու եւ ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի. սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

Նոր՝ պետական ուսումնական հաստատության կառավարման խորհրդի ձեւավորման կարգը ունի թե՛ դրական եւ թե՛ բացասական կարգավորումներ։

Բացասական կարգավորումներ 1) Ներմուծվել է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը, որի հիմքը, չգիտես ինչու, անտրամաբանորեն ընդունել են համայնքի բնակիչների թվաքանակը եւ ըստ հրամանի 4-րդ կետի. «Առանձին խորհուրդ ձեւավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում: Մինչեւ 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձեւավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն»: Բանն այն է, որ անկախ բնակավայրի մեծությունից, ինչու չէ՝ նաեւ դպրոցի աշակերտների թվաքանակից, նույնն է ուս. հաստատությունների կառավարման խորհուրդների գործառույթները, աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ ըստ այդմ էլ եթե նայենք, ապա անտրամաբանական կարգավորում է ստացվում՝ փոքր համայնքների՝ առնվազն 3 դպրոցների համար ձեւավորել միացյալ կառավարման խորհուրդ, իսկ խոշոր համայնքներում՝ առանձին կառավարման խորհուրդ։ Ավելին ասեմ, կառավարման խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով՝ անվճար, դա նշանակում է, որ այստեղ չկա խնդիր ծախսերի կրճատման։

Ես կարծում եմ՝ միացյալ խորհուրդների գաղափարը իշխանության կողմից ներդրվում է ոլորտը ուղղահայաց կառավարման տանելու համար, ինչը շատ վատ է։ 2) Նոր կարգավորումներով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ներկայացուցիչը՝ խորհրդի կազմում 1 անդամի փոխարեն դառնում է 2 անդամ։ Սա էլի ոչ ճիշտ մոտեցում է, քանի որ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները (բացառությամբ Երեւանի) իրենց լիազորություններով առնչություն չունեն կրթության ոլորտի հետ։ Իմ կարծիքով ՏԻՄ ղեկավարի ներկայացուցչի թվի ավելացումը ուս. հաստատության կառավարման խորհրդում ունի միտում իշխանական լծակների ավելացում՝ կրթական ոլորտի վրա։

Դրական կարգավորումներ 1) Դրական կարգավորում է համարվում հրամանի 5-րդ կետը. «Հաստատության խորհուրդը կազմվում է. 1. 9 անդամից՝ առանձին խորհրդի դեպքում, 2. առավելագույնը 19 անդամից՝ միացյալ խորհրդի դեպքում»: Նախկին կարգավորումով խորհրդի կազմը բաղկացած էր զույգ՝ 8 անդամից, իսկ դա միշտ քվեարկությունների ժամանակ առաջացնում էր խնդիրներ 50-50 ձայների բաշխման տեսակետից, որը դժվարացնում էր խորհրդի որոշումներ ընդունելու աշխատանքները։

Ես հանդիսանում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ համատեղության կարգով խորհրդում ներկայացնում եմ ԿԳՄՍ նախարարությունը։ Կառավարման խորհրդի ինստիտուտը մեզանում կրում է ձեւական բնույթ։
Շատ դպրոցներում կառավարման խորհուրդների նիստեր տեղի են ունենում տնօրենի ընտրությունից տնօրենի ընտրություն եւ այլն։

Կառավարման խորհուրդների իրավասությունները շատ մեծ են, ըստ օրենքի ուս. հաստատությունը ղեկավարում է ոչ թե տնօրենը, այլ կառավարման խորհուրդը։ Ես վստահ ասում եմ, որ թե հին եւ թե նոր մոդելները չեն աշխատելու, քանի որ կառավարման խորհրդի անդամը անվճար աշխատող է եւ չունի մոդիվացիա կատարելու իր վերահսկողական գործառույթները։ Ես կարծում եմ, եթե կառավարման խորհրդի անդամը իր աշխատանքի դիմաց վարձատրվի կամ այլ աշխատանքի ընդունման ժամանակ առավելություն դիտարկվի ուս. հաստատության կառավարման խորհրդի անդամ լինելը, ապա խորհրդի անդամը կունենա հստակ աշխատանքի մոդիվացիա։

Մի հավելում եւս՝ հրամանի մեջ չկան անցումային դրույթներ, դա ենթադրել է տալիս, որ ապրիլի 1-ից ՀՀ բոլոր ուս. հաստատությունների կառավարման խորհուրդները կցրվեն։ Օրինակ՝ մեր խորհուրդը այս օրվա գործող օրենսդրությամբ դեռ ունի 1,5 տարվա պաշտոնավարման ժամկետ, սակայն չի բացառվում, որ ապրիլի 1-ից ավտոմատ նոր հրամանի համաձայն՝ մեր դպրոցի խորհուրդը եւս ցրվի ժամկետից շուտ։
Մի բան եւս լավ կլիներ, որ կառավարման խորհուրդների կազմի ձեւավորման վերաբերյալ լիներ իրավական սահմանափակում, որպեսզի կառավարման խորհուրդների կազմը չվերացվեր փոխկապակցված անձանց ինստիտուտի։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում բազմաթիվ են նմանօրինակ դեպքերը, երբ ՏԻՄ ղեկավարները կամ մարզպետը իրենց բարեկամներին նշանակում են ուս. հաստատության կառավարման խորհրդի անդամ։ Սա եւս առաջացնում է շահերի բախում եւ ամրացնում է իշխանական լծակների ազդեցությունը կրթական համակարգի վրա։

Ինչո՞ւ են շահագրգիռ ՏԻՄ ղեկավարները եւ մարզպետները կառավարման խորհուրդներում ներդնել փոխկապակցված անձանց ինստիտուտ, պատասխանը մեկն է, որ ներքին կարգով ազդեն կառավարման խորհրդի վրա, որպեսզի միշտ տնօրեն ընտրել տան իրենց ուզած մարդկանց եւ այդ տնօրենը միշտ շարժվի իրենց ուզած օրակարգով։ Նաեւ շատ լավ կլիներ, որ նախարարի նոր հրամանով ավելացված անդամը լիներ ոչ թե ՏԻՄ ղեկավարի ներկայացուցիչը, այլ լիներ համայնքի ավագանու ներկայացուցիչը։

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930