Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրել թշնամուն՝ չի նշանակում հպատակվել, ստրկանալ, պարտադրված հնազանդությունը դա հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն». Արշակ սրբազանը՝ Թուրքիայի հետ «չթշնամանքի» մասին

Ապրիլ 05,2021 18:35

Լրագրողների հետ զրույցում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հարցին՝ մեր իշխանությունները Թուրքիայի հետ վերաբերմունքի փոփոխություն են նախանշում, ասում են, որ այլեւս չդիտարկենք իրենց՝ որպես թշնամի պետություն, մինչդեռ Թուրքիան անմիջական  մասնակցություն է ունեցել 2020-ի արցախյան պատերազմում, այդքան հե՞շտ է  դա մոռանալ՝ պատասխանեց. «Ես զերծ կմնայի զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են թշնամի կամ սիրելի: Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ առարկայական իրավիճակներ:

Այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձեւավորվել է  Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել: Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է՝ պատերազմն ավարտվել է, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, տարածքներ կորցրած ու էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր: Այդ ֆոնի վրա այդպիսի հայտարարություններ անելը չեմ կարծում, որ օբյեկտիվ է եւ առարկայական»:

Մեր դիտարկմանը, որ մյուս կողից էլ քրիստոնեությունը քարոզում է, որ եղբորդ, դիմացինիդ պիտի սիրես քո անձի պես, ատելություն չսերմանես, չտարածես ու սա հաշվի առնելով ճի՞շտ է «չթշնամանքը Թուրքիայի հետ»՝ Արշակ սրբազանը պատասխանեց. «Քրիստոնեական ընդհանուր բարոյագիտության մեջ հաճախ թշնամու եւ բարեկամի կերպարը որոշակի ներկայացման ընթացքում աղճատումների է ենթարկվում: Երբ որ մենք խոսում ենք թշնամու կերպարի մասին ու խոսում ենք թշնամուն սիրելու անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտամունքը այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին: Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, հետեւյալն է՝ սատանան մեր թշնամին է, արդյոք դա նշանակում է, որ սատանայի նկատմամբ սե՞ր պիտի ունենանք: Ըստ էության, մենք սիրո բովանդակությունը բացատրելու խնդիր ունենք: Սիրել թշնամուն չի նշանակում համակերպվել իր ըմբռնումներին ու իր պահանջներին: Սիրել թշնամուն նշանակում է նաեւ ջանք թափել թշնամու մոտ քրիստոնեական զգացումները զորացնելու ուղղությամբ: Այս առումով սիրել՝ չի նշանակում հպատակվել, ստրկանալ: Մեր հնազանդությունը  քրիստոնեական կամավոր հնազանդություն է: Պարտադրված հնազանդությունը դա հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն»:

Հարցին՝ այսինքն, երբ Աստվածաշունչն ասում է՝ մի այտիդ ապտակում են, մյուսը դեմ տուր, դա չի նշանակում, որ մենք պետք է սրախողխող լինենք թշնամուն՝ նա պատասխանեց. «Գիտեք, այստեղ նաեւ հասցեատիրոջը պետք է նշել: Այս զգացումը պետք է ունենա ոչ միայն  ապտակն ընդունողը, այլ նաեւ ապտակողը: Պետք է միշտ մտածել, որ դու ոչ թե գտնվում ես այն դիրքում, որը ապտակ է ընդունում, այլ նաեւ այն դիրքում, որն ապտակում է: Ապտակողների մասին ոչինչ ասված չէ՞, չի կարելի ապտակել, չէ՞: Միայն չպետք է վերցնել միակողմանի ապտակ ընդունողին»:

Ադրբեջանցիները վանդալիզմ են անում, քանդում են հայկական եկեղեցիները: Այս առնչությամբ Արշակ սրբազանը պատասխանեց. «Անսպասելի չի, անկեղծ ասած, մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանը նոր չէ, որ պետք է ծանոթանանք, Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն է: Մայր աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգային երաշխիքներ ստանալ՝ պատմամշակութային հուշարձաների պահպանման համար: Բայց, թե որքան արդյունավետ է՝ դժվար է գնահատել: Ամեն դեպքում, պիտի փորձենք, բայց մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930