Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնելով Էրդողան-Ալիև հիտլերների հակամարդկային գործողությունները միջազգային հանրությունը չպետք է լուռ մնա. Եվրոպայի հայերի համագումար

Ապրիլ 22,2021 15:03

Կոչ միջազգային հանրության, ՄԱԿ–ի եւ Եվրոմիության կառույցներին

106 տարի առաջ հայերի դեմ կատարվեց  քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը եւ դեռ մինչեւ այսօր արդարությունը չի վերականգնվել:

1915–23 թվականներին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված  ցեղասպանության զոհ դարձավ հայ ժողովրդի երկու երրորդը՝ 1,5 միլիոն հայություն:

Ամենադաժան եղանակով ցեղասպանության ենթարկվեցին ոչ միայն հայերը, այլ Թուրքիայում ապրող ասորի, հույն եւ այլ քրիստոնյա ազգություններ:

Հայության մի մասը հայրենազրկվելով եւ անասելի տանջանքների ու սովի ենթարկվելով բռնագաղթվեց սիրիական անապատներ՝ զրկվելով  հազարավոր տարիներ պապենական հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու  իրավունքից, իսկ շատերն էլ իրենց հայրենիքում ենթարկվեցին բռնի կրոնափոխության՝ վախից ու սարսափից գաղտնի պահելով իրենց ինքնությունը:

Երիտասարդ թուրքերն ու նրանց այսօրվա ժառանգները զավթեցին ու բռնագրավեցին ոչ միայն հայերի նյութական ողջ հարստությունը, այլ նաեւ ոչնչացնելով նրանց պատմական  մշակութային ժառանգությունը՝ կատարեցին, եւ մինչեւ օրս հայերի բնօրրան հայրենիքում շարունակում են կատարել մշակութային ցեղասպանություն:

Մարդկության դեմ կատարված այս մեծ հանցագործությունը տեղի ունեցավ  քաղաքակիրթ Եվրոպայի եւ պետական այրերի աչքերի առջեւ՝ նրանց մեղսակցությամբ եւ լուռ թողտվությամբ:

Չլիներ մեծ տերությունների հանցավոր անտարբերությունը եւ մարդկային կյանքերի նկատմամբ ցուցաբերվող շահադիտական աններելի քաղաքականությունը՝ դժվար թե թուրքերը համարձակվեին կատարելու դարի աննախադեպ առաջին ցեղասպանությունը:

Հետագայում բոլորը, այդ շարքում նաեւ Հիտլերը աշխատեցին մոռացության մատնել մարդկության դեմ կատարված  այս մեծագույն հանցագործություններից մեկը, սակայն դա նրանց չհաջողեց եւ հարյուր ձիգ տարի անխոնջ պայքարից հետո, այսօր աշխարհում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կատարվածը ցեղասպանություն էր՝ պետական մակարդակով հստակ ծրագրված:

Մինչ առաջադեմ աշխարհը այսօր դատապարտում է Ցեղասպանությունը եւ պահանջում արդարություն, Թուրքիայի իշխանությունները շարունակելով իրենց ժխտողական քաղաքականությունը ապարդյուն աշխատում են ոչ միայն հերքել ամեն ինչ, այլ այսօր էլ հայատյացությունը դարձնելով հիմնական քարոզչություն, վարում են նույն ցեղասպան քաղաքականությունը ընդդեմ ողջ հայության, ինչպես նաեւ Թուրքիայի ու տարածաշրջանի այլ քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա ազգերի եւ ժողովուրդների նկատմամբ:

Դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 27–ին ցավոք նույն քաղաքակիրթ պետությունների հանցավոր ու լուռ համաձայնությամբ Թուրքիան համակողմանի աջակցությամբ իր ստեղծած ջիհադիստ ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությամբ անվերապահ մասնակցությունը բերեց  Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44–օրյա պատերազմին:

Այս անգամ եւս, ինչպես  դա տեղի ունեցավ 1915 թվականին, Արցախահայությունը  մենակ մնալով՝ ենթարկվեց գեր ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցած թշնամու  հերթական ոտնձգություններին, կոտորածին եւ բռնության:

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44–օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմի դադարից հետո, նրանց կողմից թույլ տված պատերազմական հանցագործությունները եւ Արցախի բռնագրավված շրջաններում կրոնական եւ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը:

Ադրբեջանը դեռեւս քաջալերված Թուրքիայի անվերապահ աջակցությունից նոյեմբերի 9–ի համատեղ զինադադարի հայտարարության եւ  Ժնեւյան միջազգային կոնվենցիաներին հակառակ, ոչ միայն չի ազատ արձակում հայ ռազմագերիներին եւ անհայտ կորածներին, այլ՝ սպառնում է սանձարձակել նոր պատերազմ՝ ցինիկաբար  աջ ու ձախ հայտարարելով, որ իրենց է պատկանում նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը:

Բնական է, որ միջազգային հանրությունը տեսնելով Էրդողան–Ալիև նորօրյա երկվորյակ  Հիտլերների հակամարդկային գործողությունները եւ ֆաշիստական հայտարարությունները, չի կարող եւ չպիտի լուռ մնա, եւ պիտի որ ձեռնարկի գործնական քայլեր՝ վերացնելու անցյալի չլուծված հարցերը եւ արդարության կողմ կանգնելով՝ դիմակայելու ներկայի սպառնալիքներին:

Թուրքական ներկա իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ առաջ են տանում իրենց  ծավալապաշտական, պանթուրանական երազանքը՝ վերականգնելու Օսմանյան վաղեմի կայսրությունը: Այս անգամ եւս նրանք օգտվելով Արևելք–Արևմուտք հակասություններից՝ առաջ են մղում իրենց ծավալապաշտական պանթուրանական ծրագրերը ի հաշիվ Միջին Արեւելքի եւ հարավային կովկասի բոլոր ժողովուրդների:

Եվրոպայի հայերի համագումարի եւ Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցների անունից  կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ քաղաքական դերակատարներին, թույլ չտալով նոր ցեղասպանություններ՝ կասեցնել Թուրքիայի հետագա անմարդկային ծրագրերի իրականացումը:

Կոչ ենք անում Եվրոպական Միության պետություններին, ԱՄՆ–ին, Ռուսաստանին, Չինաստանին, Միացյալ Թագավորությանը եւ այլ մեծ ու փոքր երկրներին, այս անգամ կանգնել արդարության կողքին եւ մարդկության ընդհանուր շահերը չզոհել ի օգուտ նեղ ժամանակավոր շահերի:

Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է եւ իր պատմության ընթացքին միշտ էլ ձգտել ու ձգտում է խաղաղ ու հաշտ ապրելու իր բոլոր հարեւանների հետ, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի թույլ տանք եւ դրան ընդառաջենք մեր ազգային ու մարդկային իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարելու եւ ցեղասպանությունը մոռանալու գնով:

Թուրքիայի ներկայիս իշխանությունները ոչ միայն թշնամի են իրենց հարեւան ժողովուրդների եւ երկրների հետ ու թշնամանք են տարածում նրանց նկատմամբ, այլ նրանք թշնամի են նաեւ հենց իրենց ժողովրդի հետ, քանի որ ոտնահարում են իրենց իսկ ժողովրդի մարդկային ամենատարրական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդի մեջ պետականորեն քարոզում եւ տարածում են հայատյացություն, թշնամանք եւ ատելություն, այդպիսով խոչընդոտելով եւ խափանելով հարեւան ժողովուրդների համերաշխ ու խաղաղ ապրելու իրականացումը:

Կոչ ենք անում ՄԱԿ–ին, Եվրոմիությանը և Միջազգային հանրությանը դատապարտել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումը և հանդես գալ արդարության և կորցրած իրավունքների վերականգնման ի խնդիր:

Միջազգային հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ է, որ բացարձակապես հավատարիմ մնան իրենց իսկ հռչակած արժեքներին և նպատակներին:

Հայ ժողովուրդը պահանջում է արդարություն եւ իր կորցրած իրավունքների վերականգնում:

Եվրոպայի հայերի համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930