Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աշակերտներն առաջարկում են դպրոցի բակերում խրամատ փորել սովորել, խիստ տույժեր կիրառել աղտոտելու համար, հեծանվաուղիներ ստեղծել

Հունիս 01,2021 22:33

Երեւանի ավագանու այսօրվա նիստն արտակարգ էր․ ավագանու անդամները դպրոցականներն էին։ Մայրաքաղաքի  93 դպրոցներից ստացված իննը նախագիծ էր ներառվել օրակարգում։ Նախագծերը ներկայացնում էին աշակերտները։ Նիստն իսկական էր, խաղ չէր, 64 աշակերտ էր փոխարինում ավագանու անդամներին, առաջարկություններ, առարկություններ էին ներկայացնում, քվեարկում՝ ինչպես կարգն է։

Մայրաքաղաքի 51 դպրոցից 14 ամյա Նարեկ Օրդյանը հեծանվորդների համար նախագիծ ներկայացրեց, այն, ինչպես Նարեկն ասաց՝ եթե հաստատվի, լիքը մարդ Երեւանում կսկսի առողջ ապրել։

«Ես ապրում եմ Ծարավ Աղբյուր փողոցում, ուզում եմ հեծանիվն օգտագործել որպես փոխադրամիջոց, բայց մեր տանից մինչեւ կենտրոն պետք է այն վարեմ  մեքենաների համար նախատեսված փողոցներում եւ  մեքենաներին զուգահեռ։  Եթե տրանսպորտ նստեմ, գնամ կենտրոնում վարձակալեմ հեծանիվ, ունեմ երկու տարբերակ՝ կամ պետք է վարեմ մայթերին կամ պետք է վարեմ  այգիներում, որտեղ կան շատ մարդիկ։ Այս դեպքում ես նրանց եմ խանգարում, նրանք էլ՝ ինձ։  Հիմա ո՞վ է մեղավոր։ Ես չգիտեմ»։

Նարեկն առաջարկեց Աբովյանը փողոցում, որը միակողմանի է, կահավորել  հեծանվորդների համար, սա այն փողոցն է, Նարեկի ներկայացմամբ՝ որտեղից ճյուղավորվում են փոքր կենտրոնի հիմնական փողոցները․ «Եվ եթե հիմա կահավորվի, հետագայում ավելի հեշտ կլինի այլ փողոցները կահավորել»։

Աշակերտներն ակտիվ էին ու լավ պատրաստված։ Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ Երեւանը  նախատեսված չի եղել այսքան մեծ թվով բնակչության համար, եւ մայթերն  էլ բավականին նեղ են, ինչպե՞ս ես պատկերացնում այդքան նեղ մայթերում հեծանվորդների համար տեղ հատկացնել։

Նախագծի հեղինակը՝ Նարեկը պատասխան ուներ՝  դա միակողմանի փողոց է՝ երեք գծով, կարելի  է մեկ գիծը հեծանվուղի դարձնել։ Ավագանու անդամ-աշակերտներից մեկն էլ ավտոկայանատեղիների խնդիրը հնչեցրեց, երեխան էլ գիտի, որ քաղաքում փողոցները մեքենաները գրավել են։

Քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասն բացատրեց՝ ինչպես պետք է խնդիրը լուծել, քաղաքային դարդերով էլ կիսվեց երեխաների հետ՝  Երեւանի կենտրոնում տեղ չի մնացել ավտոկայանատեղի  համար, հողատարածքները սեփականաշնորհված  են,  ու երբ քաղաքային իշխանությունը փորձում է նման հողատարածք ձեռք բերել, պարզվում է դրանց գինը աստղաբաշխական թվերի է հասնում, իսկ քաղաքն այդ գումարը չունի։

«Կինո Մոսկվայի մոտակայքում մի տարածք կա, որտեղ անընդհատ մտածում են՝ ինչ պիտի կառուցեն, ու չեն կառուցում։ Սեփականատերը  7-8 միլիոն դոլարով է վաճառում իր տարածքը։

Հյուսիսային պողոտայում ստորգետնյա ավտոկայանատեղի կա, ժամը՝ 400 դրամ է։ Այստեղ  մի մասը միշտ դատարկ է, բոլորը գերադասում են վերեւը կանգնել՝ խանգարելով բոլորին»,-պատմեց քաղաքապետը։

Ի վերջո որոշումն ընդունվեց, երբ գումար լինի՝ հեծանվորդների ճանապարհը, երեւի 1,5 մետրանոց, հատուկ կկահավորեն, կառանձնացնեն այնպես, որպեսզի հեծանվորդի համար անվտանգ լինի վարելը։

Ինչո՞ւ  հեծանիվները պետհամարանիշ չունեն․ հետաքրքրվեց մի աշակերտ։ Պատասխանը նրան համոզեց։

Երկար քննարկվեց նաեւ  91-րդ դպրոցի աշակերտ, 14 ամյա Մանե Հախոյանի նախագիծը․«Քանի որ գտնվում ենք պատերազմական երկրում, ես կարեւորում եմ  հայրենիքի պաշտպանության գործին պատրաստ պատանիներ  եւ աղջիկներ ունենալը իսկ դրան նպաստում են դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիրակությունը, ֆիզիկական  պատրաստվածությունը։ Անհրաժեշտ է այս ուղղություններով աշխատանք կազմակերպել։  Առաջարկում եմ  9-11-րդ  դասարանի աշակերտների համար կազմակերպել երեւանյան ամառային ուսումնամարզական ճամբարներ՝ օգտագործելով Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի կրթօջախների նյութատեխնիկական բազաները, եւ իրականացել ռազմական գործի գործնական ուսուցում։  7-8-րդ դասարանցիների  համար՝ առաջին բուժօգնության գործնական ուսուցում իսկ ցածր դասարանցիների համար՝ կյանքի հմտությունների ուսուցում»,-իր նախագիծը ներկայացրեց Մանեն։  Պարզվեց կրթական նման մշտական ծրագիր իրականացնելը քաղաքապետարանի լիազորությունից դուրս է, բայց ամառային ճամբարների հարցը լուծվելիք խնդիր է։

Այս նախագծով Մանեն առաջարկում էր երեխաներին խրամատ փորելու հմտություններ սովորեցնել։  «Իսկ որտե՞ղ պետք է դա լինի, դպրոցի՞ բակի հաշվին»,-հետաքրքրվեց Մանեին տարեկից մեկ այլ աշակերտ։  Մանեի պատկերացմամբ՝ խրամատները դպրոցի բակերում պետք է փորվեն։ Քաղաքապետ Մարությանն արձագանքեց՝ տնօրենները դեմ կլինեն։

Թիվ 124 դպրոցի աշակերտ Աշոտ Կորոյանն էլ ռազմական պատրաստվածության մասին նախագիծ ներկայացրեց, դրա միտքը ծնվել է 44 օրյա պատերազմից  հետո․ «Կարծում եմ՝ վերջին պատերազմը շատ բան փոխեց մեր աշխարհայացքի մոտեցումների, մտածելակերպի մեջ։ Շփվելով եւ սովորելով  արցախցի իմ տարեկիցների հետ՝ ես հասկացա, որ դպրոցների նախնական զինվորական պատրաստվածության դասերը կայացած չեն, չեն ծառայում  բուն  նպատակին։ Իմ դպրոցն ունի հսկայական կիսանկուղային տարածք, որտեղ կարելի է սովորել խրամատ փորել, թաքստոցից թաքստոց տեղափոխվել։ Կարծում եմ՝ նման պայմաններ ստեղծելու համար պետք է չխնայել ոչինչ, քանի որ կյանքը ցույց տվեց,  որ պատրաստված  պետք է լինենք բոլորս»։ Աշոտը նաեւ առաջարկում էր խրախուսել լավ սովորողներին, ուղարկել արտերկիր՝ ուսման,  մասնագիտական կողմնորոշման համար էլ բարձր դասարանների երեխանին տանեն գործարաններ։ Այս որոշումն էլ ընդունվեց։

Երեւանը հաշմանդամություն ունեցող երեխաներին հարմարացնելու նախագիծն ընդունվեց միաձայն։ Իսկ ահա որտեղ պատահի՝ աղբ թափելու համար վարչական խիստ տույժ կիրառելու մասին նախագծին մեկ աշակերտ դեմ էր։  «Պարոն Խաժակյան, դո՞ւք եք»,-կատակեց քաղաքապետը։

Թիվ 78 դպրոցից Էրիկ Բաղոյանն իր երազանքների քաղաքի մասին նախագիծ ներկայացրեց՝ ստորգետնյա տրանսպորտ, որպեսզի օդը չաղտոտվի, եւ ընդհանրապես, կուզենար, որ քաղաքային տրանսպորտը լիներ միանման, ու պարտադիր անլար համացանցով, քաղաքը լիներ շքեղ լուսավորված, ունենար շատ կանաչապատ տարածքները։

Արդյոք քաղաքապետարանն ունա՞կ է ստեղծել ստորգետնյա տրանսպորտ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց՝ այսօր մետրոյի նոր կայաններ կառուցելու համար չունենք համապատասխան մասնագետներ․ «Նոր կայարանը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, արդեն տենդերը հայտարարել ենք, մասնակիցները արտասահմանից են, հաղթողները լինելու են արտասահմանյան կազմակերպություններ։ Իսկ գումարի մասով, ճիշտն ասեմ՝ մենք մինչ այսօր հստակ պատասխան չունենք կառավարությունից՝ արդյոք այդ գումարը քաղաքապետարանին տրամադրելու են, թե՝ ոչ»։

Երեխաներն իրենց առաջարկներով, հարցերով ու նախագծերով զարմացրեցին ավագանու իսկական անդամներին։

«Հաճելի կլիներ, եթե մեր ավագանու նիստերն այսպես բազմամարդ լինեին, եւ երեւի մեկ անգամ եմ տեսել, որ ավագանու բոլոր 65 անդամները ներկա լինեն․ առաջին նիստն էր, դրանից հետո բոլորին կարոտով մնացինք, հաճախ է լինում, որ հազիվ ենք քվորում ապահովում։ Մենք այսօր սովորեցինք, թե ինչպես կարող  է լինել ավագանու նիստը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930