Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում երեխաները հանդես են եկել համերգներով և գոյացած հասույթն ուղղել Արցախի զորակցությանը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին

Հունիս 29,2021 17:55

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Օդեսայի (Ուկրաինա) հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաներին։

Կենտրոնի տնօրեն տիկին Աննա Գևորգյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի և մանկապարտեզի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ սաների այցը Հայաստան նպատակ է հետապնդում ճանաչել հայրենիքը։ Վերջինս նաև հայտնեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում երեխաները հանդես են եկել համերգներով և գոյացած ողջ հասույթն ուղղել Արցախին զորակցությանը։

Այս առիթով սաները հանդես եկան հոգևոր, ազգային ու հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով՝ ուրախություն պարգևելով Հայոց Հորը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց պատանի հայորդիներին՝ իր գնահատանքը բերելով նաև ծնողներին և մանկավարժներին սաներին ազգային ոգով կրթելու և դաստիարակելու համար։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ նրանք հայ ժողովրդի հույսն են, կամքն ու ապագան։ Նորին Սրբությունը պատգամեց մանուկներին և պատանիներին սիրել հայրենիքը, ապրել ազգային արժեքների ոգով ու շնչով, որպեսզի կարելի լինի իրականություն դարձնել հզոր, ծաղկուն և բարօր հայրենիք ունենալու տեսլականը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաև, որ Ուկրաինայի հայ համայնքում, շնորհիվ հայոց թեմի և ազգային կառույցների գործունեության, նախանձախնդրությամբ են վերաբերվում ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, որի լավագույն դրսևորումն է հայորդիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս առիթով Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորացնի պատանի հայորդիների հոգիներում սերն առ հայրենիքը, ուժ և կարողություն պարգևի հայեցի շնչով հասակ առնելու և հայ ժողովրդի արժանավոր զավակներ դառնալու համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը հետաքրքրվեց նաև Օդեսայի հայ համայնքի կյանքով և հայկական կառույցների գործունեությամբ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց պատանի հայորդիներին, այցի առիթով նրանց ընծայեց խաչեր ու սրբապատկերներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930