Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակների կառավարիչ. Արեն Վարդապետյան

Հուլիս 02,2021 17:21

«Մեզ առկա իրավիճակում անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակների կառավարիչ, որն ի զորու կլինի լուծել ծառացած խնդիրները։ Իշխանությունը պաշտոնապես վերարտադրվել է զգալի ցուցանիշներով: Մենք ապագայում նույնպես կունենանք կորուստներ»,– այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Արեն Վարդապետյանը` հավելելով, որ այդ կորուստներից խուսափելու համար պետք է բարձրացնել մարդկանց կրթական մակարդակը, այդ թվում` քաղաքական իրավագիտակցության աստիճանը։ «Եթե դա ստացվի, ապա Հայաստանը կունենա արժանապատիվ ապագա»,-կարծում է վերլուծաբանը:

Այս աշխատանքն, ըստ բանախոսի, պետք է իր վրա վեցնի ընդդիմությունը, մասնավորաբար, խորհրդարանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները`արթնացնելով հասարակական միտքը եւ առաջարկելով երկրի զարգացման մոդելներ։

Իշխանությունն այս հարցում, ըստ վերլուծաբանի անելիք չունի, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հպարտանում է պարտությամբ: Իր բնութագրմամբ, սա նշանակում է, որ Հայաստանն այս իշխանության պարագայում շարունակելու է գնալ պարտության ճանապարհով եւ հպարտանալ:

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի գնահատմամբ էլ Հայաստանը պետք է ուժեղացնի սեփական եւ անկախ գիտակրթական համակարգը։ Ինքն, օրինակ` առաջարկում է համահայկական առցանց համալսարան ստեղծել. «Քանի դեռ չի կազմավորվել ազգային էլիտան, ոչինչ չի ստացվի։ Հենց այդ էլիտան պետք է առաջնորդի ժողովրդին, որպեսզի ամեն ինչ կախված չլինի մեկ մարդուց։ Հայկական քաղաքակրթության գոյությունն այսօր վտանգված է, հետեւաբար այս իրավիճակից դուրս գալու համար առաջնահերթ պետք է պահպանել ազգային գիտակրթական համակարգը եւ քաղաքակրթական ինքնությունը»:

Գագիկ Հարությունյանը զուգահեռներ է անցկացնում ԱՄՆ-ի հետ, որտեղ 2000-ից ավելի «ուղեղային կենտրոններ» են գործում, որոնք մշակում են պետության գաղափարախոսությունը, զարգացման ռազմավարությունն ու հիմնական գերակայությունները։

Խոսելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էլ, Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացն ուղղորդվել է այն ուժային կենտրոնների կողմից, որոնք Երեւանում որպես կառավարիչ նշանակել են «իրենց մարդուն»։ Նրա հավաստմամբ, այդ ընտրություններում գործող իշխանության հաղթանակն ապահովելու համար օգտագործվել են տարբեր տեխնոլոգիաներ: Նա բնավ պատահական չի համարում այն, որ նախընտրական բոլոր սոցհարցումներում նշված բոլոր քաղաքական ուժերի ցուցանիշները ճիշտ էին, բացի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցանիշներից։ Իսկ ընտրությունների արդյունքները`ՔՊ-ի բացարձակ հաղթանակով, ըստ վերլուծաբանի փաստում են մեր հասարակության եւ ընտրազանգվածի բարոյահոգեբանական ու մտավոր անկման մասին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031