Լրահոս
Օրվա լրահոսը

Լռելու ունակությունը

Հուլիս 19,2020 22:00

– Հնարավո՞ր է, արդյոք, Երեւանում, Լենինի հրապարակում բռնաբարություն անել:
– Ոչ, անցորդները կխանգարեն իրենց խորհուրդներով:

Հայկական ռադիոյի անեկդոտներից

Կար ժամանակ, երբ բոլորը գլուխ էին հանում երեխաների դաստիարակությունից եւ ֆուտբոլից: Հետո դրանց միացավ գրականությունը, ավելի ուշ՝ քաղաքականությունը, իսկ սոցիալական ցանցերի ի հայտ գալն առաջ բերեց (եւ վախենամ` բազմապատկում է) բոլոր հարցերով փորձագետների դասակարգ: Դրա հետ պետք է հաշտվել, ես, համենայնդեպս, ջանում եմ այդպես անել, քանի որ թվային զրուցատեղիների մշակույթը ստեղծված է հենց այդպիսի պերսոնաժների կողմից, եւ նրանք մեր ժամանակների անբաժանելի մասն են, իսկ ժամանակները, ինչպես հայտնի է, չեն ընտրում:

Ընդհանրապես, դժվար է հասկանալը, թե հատկապես ինչն է մարդուն դրդում արտահայտվել թեմաների մասին, որոնցից նա մասնագիտորեն շատ հեռու է: Առաջին հայացքից դա անհարգալից վերաբերմունքն է պրոֆեսիոնալիզմի հանդեպ՝ որպես այդպիսին, համոզմունքը, որ «քթի ծակն» ավելի կարեւոր է գիտելիքներից: Երկրորդ հայացքից՝ դա սնափառությունն է, սեփական ինտելեկտուալ գերազանցությունը հանրությանը ցուցադրելու ցանկությունը: Երրորդ դեպքում՝ ճանաչված լինելու կարիքը, որը ամերիկացի հայտնի հոգեբան Աբրահամ Մասլոուն իր նկարագրած մարդկային կարիքների բուրգում դրել է չորրորդ՝ նախավերջին մակարդակում: Բայց ես ավելի հակված եմ այն մտքին, որ դա չգիտակցված ցանկություն է ոչ թե լինել, այլ՝ թվալ: Մեզ բոլորիս ծանոթ է այդ զգացողությունը՝ մարդու, որ խոսում է ամբիոնից, երեխայի, որը ոտանավոր է արտասանում աթոռի վրա կանգնած, ղեկավարի, որը նստած է սեղանի գլխին: Դա համընդհանուր ուշադրության զզվելի քաղցր զգացողությունն է, երբ կարող ես խոսել՝ առանց կանգ առնելու: Բայց մարդկանց մեծ մասին պարզ չէ, թե երբ է պետք կանգ առնել եւ լռել: .

Ինձ սովորեցրել են, որ ժամանակին լռելը, թերեւս, ամենակարեւոր ունակությունն է, որը ինտելեկտուալ մարդը պետք է մշակի ողջ կյանքում՝ գիտակցելով եւ սթափ գնահատելով ինքն իրեն, գնահատելով իր բառերի արժեքը եւ չմանրանա՝ շատախոսության աստիճանի: Այդ ունակությունը գալիս է մտքերի մշակումից, կանոնակարգումից եւ ստեղծում է հեղինակություն: Եվ դրա լիակատար բացակայությունը սոցցանցերում դրանք դարձնում է այն տեղը, որը մենք բոլորս լռելյայն ատում ենք: Այն տեղը, որտեղ մենք ստիպված են զգալ այն, ինչ կոչում են իսպանական ամոթ՝ երբ ամաչում ես ոչ թե քեզ համար, այլ՝ ուրիշների: Երբ տեսնում ես քեզ մտերիմ մարդուն, որը գրում է այնպիսի բաներ, ինչից ծոծրակիդ մազերը շարժվում են…

Հենց խոսքի արժեզրկումը, ստատուսը, մեկնաբանությունը, անզգուշորեն արտահայտված միտքը ջնջելու հնարավորությունը ծնեցին մեր հանդուրժողականությունը սխալների հանդեպ: Մենք հեշտությամբ ներում ենք սուտը (երբեմն ինքներս էլ դեմ չենք ստելուն), մենք համակերպվել ենք ցանցերում քննարկումների ցածր մակարդակի հետ, մենք սովորել ենք, որ մեր քաղաքական գործիչները փաստերի հետ մշտական մանիպուլյացիաներ են անում: Եվ ամենակարեւորը, մենք գիտակցել ենք, որ թվալը ավելի հեշտ է, քան լինելը:
Ես երկար եմ մտածել, թե ինչ անել այս ամենի կապակցությամբ: Եվ որոշեցի ավելի հաճախ խորհել: Չվիճել: Լրահոսից հեռացնել նրանց, ովքեր ինձ ստիպում են իսպանական ամոթ զգալ: Ավելի երկար ժամանակ հատկացնել մասնագիտությանս եւ ընտանիքիս, եւ ոչ թե անիմաստ քննարկումներին: Եվ ավելի շատ լռել: Այս սյունակում, օրինակ, ես լռեցի սահմաններին լարվածության մասին: Հուսով եմ՝ ստացվեց:

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել