Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադառնում ենք եղբայրության եւ համերաշխության կամուրջ հաստատելու»

Հուլիս 07,2021 12:30 Share

Այս առաքելությամբ էր Հայաստան ժամանել աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին

Հանրային մարդիկ, հատկապես մշակույթի ոլորտի ճանաչված եւ համաշխարհային մեծության աստղերը, մշտապես գտնվում են մեդիա ոլորտի ուշադրության կենտրոնում՝ սկսած անձնական կյանքից մինչեւ ստեղծագործական։ Բացառություն չէ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին, որն օրերս Հայաստանում էր։ Հուլիսի 4-ին միջազգային բարձր հեղինակություն վայելող «Ռավեննա» փառատոնի շրջանակում, Երեւանի օպերային թատրոնում կայացավ համերգ՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, Լուիջի Քերուբինիի անվան նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան), մեներգիչներ՝ սոպրանո Նինա Մինասյանի, տենոր Ջիովանի Սեբաստիանոյի եւ բարիտոն Գուրգեն Բավեյանի մասնակցությամբ։

Հնչեցին Հայդնի Te Deum-ը, Մոցարտի Ռե մինոր Kyrie-ն, Շուբերտի Թիվ 2 Մեսսան եւ առաջին անգամ՝ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio) ստեղծագործությունը՝ գրված Դանթեի «Աստվածային կատակերգության» հիման վրա։ Ի դեպ, այս տարի Ռավեննայի փառատոնը նվիրված է Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին։

Երեւանյան համերգի ծրագիրը՝ բացի Մանսուրյանի ստեղծագործությունից, նույն կազմով, դարձյալ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ, կատարվել է Ռավեննայում, հուլիսի 1-ին։

Ռիկարդո Մուտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Ասել, թե երեւանյան համերգը տպավորիչ էր, բարձրարվեստ, շքեղ, նշանակում է ոչինչ չասել։ Սա այն եզակի դեպքն է, երբ համերգին որպես ունկնդիր մասնակցեց ոչ միայն թատրոն եկած հանդիսատեսը. թատերական հրապարակում տեղադրված էկրանը բարձրորակ պատկերով ու հնչողությամբ ուղիղ հեռարձակում էր համերգը։

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը

Համերգը սկսվեց Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի օրհներգերով։ Իսկ մեր երաժշտասերը դիրիժորի հետ «շփվեց» ոչ միայն համերգի ժամանակ, այլեւ դրա նախորդ օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որտեղ Ռիկարդո Մուտին հանդիսատեսի կարգավիճակում էր։ Այդ օրը ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա» -ն եւ Բեթհովենի 3-րդ դաշնամուրային կոնցերտը, մենակատարն էր իտալաբնակ, 15-ամյա դաշնակահարուհի Մայա Օհանյանը։ Համերգի ավարտին «Առավոտը» Ռիկարդո Մուտիից խնդրեց «կիսվել» իր տպավորություններով։ «Երիտասարդ դաշնակահարուհին շատ խոստումնալից է, իսկ նվագախումբն ուղղակի հրաշալի է նվագում, դուք կարող եք հպարտանալ նրանցով»,- հակիրճ ասաց մաեստրոն։

Մինչ Երեւան այցը Ռիկարդո Մուտին հայ ժողովրդին ուղերձ էր հղել, որում ջերմորեն հիշել է 2001թ.-ի իր առաջին համերգը Հայաստանում եւ ավելացրել. «Բարեկամության ուղիներ» ծրագրի շրջանակում Ռավեննայի փառատոնը Հայաստանում է՝ ողջագուրվելու մի ժողովրդի հետ, որը պատմության ընթացքում բազում զրկանքներ է կրել։ Այսօր, քսան տարի անց, մենք վերադառնում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ գտնվող այդ հնագույն եւ տոկուն, այդ հմայիչ եւ հոգեւոր երկիրը։ Վերադառնում ենք եղբայրության եւ համերաշխության կամուրջ հաստատելու՝ համոզված, որ այժմ, ինչպես եւ այն ժամանակ, երաժշտության միջոցով կարելի է հաղթահարել դժվարությունները եւ թյուրըմբռնումները…»։

Հավելենք, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` Ռիկարդո Մուտիի ներկայությամբ, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի համատեքստում էր: Ի դեպ, «Երեւանյան հեռանկարները» հյուրընկալել է «Ռավեննա» փառատոնին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռիկարդո Մուտին «Արամ Խաչատրյան համերգասրահում»

«Առավոտ» օրաթերթ
06.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031