Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինա Ոսկանյանը ճիշտ եւ ճիշտ շարունակում է մաեստրո Թոփիկյանի գծած ճանապարհը

Սեպտեմբեր 17,2021 13:00

Մշակութային օջախներում երբ ինչ-ինչ պատճառներով թափուր է մնում տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, սկսվում են բուռն խոսակցություններ, քննարկումներ, շրջանառվում են հավանական եւ անհավանական անուններ, «որոնվում» են թեկնածուներ նաեւ սփյուռքից եւ այլն: Բայց այս ամենը տեղի չունեցավ Երեւանի պետական կամերային երգչախմբի դեպքում, երբ 2020թ. քովիդի պատճառով երկրային կյանքից հեռացավ հիանալի մասնագետ եւ բարձր բարոյականության տեր անձնավորություն, խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը:

Նա 1996-ին հիմնեց հիշյալ երգչախումբը, ստանձնելով գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր խմբավարի պաշտոնը: Ընդամենը մեկ տարի հետո՝ 1997թ., երգչախումբը մասնակցեց Ռավեննայի հեղինակավոր «Երգի միջազգային փառատոնին», որին հաջորդեցին Բերգենի, Հալլեի, Էտամպի եւ այլ փառատոները: Մաեստրոյի հետ «Առավոտի» զրույցների առանցքում՝ անկախ առիթից, մշտապես եղել է Կոմիտասը: Օրինակ, Լորետոյի «Virgo Lauretana» նշանավոր փառատոնի 50-ամյակին երեւանյան երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի ժառանգությունը, որը ուղիղ հեռարձակվեց աշխարհի ավելի քան 50 երկրում: Կոմիտասյան ստեղծագործություններ է հնչեցրել նաեւ հանրապետության մարզերում: Կոլեկտիվը համատեղ ելույթներ է ունեցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը: Այս կոլեկտիվին պատիվ է ընձեռվել Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հանդես գալ Լա Սկալա օպերային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի ընկերակցությամբ:

Հայաստանում առաջին անգամ կոլեկտիվի կատարմամբ է հնչել Կոմիտասի «Բեռլինյան պատարագը», Կարա Մուրզայի բազմաձայն «Պատարագը», Վիեննայի Մխիթարյան վանքի Պատարագը: Հիշարժան է 2017թ. Երեւանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ռուսական երեք երգչախմբերի հետ համատեղ համերգը ռուս-հայկական առաջին երգչախմբային կոնգրեսի բացման արարողությանը:

Չմոռանանք նշել կոլեկտիվի դերը՝ իբրեւ հայ կոմպոզիտորների երգչախմբային երկերի առաջին կատարող: Ընդ որում, նաեւ արտասահմանում: Առանձնացնենք Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները: Այդ առիթով կոմպոզիտորը մեզ ասել էր՝ երգչախումբը հրաշք է, հրաշք, իսկ Հարությունի մասին բառեր չեմ գտնում, սիրով եմ աշխատում այս խմբավարի հետ:

Շուրջ տասը ամիս է՝ երգչախումբը ղեկավարում է Քրիստինա Ոսկանյանը, հանդիսանալով գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը: Սա այն դեպքն է, երբ նոր ղեկավարի նշանակումը ոչ մի խոսակցության առիթ չտվեց, հակառակը՝ կոլեկտիվի եւ մասնագետների կողմից ընդունվեց «միաձայն»: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ Քրիստինա Ոսկանյանը՝ լինելով երգչախմբի հիմնադիրներից, ճիշտ եւ ճիշտ շարունակում է մաեստրո Թոփիկյանի գծած ճանապարհը: Հետեւելով երգչախմբի նոր ղեկավարի գործունեությանը, որը նրա կողմից երբեք չի շեփորահարվել, փաստենք, որ կոլեկտիվն ունեցել է շուրջ 15 համերգ, այդ թվում՝ միացյալ եւ սոլո: Վերջին անգամ երգչախմբին հանդիպեցինք «Հովհաննես Չեքիջյան՝ 60 տարի անբաժան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ» խորագրով երեկոյին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ երգչախումբը՝ դիրիժոր Մարչիանո Ջանլուկայի ղեկավարությամբ, եթե չենք սխալվում՝ առաջին անգամ կամ տարիների ընդմիջումից հետո, հնչեցրեց Բախի «Մագնիֆիկատը», հանդես եկավ նաեւ հայաստանյան պրեմիերայով՝ կատարելով նորվեգացի մեր ժամանակակից Օլա Գժեյլոյի «Northen Lights» ստեղծագործությունը եւ այլն: Երեւանյան համերգներից բացի, ընդարձակ ծրագրով երգչախումբը հանդես է եկել նաեւ Վանաձորում, Դիլիջանում եւ Դղերի վանքում: Կոլեկտիվի հաջորդ բեմելը երկու երգչախմբերի հետ՝ Հայաստանի պետական կամերային եւ մանկական, հայաստանցի ունկնդրին ծանոթ գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, նախատեսված է հոկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ի դեպ, Երեւանի պետական կամերային երգչախմբի վերջին՝ 15-րդ CD-ն, որի ձայնագրման աշխատանքները սկսել էր Հարություն Թոփիկյանը, ավարտին է հասցրել ու թողարկել Քրիստինա Ոսկանյանը:

Ընթացիկ տարին հոբելյանական է երգչախմբի համար. լրանում է կոլեկտիվի 25-ամյակը: Թե ինչպես այն կնշվի՝ Քրիստինա Ոսկանյանը փոխանցեց հետեւյալը. «Պարոն Թոփիկյանի հետ պլանավորում էինք այն նշել այս տարվա մայիսին… Ընդամենը կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք. նկատի ունեմ երեկոյին ներկայացվելիք ծրագիրը: Իհարկե, կան կազմակերպական հարցեր: Չխորանալով դրանց մեջ՝ միայն նշեմ, որ երգչախմբի հոբելյանին նվիրված երեկոն հավանաբար կկայանա դեկտեմբերին»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930