Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որոշման մեջ ավելի շատ հաշվի են առնվել պատգամավորների հետաքրքրություններն ու շահերը». Աշոտ Մելիքյան

Օգոստոս 18,2021 21:01

Aravot.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)  նախագահ Աշոտ Մելիքյանը

– Այսօր ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշումը. ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Արդեն այն, որ որոշ լրագրողներ իրենք գնահատում են այդ որոշումը որպես սահմանափակող՝ խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ կան եւ լրագրողական գործունեության այնպիսի սահմանափակում կա, որը որ թույլ չի տալիս նրանց անկաշկանդ գործել խորհրդարանում:

Այդուհանդերձ, իհարկե, որ կանոնակարգելու խնդիր կար, դրանում ես համոզված եմ, որովհետեւ, երբ մենք տեսնում էինք նախորդ գումարման խորհրդարանի աշխատանքների լուսաբանումը` ինչպե՞ս էին լրագրողները խմբով վազում մեկ պատգամավորի ետեւից եւ միաժամանակ տասը հարց տալիս, դրանով իսկ նաեւ հնարավորություն տալիս պատգամավորներին`տասը միաժամանակ հնչեցված հարցերից այն հարցին պատասխանել, որը որ իրեն հարմար է, դրա մասին է խոսում: Մյուս կողմից, երբ պատգամավոր-լրագրող հարաբերությունները հասնում էին նրան, որ կային կոնֆլիկտային իրավիճակներ, երբ պատգամավորը ձայնագրիչ էր խլում լրագրողի ձեռքից եւ մտնում իր աշխատասենյակ, հեռախոս էր խլում եւ ապակոդավորում, դա նորմալ երևույթ չի: Լուրջ խնդիրներ կային պատգամավոր-լրագրող հարաբերություններում. որքանո՞վ այս որոշումը կկարգավորի այդ ամենը`դժվար է ասել: Մենք հետեւելու ենք, թե ինչպե՞ս է այդ որոշումն աշխատելու եւ արդյոք, չեն խախտվելու լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ որոշման մեջ, ավելի շատ հաշվի են առնվել պատգամավորների հետաքրքրություններն ու շահերը եւ ամեն ինչ արվել է, որպեսզի իրավիճակը պատգամավորներին հարմար լինի: Մինչդեռ կարծում եմ, որ որոշում կայացնելուց առաջ, պետք էր նաեւ խորհրդակցել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, ցանկալի էր նաեւ անկախ փորձագետների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դա, ցավոք, չի արվել, չնայած, սահմանափակումների թեմային վերաբերվող մեր երեք հայտարարություններում առաջարկություն արել ենք, որպեսզի լուրջ քննարկում իրականացվի, հետո ընդունվի այդ որոշումը:

Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունը, ինչպեսեւ նախորդ իշխանությունները, ընդունում են խորհրդարանում գործելու այնպիսի կարգեր, որոնք որ հարմար են իրենց եւ հաշվի չեն առնվում լրագրողների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ որոշմանն ամբողջական նաեւ պետք է ծանոթանանք, որպեսզի օբյեկտիվորեն կարողանանք գնահատել, բայց, համենայնդեպս առ այսօր հայտնի չէ`արդյոք, այդ փաստաթուղթը կանոնակարգելու է այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, ինչպիսիք մենք վերջերս արձանագրեցինք, երբ անվտանգության աշխատակիցները մտնում են խորհրդարանում`լրագրողներին հատկացված օթյակ եւ պահանջում են, որ դադարեցնեն լուսաբանումը եւ դուրս գան այդ օթյակից: Կարծում եմ, սա էլ լուրջ խնդիր է եւ, մեծ հաշվով, դա անօրինականություն էր: Կարծում եմ, որ այդպիսի կոնֆլիկտային իրավիճակների լուծումներ էլ պետք է այդ որոշումը պարունակի եւ այդ լուծումները պետք է լինեն`ի օգուտ լրագրողների գործունեությանը եւ ի օգուտ խոսքի ազատությանը որովհետեւ, լսարանը եւ ընտրողները պետք է շատ լավ տեղեկացված լինեն, թե ի՞նչ է կատարվում խորհրդարանում, ամեն մի պատգամավոր ի՞նչ վարքագիծ է դրսեւորում`լինի դա դրական պատկերացում ստեղծող, թե բացասական, նշանակություն չունի:

Քանի որ այդպիսի կոնֆլիկտային իրավիճակների լուծումների վերաբերյալ մենք որեւէ արձագանք կամ մեկնաբանություն չենք լսել խորհրդարանի ղեկավարությունից, ապա հարցեր են առաջանում` եթե դուք հարմար պայմաններ եք ստեղծում պատգամավորների համար, իսկ պատգամավորներից շատերը գերադասում են քիչ շփվել լրագրողների հետ, ապա, մյուս կողմից էլ, պետք է, իհարկե, հաշվի առնվեն լրագրողների շահերը եւ այդպիսի անօրինական պահանջներից նրանց պետք է զերծ պահել:

-Դուք խոսեցիք այնպիսի տհաճ իրավիճակների մասին, երբ լրագրողները վազում են պատգամավորի ետեւից, կամ կոնֆլիկտային իրավիճակներ է առաջանում լրագրողների եւ պատգամավորների միջեւ. բայց նման իրավիճակներ ստեղծվում են հիմնականում այն պատճառով, որ իշխանական պատգամավորները չեն ցանկանում շփվել լրագրողների հետ, խտրական վերաբերմունք ունեն որոշ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ:

– Կարծում եմ, որ դա նույնպես կանոնակարգման հնարավորություն ուներ եւ եթե ԱԺ ղեկավարությունը մտահոգված էր դրանով, ապա կարող էր նախ համապատասխան սրահ հատկացնել նմանատիպ հարցազրույցների համար: Կամ, նույնիսկ կարող էր ուղղակի հորդորել իր պատգամավորներին`տվյալ սրահում, ասենք, ամիսը մեկ անգամ հանդես գալ մամուլի համար եւ պատասխանել բոլոր հարցերին: Բրիֆինգային կամ ասուլիսային տարբերակներ պետք էր ստեղծել եւ հորդորել բոլոր պատգամավորներին`իշխանական, թե ընդդիմադիր, ամիսը մեկ կամ երկու անգամ շփվել լրատվամիջոցների հետ: Այլապես, եթե պատգամավորը չի ցանկանում պատասխանել հարցերին, կարող է նաեւ վազելու պահին էլ չպատասխանել:

Իսկ խտրական մոտեցումն, իհարկե, պայմանավորված է նրանով, որ մեդիան էլ իր հերթին բեւեռացված է: ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն, առաջին հերթին, սպասարկում են տարբեր քաղաքական շահեր եւ, բնական է, որ նաեւ պատգամավորները, չեմ ասում արդեն նաեւ քաղաքական ուժերի համակիրները, բաժանում են լրատվամիջոցներին յուրայինների եւ օտարների: Բնականաբար, «օտարների» հետ շատ ավելի զգուշավոր են խոսում կամ, առհասարակ, խուսափում են շփվելուց: Այնուամենայնիվ, այս ամենը չպետք է խոչընդոտի, որպեսզի ցանկացած լրատվամիջոց, ցանկացած պատգամավորի իր հարցը տա. հաճելի կլինի դա պատգամավորի քիմքին, թե՞ ոչ, դա տասներորդ հարցն է: Պետք է խորհրդարանում այնպիսի պայմաններ եւ մթնոլորտ ստեղծել, որպեսզի պատգամավորներին իրենց պարտքը համարեն, իսկ դա իրենց պարտքն է նաեւ, գնահատականներ հնչեցնեն լրատվամիջոցների առջեւ: Հասկանում ենք, որ նաեւ պատգամավորն իրավունք ունի հրաժարվել հարցազրույցներից կամ ինչ-որ հարցերից, դա իր իրավունքն է: Բայց ընդհանուր առմամբ, բաց լինելը լրատվամիջոցների համար եւ աշխատելը լրատվամիջոցների հետ, դա նաեւ պարտականություն է, որպես քաղաքական գործիչ եւ պատգամավոր:

– Միտում տեսնո՞ւմ եք, որ վերոնշյալ փոփոխությունները կատարվեցին, այսպես ասած`գաղտագողի, առանց շահագրգիռ համայնքների եւ անձերի հետ քննարկումների, մի իշխանության կողմից, որը Հայաստանը անվանել էր «ժողովրդավարության բաստիոն»:

– Այստեղ լուրջ թերություն եմ տեսնում`հասարակության հետ շփվելու եւ քննարկումների դեֆիցիտի առումով: Ամեն դեպքում, սա ցույց է տալիս, որ փոփոխություն է իրականացել իշխող ուժի մոտեցումներում եւ, եթե, ասենք, անցած տարվա, կառավարության մարտի 16-ի որոշումը, որը կապված էր համավարակի հետ, արտակարգ իրավիճակ էր հայտարարվում եւ չորս կետ նվիրված էր լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը, երբ հայտարարությամբ հանդես եկանք`անմիջապես հրավիրեցին կառավարություն`խորհրդակցության: Երբ մեր փաստարկները ներկայացրեցինք, իսկ այնտեղ ներկա էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդամենը մի քանի օր հետո այդ սահմանափակումները մեղմացվեցին: Իսկ հետագայում, մեր աշխատանքի շնորհիվ, դա առհասարակ չեղարկվեց:

Դրանից մեկ տարուց մի քիչ ավել է անցել, մենք երեք հայտարարությամբ հանդես եկանք այս սահմանափակումների վերաբերյալ, ավելին, ես նաեւ երկուշաբթի օրն այդ երեք հայտարարություններն ուղեկցող նամակով ուղարկել եմ ԱԺ նախագահին`ակնկալելով, հորդորելով, որ որոշումը կընդունվի քննարկումների արդյունքում, այդուհանդերձ, իրենք բավական արագ որոշեցին ինքնուրույն այդ հարցը լուծել: Դա իրենց գործն է, բայց նաեւ մեր գործն է`մեր քննադատական մոտեցումն արտահայտել այս գործընթացների վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031