«Դուք էն մարդը չեք, որ ձեզ բան ասեմ», «հասկացողին են ասում»՝ այս եւ այլ ձևակերպումները՝ ուղղված «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Կարինե Սիմոնյանին, պատկանում են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 5-ին ընդունել է եզրակացություն, որ Սպիտակ համայնքի ղեկավարը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնը լրագրողի հետ հաղորդակցության ժամանակ։ Եզրակացությունն ընդունվել է օգոստոսի 5-ին, իսկ վարույթը հարուցվել էր հունիսի 12-ին։
Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը հետեւյալը նշեց. «Կա հայտնի օրինաչափություն՝ պետական մարմինները շատ ավելի դանդաղ են աշխատում, բյուրոկրատացված են, եւ գործընթացները շատ ավելի դանդաղ են ընթանում, քան գործում են հասարակական կազմակերպությունները։
Այն փաստը, որի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատական է տվել, արդեն իսկ արձագանքված էր ԽԱՊԿ 2-րդ եռամսյակային զեկույցում եւ որակվել էր որպես ճնշում լրագրողի նկատմամբ: Մենք դա նաեւ ներկայացրել ենք հուլիսին կայացրած մեր ասուլիսի ժամանակ: Զեկույցը հրապարակվել է հուլիսի 2-րդ կեսին: Ամեն դեպքում ես ողջունում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը եւ գնահատականը, բայց դրա հետ մեկտեղ ես պետք է այդ կառույցի ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ նույն օրը նաեւ համայնքապետի տեղակալն էր խախտել նույն լրագրողի իրավունքը»։
Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ երբ լրագրողը հարց էր ուղղել համայնքի ղեկավարի տեղակալին, վերջինս հարվածել էր լրագրողի նկարահանող սարքին եւ կոպիտ պատասխան էր տվել, ինչն իրենք արձանագրել են որպես ֆիզիկական ճնշման դեպք: «Կարծում եմ՝ վատ չէր լինի, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկուզ եւ ուշացումով այդ դեպքին նույնպես անդրադառնալ: Այդ դեպքին կարող էին անդրադառնալ նաեւ իրավապահ մարմինները, որովհետեւ առերեւույթ դա լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում է, էլ չխոսենք կոպիտ, անհարգալից վերաբերմունքի մասին: Եվ համայնքի ղեկավարը, եւ նրա տեղակալը խախտել են լրագրողի իրավունքները, եւ ես կոչ եմ անում եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, եւ իրավապահ մարմիններին քննության առարկա դարձնել նաեւ այդ դրվագը»,-ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































