Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժել կեղծ այլընտրանքները

Սեպտեմբեր 09,2021 10:00 Share

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորումը խանդավառություն է առաջացրել իշխանության կողմնակիցների շարքերում: Այդ իրադարձությունը տեղավորվում է մեր քաղաքացիների մեծամասնության այսօրվա «հայկական երազանքի» մեջ՝ պատժել հայտնի բացասական կերպարներին: (Քաշաթաղում թուրք-ադրբեջանական զորավարժությունների թեման այդ զանգվածին էապես ավելի քիչ է հուզում):

Չնայած համընդհանուր հրճվանքը չեմ կիսում, բայց շատ լավ հասկանում եմ, որ, աշխատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգում, Աղվան Հովսեփյանը չէր կարող չգործել քրեորեն պատժելի, կոռուպցիոն բնույթի արարքներ: Ուրիշ հարց, որ ներկայիս ՀՔԾ-ին դժվար կլինի ապացուցել այդ արարքները, քանի որ այդ կառույցում, իմ տպավորությամբ, հավաքվել են ավելի թույլ իրավաբաններ, քան Աղվան Հովսեփյանն է: Նման եզրակացության կարելի հանգել, ելնելով, օրինակ, այն հանգամանքից, որ ՀՔԾ-ն ժամանակին տեղի էր տվել քաղաքական ճնշմանը եւ երկրորդ նախագահի դեմ առաջ էր քաշել սահմանադրական կարգի տապալման անհեռանկարային մեղադրանքը: Հետեւաբար, շատ հավանական է, որ Աղվան Հովսեփյանի գործը, նման այլ գործերի նման, ձգվի տարիներով եւ կամաց-կամաց մարի:

Բայց այստեղ ուզում եմ ընթերցողների ուշադրությունը դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Հատկապես համացանցային դարում, երբ որոշակի հասարակական կարծիք է ձեւավորվում, անխուսափելիորեն ճնշում է սկսվում այն մարդկանց վրա, որոնք հոսանքին դեմ են գնում: Սովորաբար այդ ճնշումն իրականացվում է, այսպես կոչված, «սեւ-սպիտակ փաստարկումով»: Դուք կա՛մ համարում եք Աղվան Հովսեփյանին հրեշտակ, կա՛մ պահանջում եք նրան անհապաղ գնդակահարել: Դուք կա՛մ պիտի ողջունեք 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը, կա՛մ արդարացնեք այն անօրինականությունները, որոնք այն ժամանակ գործում էին իշխանությունները: Դուք կա՛մ նիկոլական եք, կա՛մ քոչարյանական:

Նույնը՝ ավելի բարդ հարցերում: Դուք կա՛մ պետք է հայտարարեք, որ բոլոր աղքատ մարդիկ վատ վիճակում են հայտնվել իրենց մեղքով, իրենց ունակությունների բացակայություն պատճառով (եւ այդ դեպքում «ազատական» եք), կա՛մ էլ պիտի կողմ լինեք, որ բոլոր բարիքները բաշխվեն հավասարաչափ, համահարթեցված ձեւով (ուրեմն «սոցիալիստ» եք): Երկու դեպքում էլ չակերտներ եմ օգտագործում, որովհետեւ իրական ազատականությունն ու սոցիալիզմը նման տափակ երեւույթներ չեն:

Բոլոր թվարկած «այլընտրանքները» կեղծ են, դրանք միտումնավոր կերպով փաթաթվում են մեր վզին: Մեզ դեմ են տալիս երկու՝ հավասարապես վատ տարբերակ եւ պահանջում են՝ «ընտրեք դրանից մեկը»: Խնդիրը երկուսին էլ վճռական «ոչ» ասելն է՝ հայտնվելով ճնշող փոքրամասնության մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նյուրնբերգում դատեցին կատարողներին, այլ ոչ թե կազմակերպիչներին, նույնն է թե դատեն թշնամու զինվորին, այլ ոչ թե թշնամու ռազմաքաղաքական կազմակերպիչներին:
    Եթե գերմանական ազգը, հատկապես նրա ազնվական սերուցքը, քաղաքականապես այնքան զարգացած լիներ, որ ժողովրդավարության պայմաններում մանիպուլյացիաների չենթարկվեր, նա երբեք իրեն թույլ չէր տա հիտլերի նման թյուրիմացություններին պետական պաշտոնի գալ: Բայց ազգի սերուցքը անկարող է ժողովրդավարության պայմաններում, երբ ազգի հերոսի ու կամ ազգին նվիրյալ գիտնականի ձայնի կշիռը նույնքան է, ինչ բազմոցից մինչեւ ընտրական տեղամաս հերոսաբար անցած ցանկացած մեկի, որն անձնուրաց կերպով թղթերի արկղը իր քաղաքացիական դիրքորոշումը հաստատող թուղթն է նետում: Ժողովրդավարությունը վատ բան չի, բայց այն արդյունավետ չի, եթե ընտրողների մեջ չկա պատասխանատվության աստիճանավորում՝ մարդն ինչքան պատասխանատու է, այնքան նրա խոսքի գինը ավելի բարձր է, իսկ եթե մաթեմատիկայի խնդրի լուծման հարցում դպրոցականի ու ակադեմիկոսի խոսքը՝ հատկապես պատասխանատու հարցերում նույնն է, էլ ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը: Մենք մեր հայ ազգային ռեյտինգային համակարգը պետք է ստեղծենք: Ժողովրդավարությունը, ինչպես նաեւ կրոնը, պետությունը եւ ամեն կարգի իշխանություն եթե հայտնվում են թյուրիմացությունների ձեռքում, ո՞վ է մեղավոր, մեղավոր է ազգի սերուցքը, որ ժամանակին քաղաքականապես չդաստիարակեց իր ժողովրդին, որ թացը չորից տարբերի, որ չընկնի մանիպուլյատորների քաղաքական գովազդի ազդեցության տակ: Բայց այս մանիպուլյատորներն էլ են զինվոր, բայց հավանական է ոչ ժողովրդի, այլ նրանց, ում պետք են էներգակիրներ, բնական ռեսուրսներ ու օգտակար հանածոներ, նրանց համար տեղի ժողովուրդը միայն գլխացավանք է եւ պայմաններ են ստեղծում, որ հոժարակամ թողնեն իրենց հողերն ու հեռանան ու ազատեն իրենց գլխացավանքից:
    Առաջարկում եմ. Սահմանադրության մեջ ժողովուրդ բառը փոխարինել Տեղական ինքնակառավարումով, հողն ու ջուրը, ընդերքն եւ բոլոր ռեսուրսների միակ տերը այդ Տեղական ինքնակառավարումն է, այն ինչ հնարավոր չէ արդյունավետ կառավարել միայնակ, այն տրվում է Պետության կառավարմանը, Պետությունը ծառայում է միայն Տեղական ինքնկառավարմանը, մասնավոր գործարարները պետք է անցնեն պետական հատուկ բարձրագույն կրթություն, հանձնեն քննություն եւ ստանան մասնավոր գործունեությամբ զբաղվելու իրավունք, որոնցով Պետությունը թիկունքի բանակն է ձեւավորում, իսկ մասնավոր գործունեության միջնակարգ կրթությունը ստանում դպրոցում: Եւ ոչ մի վարձու աշխատանք, բոլորը միջնակարգ ու բարձրագույն կրթությամբ մասնավոր աշխատողներ են, որոնց կառավարում է ոչ թե շուկան, այլ Պետությունը՝ ավելի արդյունավետ մրցակցություն ստեղծելով, քան շուկան:
    Կարճ ասած, մեր ազգի սերուցքը ավելի ակտիվ պետք է աշխատի ժողովրդի հետ, իր սեփական օրինակով դաստիարակի ու կրթի ժողովրդին, որ երեխան երազի դառնալ ազգի սերուցք ու ծառայի ժողովրդին:

  2. Ալֆրեդ says:

    Իմ կարծիքով Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը ուղղակի շղարշ է, մարդկանց շեղելու և Հայաստանի համար ավելի վտանգավոր թուղթ ստորագրելու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930