Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքական հետապնդում լիներ, հիմա այդ բոլորը բանտերում կլինեին այն մեթոդներով, որով այդ վհուկները ժամանակին անում էին»

Սեպտեմբեր 09,2021 14:00 Share

Վահագն Հովակիմյանը՝ Աղվան Հովսեփյանի ձերբակալության, նրա ներուժն օգտագործելու, արտաքին թշնամուն թողած՝ ներքին թշնամիներ փնտրելու մասին

Ձեզ ասում են՝ Աղվան Հովսեփյանին ձերբակալելով՝ իրականում դուք ուզում եք «նախկինների» թեման «տաք» պահել, որովհետեւ դրանով եք «կերակրում» հանրությանը, երբ որ տեսնում եք, որ սահմանին լարվածություն է, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում Արցախի տարածքում, Սեւ լճի հատվածում, դուք հանրությանը փորձում եք այսպես շեղել՝ Քպ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր այս հարցին պատասխանեց. «Գիտե՞ք դա ինչից է գալիս, որովհետեւ մարդիկ ամեն ինչի մեջ փորձում են դավադրություններ փնտրել: Երբ որ դու փորձում ես ցանկացած իրադարձությանը նայել այն պրիզմայով, որ ոնց անեմ՝ այս իշխանությանը կարողանամ մեղադրեմ, այդ դեպքում ամեն ինչը, այդ թվում՝ մեր զրույցը կարող եք ասել՝ այ որ զրուցում են, սրա նպատակը վաղվա իրադարձությունը քողարկելն է: Անմեղսունակության աստիճանի կարելի է հասցնել ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է նախկինների երեւույթին, իրականում եթե մենք դա ամբողջ խորությամբ չքննենք, դա Հայաստանի ապագայի համար է վատ: Եթե լինեինք իշխանություն, որը կցանկանար նույնն անել, մենք չպիտի քննեինք: Երբ որ դու նույնն անես, հետ չես գնա, նրանց էլ կասես՝ լավ, թալանել եք, գնացեք ձեր հավեսին ապրեք: Բայց սա պետք է նաեւ նրա համար, որ մեր քաղաքական թիմի ցանկացած անդամ գիտակցի, որ չի կարող նման բան լինի: Բայց անցածի գնահատականը պիտի տրվի, ինչքան էլ երկար լինի դատաիրավական ընթացքը»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի քանի մեղադրանք էր ներկայացրել ու ձերբակալել:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե նախկիններին գնահատական էիք ուզում տալ, դա պիտի արվեր շատ ավելի վաղուց՝ հեղափոխությունից հետո, ոչ թե 3 տարի անց՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ոչ, ձեր ասած վաղուցը սամասուդն է: Երբ գալիս է իշխանություն, նախորդներին սկսում է լցնել բանտերը, գլխատել, ձեր ասածը դա է: Ո՛չ, այդպես մենք իրավական պետություն չենք դառնա, մենք պիտի այս երկար ճանապարհով գնանք: Սովորական քաղաքացին, բնական է, երբ ասում է՝ արագացրեք, իրեն չի հետաքրքրում, որ ամեն ինչ իրավական լինի, օրենքով լինի, իրեն հետաքրքրում է, որ նախկին թալանչիին բանտում տեսնի: Հիմա ասենք՝ չէ, մենք գիտենք, որ Պողոսը թալանչի է, գնանք բոլորս Պողոսին գլխատենք, ինքնադատաստան տեսնենք, այդպես չի լինի: Դա չի լինի, որ մենք իրավական պետություն ենք, կլինի այն, ինչը եղել է, նույնի կիրառում: Հայաստանը երբեք իրավական պետություն այդպես չի դառնա: Իրավական պետությունն այսպես է, մենք էլ պիտի այդ ներվերն ունենանք, որ չգնանք ինքնադատաստանի ճանապարհով: Մարդիկ արագություն են ուզում, բայց մենք չպետք է տուրք տանք դրան: Կա իրավական, հանգիստ ճանապարհ կա, բայց պիտի պատասխան տան: Որ մենք անենք՝ մենք էլ պիտի պատասխան տանք: Այսօր պաշտոն զբաղեցնողները պիտի գիտակցեն, որ եթե անեն՝ վաղը գալու են հետեւիցդ»:

Հիշեցնենք, որ երբ հեղափոխությունից հետո Ապարանում մարդիկ տեսել էին «ժողովրդի իշխանության փոխվարչապետ» Տիգրան Ավինյանին Աղվան Հովսեփյանի կողքին, նրա ընկերակցությամբ Բաշ-Ապարանի միջոցառման ժամանակ տոնական քայլերթի մասնակցելիս, այդ տեսարանը համացանցում բուռն քննարկման էր արժանացել: Ուստի դիտարկմանը, որ դրանից հետո թվում էր՝ այս իշխանությունները «հաշտ» են Աղվան Հովսեփյանի հետ ու «տալ-առնելիք» չունեն՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Բաշ-Ապարանի միջոցառումներին միշտ «Նիգ Ապարանը» դրոշակակիր է եղել: 2018-ին այդ միջոցառումները ծրագրված էին այդպես ու փոխվարչապետը մասնակցել է մի պաշտոնական միջոցառման, որն արդեն կար, չէր ասի՝ այս մարդը այստեղ , ես չեմ գա: Գալիս ենք իրավականին: Եթե դու կարողանում ես արդեն ապացուցել, որ այդ մարդը հանցագործ է, թող ապացուցեն, այդ մարդն էլ լինի անազատության մեջ, կամ խափանման միջոցը այլ ընտրված լինի»:

Հարցին՝ դուք հերքո՞ւմ եք, որ սա քաղաքական հետապնդում է եւ վհուկների որս է՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Քաղաքական հետապնդում եթե լիներ, հիմա այդ բոլորը բանտերում կլինեին այն մեթոդներով, որով իրենք՝ այդ վհուկները ժամանակին անում էին: Եթե մենք քաղաքական հետապնդում անող լինեինք, համոզված եղեք, որ իրենց իսկ սարքած դատական այն հին համակարգով իրենք բոլորը հիմա բանտերում կլինեին, ոչ թե իրենց փողերով ինֆորմացիոն պատերազմ կծավալեին Հայաստանի դեմ»:

Հարցրեցինք՝ չե՞ք կարծում, որ պատերազմից ու այսքան կորուստներից հետո մեզ հիմա հանրային համերաշխություն է պետք, էլի թող իրավական երկիր լինենք, բայց այս պահին, երբ թշնամին մեր տարածքում է, նախ չպե՞տք է լուծեիք արտաքին թշնամու հարցը, հետո նոր ներքին խնդիրները՝ ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Իրականում արտաքին թշնամուց պաշտպանվելու համար դու ներսում պիտի ուժեղ լինես: Ներսում եթե չեղար իրավական պետություն, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, երբեք չես կարող ուժեղ լինես, արտաքին թշնամու առաջ պատրաստ չես լինի: Եթե այդ իրավականը չեղավ, երբեք քո զորքը նորմալ զենք չի ունենա, այն, ինչ մեր հետ է եղել»: Դիտարկմանը, որ հիմա պետական գնումները ձեր ձեռքն են, զենք կարող եք գնել, իսկ նախկինները լծակներ չունեն, Հովակիմյանն արձագանքեց. «Մեր համերաշխությունը պիտի լինի իրավական պետություն ունենալու շուրջ, եթե դրա շուրջ չունենք համերաշխություն, դա նշանակում է ինչ-որ մարդիկ կան, որոնց համար պետությունն ընդամենը հարստանալու գործիք է»:

Դիտարկմանը՝ թշնամին մեր տարածքում է, դուք ներքին թշնամի եք ման գալիս՝ Հովակիմյանը պատասխանեց. «Ներքին թշնամի չի, ամենամեծ մոլորությունը ձեր հարցի մեջ է, այսինքն, հանցագործին թողնենք ազատության մեջ, որովհետեւ թշնամին սահմանին կանգնած է: Բայց այդ մարդուն ազատության մեջ թողնելով ու նրա արածին գնահատական չտալով՝ դու պետությունը թուլացնում ես: Եթե մենք ուզում ենք հզոր երկիր ունենանք, պիտի ունենանք իրավական երկիր: Իրավական երկիր ունենալու համար նախկիններն էլ, ներկաներն էլ, ով օրենքի հետ խնդիր ունի՝ պիտի իր արածի համար պատասխան տա: Բոլոր պետական պաշտոնյաները, գործարարները պիտի իմանան՝ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ձեր ասած համերաշխությունը ամնիստիա է»: Երբ ասացինք՝ եթե վաղը մեր վրա կրակեն, այդ թվում Աղվան Հովսեփյանի ներուժը մեզ պետք է՝ որպես ՀՀ քաղաքացի՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, ինչի՞ց եք մտածում, ձեր ասած ներուժը Երեւանում ծվարած սպասում էր, իրենց հաշվառման հասցեներ չէին գնում, որ հանկարծ չտանեին ճակատ: Ձեր ասած ներուժը, արդեն տեսնելով, որ բանը բանից անցնում է, սպասում էր, որ ԱԺ շենքի ու կառավարության վրա հարձակվի նոյեմբերի 9-ից հետո ու այդ ներուժը չի գնացել ճակատ, իր հաշվառման, բնակության հասցե չի գնացել, որ հանկարծ զինկոմիսարիատի աշխատողները իրեն չհայտնաբերեն: Մարդը, ով պատրաստ է պետությունը թալանի, ինքը թքած ունի պետության վրա: Իր համար պետությունը հարստանալու գործիք է եղել ու այդ մարդուց երբեք չսպասեք, որ ինքը պետության համար ինչ-որ բան է անելու, որովհետեւ ինքը անող լիներ, չէր թողնի պետությունը այդ վիճակին հասներ: Իր համար պետությունը հարստանալու գործիք է, որ հարստություն կուտակի, երեխեքին էլ հանի ուղարկի արտասահման, գողացած փողերով օֆշորներով գնան ամերիկաներում, ուրիշ երկրներում վիլլաներ առնեն ու ապրեն: Երբեք իրենք ներուժ չեն լինելու, երբե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930