Լրահոս
Օրվա լրահոսը

Ստի ոտքերը երկար են-2

Սեպտեմբեր 11,2021 20:06

Լսեցի Արա Պապյան-Հայկ Մարտիրոսյանի ինձ ուղղված, զրույց՝ «հուժկու» պատասխանը։

Կարելի է բառ առ բառ անդրադառնալ նրանց ինքնավստահ, բայց նույնպես առանց փաստերի, այն է՝ իրենց բանավոր պնդումները որպես փաստեր ներկայացրած և միայն վիրավորանքներով համեմված քարոզչությանը։ Ամեն դեպքում կանդրադառնամ պարոնների մի շարք «պնդումներին»։

1.Պարոնայք, Արա Պապյան և Հայկ Մարտիրոսյան, բերեք մեկ օրինակ իմ ասածներից, գրածներից, որ ես տանում եմ ռուսական կամ բոլշևիկյան, նաև հակաարևմտյան քարոզչություն։ Եթե ես պնդում եմ, որ Հայաստանի համար այս ծանր պայմաններում չի կարելի թշնամանալ նաև Ռուսաստանի հետ, ուստի սա համարել ռուսական քարոզչություն, ասել և կրկնում եմ, սա լավագույն դեպքում՝ տխմարություն է։

2.Իմ հոդվածում ես չեմ պնդել, որ գեներալ Թոմսոնը հակահայ գործիչ է եղել։ Եվ ընդհանրապես, ես չեմ ընդունում «հայասեր», կամ «հակահայ» գործիչներ, պետություններ հասկացողությունը, բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի։ Աշխարհի բոլոր երկրներն ու պետական, շեշտում եմ՝ պետական, նաև քաղաքական, գործիչները չեն առաջնորդվում մարդասիրական, առավել ևս հայասիրական շարժառիթներով, այլ բոլորը շարժվում են իրենց ազգային, պետական շահերով, թերևս բացի հայ շատ գործիչներից։

3. Այս համատեքստում, ես երբևէ չեմ պաշտպանել և քարոզել Ռուսաստանի «հայասիրությունն» ու նրա հայ ժողովրդի «փրկչի» կերպարը։ Այո՛, եղել են ժամանակներ, որ Ռուսաստանն իր շահերից ելնելով կատարել է այնպիսի քայլեր, որոնք հակասել են մեր շահերին։ Օրինակ, 1915թ․ Վանից նահանջը։ Այլ օրինակներ նույնպես կարելի է բերել։ Բայց հարգելի պարոնայք, չէ՞ որ իրենց շահերից ելնելով, նույն կերպ են վարվել նաև այլ պետություններ։ Ի տարբերություն, Արա Պապյանի, որն արդարացնում է 1921թ․ Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի նվիրումը Թուրքիային, որին հետևեցին հերթական կոտորածները, ինքս այն բացատրում եմ Ֆրանսիայի քաղաքական այդ պահի շահերով, չհամարելով Ֆրանսիան հակահայ պետություն։

4․ Հարց է առաջանում, իսկ եղե՞լ են պատմության մեջ դրվագներ, երբ մեր և Ռուսաստանի շահերը համընկել են։ 1828թ., երբ Ռուսաստանը ոչ թե փրկեց, գրավեց, այո՝ գրավեց արևելյան Հայաստանը, այս տարածքում, Շահ Աբբասի 17-րդ դարում հայերին տեղահանությունից հետո (Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր, Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ, «Թագավորն ու չարչին» Հովհաննես Թումանյան), արևելյան Հայաստանի տարածքում հայաբնակ էին մնացել Արցախը, Սյունիքը և էլի մի քանի բնակավայրեր։ 1828թ․ արևելյան Հայաստանի տարածքը նորից բնակեցվեց հայերով։ Բնականաբար Ռուսաստանը արևելյան Հայաստանը հայերով բնակեցրեց, ոչ հայասիրական զգացմունքներից ելնելով։ Արևելյան Հայաստանում բնակեցվեցին նաև մոլոկաններ, դուխոբորներ, կազակներ։ Այս վերաբնակեցման նպատակը Ռուսաստանի և մուսուլմանական աշխարհի միջև բուֆերային գոտու ստեղծելն էր։ Բայց ընդունենք, որ այս պարագայում հայ ժողովրդի և Ռուսաստանի շահերը համընկան։ Եվ եթե գոյություն ունի այսօրվա Հայաստանը, ապա այն 1828թ․ հետևանք-արդյունքն է։

Եվ, այո՛, համոզված եմ, որ արցախյան վերջին պատերազմը չէր բխում Ռուսաստանի շահերից։ Պատերազմի արդյունքները բերեցին տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացմանը, որը հակասում է ռուսական շահերին։ Պատերազմի ավարտից հետո, պարզ է, որ որոշ ռուս գործիչներ պետք է «արդարացումներ» գտնեին Ռուսաստանի հերթական ձախողման համար։ Իսկ եթե պարոնայք աժբ-ականները պնդում են, որ պատերազմը հրահրել է Ռուսաստանը և այն լավրովյան պլանի իրականացումն էր, ապա տրամաբանական հարց է առաջանում․ եթե դուք, ըստ ձեզ՝ ձախողեցիք 2016թ․ լավրովյան պլանի իրականացումը, ապստամբեցիք, գրավեցիք ՊՊԾ գունդը, սպանեցիք ոստիկաններին, ապա ինչո՞ւ այս անգամ ոչ միայն չապստամբեցիք, այլ ձայն-ծպտուն չհանեցիք։ Ուստի կարելի է, չէ՞, մտածել, որ այս անգամ գործեց առնվազն ադրբեջանա-թուրքական պլանը, որին ըստ էության դուք համաձայն էիք։

Դուք նաև համաձայն եք, որ Արցախից հեռանան ռուս խաղաղապահները և Արցախը հայաթափվի։ Զրույցի ընթացքում Արա Պապյանը ևս մեկ անգամ անդրադարձավ 1993թ․, իբր Թուրքիայի կողմից հարձակումն ԱՄՆ-ի կողմից կասեցնելու թեզին։ Այս անգամ նա ոչ թե հղում արեց իր «տեսած» փաստաթղթին, այլ Դավիթ Շահնազարյանին։

5.Պարոնները խոսելով արևմտյան գիտական մշակույթի մասին, իրավացիորեն նշեցին գիտական աշխատանքներում հավաստի աղբյուրներից հղումների անհրաժեշտությունը։

Նրանց զրույցը հեղեղված էր բանավոր տարբեր «հղումներով», որոնցից «ամենաարժանահավատը» Արա Պապյանի հրատարակած գիրքն էր, նույնպես համապատասխան «հղումներով»։ Պարոն Պապյան, այդ քարտեզը, որն ըստ ձեզ պահվում է ԱՄՆ ինչ-որ արխիվում և դուք ինչ-որ անհասկանալի «հղում» եք արել դրան, արդյոք գաղտնի փաստաթո՞ւղթ է։ Եթե, այո, ապա ձեր կողմից գաղտնազերծված և հրապարակված լինելուց հետո, ինչո՞ւ այն պաշտոնապես չի հրապարակվել։ Նորից եմ կրկնում, որ այդպիսի քարտեզ գոյություն չունի։ Եվ ինչպե՞ս կարող էր գոյություն ունենալ, եթե Ազգերի լիգան չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Արա Պապյանը շեշտում է, որ 1918-20թթ․ Հայաստան չկար, քանի որ Ազգերի լիգան այն չէր ճանաչել։ Այսինքն, այն որ Սարդարապատի հերոսամարտով ստեղծվեց անկախ Հայաստան, իր խորհրդարանով, կառավարությունով, ոչինչ էր, քանի որ այն «միջազգայնորեն» չէր ճանաչվել։ Ծափահարություններ, ուրիշ ոչինչ։

Այսպիսով` չբերելով իրենց հայեցակարգն ապացուցող որևէ փաստարկ, պարոնայք Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը հռհռում են իմ կողմից բերված վիքիփեդիայի փաստերի վրա՝ դրանք անվանելով «բոլշևիկյան», «մոռանալով» հոդվածում բերված այլ հղումների մասին՝ «Դրոշակ», «Հառաջ» և այլն։

6.Պարոնայք, այո՝ պնդում են, որ եթե Արցախն անկախ պետություն ճանաչվեր, ապա նրանք «թքած ունեն» Արցախի վրա։ 2019թ․ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ Արցախի մարզ լինելու կողմնակիցները հայտարարում էին, որ Արցախն անկախ ճանաչողները դավաճաններ են, իսկ Արա Պապյանը պնդում էր, որ պատմության մեջ դեռևս այդպիսի դեպք գոյություն չունի, երբ բաժանված ազգերը նորից միավորվում են և բերում էր օրինակներ՝ Ուկրաինա-Ռուսաստան, արաբական երկրներ։

Իմ ելույթում ես անդրադարձա երկու պնդումներին։ Առաջինի հետ կապված ասացի, որ այսօր դավաճան համարել Արցախն անկախ ճանաչողներին և «մոռանալ» հասարակության մեջ տիրող Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու կողմնակիցներին, հասկանալի չէ։ Սրան հետևեց Արա Պապյանի տեղից հակադարձումը․ «Անկախության կողմնակիցներն ավելի վտանգավոր են, քան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնողները»։ Երկրորդ հարցին անդրադառնալիս Արա Պապյանին հիշեցրի Երկու արևելյան և արևմտյան Գերմանիաների, հյուսիսային և հարավային Վիետնամների վերամիավորումները։ Եվ նորից Արա Պապյանը տեղից գոչեց․ «Սուտ է»։ Ի՞նչ ասես։

Նույնիսկ ենթադրենք, որ ապագայում Արցախի և Հայաստանի հանրապետությունները չէին միավորվելու և երկուսն էլ ճանաչվելու էին անկախ պետություններ։ Փաստորեն Արցախի մարզ ճանաչողների համար ավելի գերադասելի է, որ Արցախ գոյություն չունենա և լինի հայաթափված Ադրբեջանի մաս, քան լինի բարեկամ երկրորդ հայկական պետություն։

Այդ նույն ելույթում ես հիշեցրեցի և այժմ էլ հիշեցնում եմ, որ «Սարդարապատ»-«Նախախորհրդարան»-«Սասնա Ծռեր»-ԱԺԲ հիմնադիր «ոչմիթիզհողական» Ժիրայր Սեֆիլյանն ու իր կողմնակիցները 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, որն ի տարբերություն իրենց, չէր թաքցնում արցախյան հարցում զիջումների, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու իր մտադրության մասին։

7․ Հայկ Մարտիրոսյանը և Արա Պապյանը խեղաթյուրում են իմ ասածները, իրենց նույնացնելով բոլոր սփյուռքահայերի հետ։ Ի տարբերություն շատ սփյուռքահայերի, որոնց մեծ մասը ցեղասպանության ժառանգներ են, Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը ծնվել, մեծացել, ուսում են առել Հայաստանում։ Արդ, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից և ընդունեցիք այլ երկրների քաղաքացիություն։ Այո, այդպիսիք նույնպես շատ կան, բայց նրանք ի տարբերություն ձեզ՝ Հայաստանում չեն զբաղվում ակտիվ քաղաքականությամբ և «հայրենասիրությամբ»։ Ավելին, Արա Պապյանն աշխատել է ԱԳՆ-ում, եղել ԱԳՆ խոսնակը, նշանակվել Կանադայում դեսպան։ Պարոնայք, արևմտամետներ, ցույց տվեք ձեր պաշտելի արևմուտքի որևէ պետություն, որտեղ նշանակված դեսպանն իր առաքելությունն ավարտելուց հետո  ընտանիքով ձեռք բերի այդ երկրի քաղաքացիություն, և արդեն իր նախկին հայրենիքում դառնա քաղաքական գործիչ։

Ինչ վերաբերում է երեխաներին, խոսելով ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահներին Հայաստանից հեռացնելու մասին, բանավեճի ժամանակ Արա Պապյանը վրդովվեց․ «Եթե Ղարաբաղից Հայաստանից չեն ծառայում, ինչո՞ւ իմ տղաները պետք է ծառայեն»։ Խոսքերն ավելորդ են։ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկում անկեղծացավ, ասելով որ կանադական քաղաքացիությունն իրեն հնարավորություն կտա ռեպրեսիաների վտանգի դեպքում հեռանալ։ Հիանալի է, բա մենք ինչ անենք, եթե հանկարծ դուք գաք իշխանության։ Պարոնայք, Արա Պապյան և Հայկ Մարտիրոսյան, ի տարբերություն ձեզ ես երբևէ չեմ մտածել այլ երկրի քաղաքացիություն ստանալու մասին, չնայած իմ նկատմամբ իրականացվող հետապնդումներին սկսած խորհրդային տարիներից։

8. Արա Պապյան-Հայկ Մարտիրոսյան զրույցի ընթացքում բանախոսները մի քանի անգամ հեգնանքով ընդգծեցին իմ իրավապաշտպան, ուստի և, ենթադրաբար արևմտամետ լինելն ու դրամաշնորհներ ստանալը, և նորից ու նորից շեշտելով իմ «ռուսամետ» լինելը։

Այո, պարոնայք ես, որպես իրավապաշտպան, արևմտամետ գործիչ եմ։ Ինձ համար արևմտյան արժեքներ են իրավական պետության հայեցակարգը և դրանից բխող մարդու իրավունքները։ Եվ դրամաշնորհները մեր կազմակերպությունը ստացել է այդ արժեքների քարոզման և իրականացման համար։ Կազմակերպությունը ստեղծվել է 1996թ․ և մինչև 2002թ․ գործել է առանց որևէ լումայի։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել և շարունակում է իրականացնել իրավապաշտպանական գործունեություն։ Փաստե՞ր, խնդրեմ այցելեք մեր կայքը (armhels.com): Ի տարբերություն, իրենց «արևմտամետ» կոչեցյալների, կազմակերպությունն ու անձամբ ես քննադատել ենք և շարունակում ենք քննադատել Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակին համարել եմ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Գարո Եղնուկյանին և այլոց։ 2015թ․ հունվարին, երբ անօրինական կերպով բերման էին ենթարկվում այսօրվա ԱԺԲ-ի կողմնակիցները, միջամտելու համար, ինձ նույնպես բերման ենթարկեցին։ Այսօր էլ համարում եմ քաղբանտարկյալներ Արմեն Չարչյանին, Սյունիքի համայնքապետերին։ Երբ հակասահմանադրական ճանապարհով ջախջախվում էր ՍԴ-ն, այսօր դատարանները, ես եմ ձայն բարձրացրել։ Իսկ այս ամենի մասին, դուք՝ արևմտամետներդ լռում եք, եթե ոչ ծափահարում։ Հասկացա՞ք, թե որն է արևմտամետությունը։

Այսպիսով, ևս մեկ անգամ կրկնեմ տգետների (ինչպես Հայկ Մարտիրոսյանն ասաց «տգետ» բառը վիրավորական չի, այլ ընդամենը նշանակում է չիմացող) համար, ես համարում եմ, որ Հայաստանը կարող է զարգանալ միայն, որպես իրավական պետություն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ պետք է շարժվես այլ չափանիշներով։ Ռուսաստանի օրինակը չբերեմ, որ ավելորդ հուզումներ չառաջացնեմ։ Ի՞նչ կարծիքի եք, որ Հայաստանը պետք է լավ, ընդհուպ դաշնակցային հարաբերություններ ունենա Իրանի հետ, չնայած Ավարայրին, Շահ Աբբասի տեղահանումներին և որ Իրանը արևմուտք չի։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, օրինակ՝ Սաուդյան Արաբիան արևմտյան արժեքներ կրող պետությո՞ւն է, որը արևմուտքի ամենասերտ դաշնակիցներից է։

9․ Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը զրույցի ընթացքում շատ խոսեցին լրտեսների, ագենտների մասին, արդարանալով, որ իրենք այդպիսիք չեն, բայց և այլ կարծիք ունեցողներին, այդ թվում՝ ինձ դրանում մեղադրելով։ Այսպիսով պարոն արևմտամետները, ցանկացած այլ կարծիք ունեցողներին վիրավորում են «ագենտ ու ստրուկ» անվանելով, կազմակերպելով իրենց աղանդի ոհմակային հայհոյախառն հարձակումները։ Ահա և քեզ «արևմտյան արժեքներ»։

10.Մեծ վերլուծաբանները խոսեցին նաև իմ ու Արա Պապյանի բանավեճի քվեարկության արդյունքների մասին նույնպես, այն հավաստի չհամարելով։ Այո՛, ինքս էլ եմ կասկածում քվեարկության արդյունքներին, քանի որ ես մենակ եմ, չունեմ կուսակցություն, թիմ, և արտահայտում եմ իմ անձնական տեսակետները։ Եվ իմ օգտին քվեարկողները քվեարկել են խղճով, այլ ոչ աժբ-ական կազմակերպված ցուցումով։

11.Վերջերս, ԱԺԲ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեծագույն բացահայտում արեց։ Ըստ ականավոր ԱԺԲ-ականի Ռուսաստանի հեռանալուց հետո, բացառվում է Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա, քանի որ ԱՄՆ-ից մեկ հեռախոսազանգը բավարար է Թուրքիային զսպելու համար։ Հիանալի է։ Այդ դեպքում, ինչո՞ւ ԱՄՆ-ը 1974թ․ այդ մեկ զանգը չարեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսը գրավելու ժամանակ։ Նման օրինակները բազմաթիվ են։ Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու կապակցությամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկյան զինվորները չպետք է զոհվեն աֆղան զինվորների փոխարեն։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասում է. «Բոլոր հայերին նախեւառաջ կմաղթեմ վստահ լինել իրենց ուժերին։ 2.5 մլն համախմբված եւ վճռական ժողովուրդը կարող է հրաշքներ գործել։ Ամեն ինչ դրսից պետք չէ սպասել, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ պետք չէ կառավարությունից սպասել։ Պետք է հույսը ձեզ վրա դնեք, պահպանեք ազգային միասնությունը։ Հայաստանը պատրաստվում է նշել իր անկախության 30-ամյակը, կարծում եմ՝ պետք է այդ երեսուն տարիների քննությունը հանձնել եւ փորձել նախագծել գալիք երեսուն տարին»։ Հարց․ ու՞մ են ասում ուղիղ խոսքը։ Իսկ Արա Պապյանն ու նրանց համախոհ աժբ-ականները, հետևելով այսօրվա իրենց համախոհ իշխանությանը, չեն հանդուրժում այլ կարծիք, հայհոյում են ընդդիմախոսներին և բաժան-բաժան անում հասարակությանը։

Հիշենք Հայաստանի հիմնադիր Արամ Մանուկյանի մարգարեական խոսքերը․

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով, դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»։

Փոխանակ իրավիճակը ճիշտ գնահատելու և մտածելու ուժերը համախմբելու և նոր թշնամիներ չունենալու մասին, աժբ-ականներն իրենց ագրեսիվ, հայրենասիրության քողի տակ, հակապետական քարոզչությամբ Հայաստանը տանում են դեպի կործանում։

Հ․Գ․ Սպասենք ԱԺԲ-ի կողմից հաջորդ «հուժկու», քարոզչական համազարկին։ Բայց այս անգամ, հավանաբար ձեռնպահ կմնամ պատասխանելուց, հետևելով աժբ-ականների կողմից ատելի ռուս ժողովրդի մեծ բանաստեղծ Ա․Ս․ Պուշկինի հայտնի խոսքերին․

И не оспаривай глупца.

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930