Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են, և այդ աճը շարունակական է լինելու». Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբեր 24,2021 23:23

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են.

«Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին  վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին` Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու: Մասնավորապես` ֆինանսական միջոցների ծավալի մեծացումը կուղեկցվի առաջիկա  տարիներին ապահովագրության տարբեր բաղադրիչների մասով ծավալուն բարեփոխումներով` էլեկտրոնային առողջապահության ներդրում, որակի չափանիշների սահմանում և դրանց շարունակական մոնիտորինգ, տեսչական մարմինների աշխատանքի վերանայում, լիցենզավորման և մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրում և այլն:

«Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը` մտքերի փոխանակման, առկա խնդիրների օբյեկտիվ գնահատականը մեզ փոխանցելու, համակարգի ճիշտ ներդրման գործիքներ մատնանշելու իմաստով»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:

Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին` նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են, և այդ աճը շարունակական է լինելու:

Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով:

Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:

Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930