Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացված աշխատանքներին

Հոկտեմբեր 05,2021 17:58

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի, կազմակերպության Ուկրաինայի տարածաշրջանային (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) ղեկավար Բետտինա Բրանդի, կազմակերպության Մակեդոնիայի գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկայի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանի հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում կազմակերպության կողմից արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Ողջունելով «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝  նախարարի տեղակալն ասել է, որ բարձր է գնահատում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում մեծահասակների կրթության զարգացման գործում՝ հատկապես կարևորելով կազմակերպության փորձագիտական աշխատանքը և ուսումնասիրությունները: Նա ներկայացրել է, որ այսօր Հայաստանում կրթական բարեփոխումների գործընթացն իրականացման ակտիվ փուլում է՝ չնայած անցած տարի համաճարակի և պատերազմի հարուցած դժվարություններին:

Արթուր Մարտիրոսյանը բարձրացրել է ռազմավարական փաստաթղթերում ֆորմալ կրթության կողքին ոչ ֆորմալ կրթության ներառման հարցը՝ նշելով, որ հարափոփոխ աշխարհում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերումը, գիտելիքի թարմացումը հաճախ ավելի արդյունավետ իրականացվում է ոչ ֆորմալ կրթության միջոցով:

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ի փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի խոսքով՝ Հայաստանում շուրջ 12 տարի աշխատող կազմակերպության առաքելությունն է աջակցել կրթության (հատկապես մեծահասակների կրթության) և երիտասարդության ոլորտներում օրենսդրական բարեփոխումներին և ապագային միտված երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը: Նրա հավաստմամբ՝ 21-րդ դարում աշխարհը չափազանց կարևորում է նաև մեծահասակների կրթության հիմնախնդիրը, և իրենց կատարած ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դա Հայաստանում նույնպես առաջնահերթություն է:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այսօր չափազանց կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, որոշումների կայացման գործընթացում պատասխանատվության ստանձնումը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալն արձանագրել է նաև այն հիմնական ուղղություններն ու ծրագրերը, որոնց շուրջ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ կարող է ծավալվել հետագա համագործակցությունը: Հայկական կողմը գործընկերներից ակնկալում է «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարության և գործողությունների պլանի (2013-2017 թթ.) փորձագիտական գնահատում, համագործակցություն «Մեծահասակների կրթությունը ի նպաստ կայուն զարգացման նպատակների» արշավի շրջանակում, մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծում, լրացուցիչ և շարունակական կրթության զարգացմանը միտված փորձագիտական աջակցություն և այլն:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031