Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ հավաքվել 27 երկրից, որպեսզի արժանին մատուցեն մարդասիրությանը». Վենետիկում կայացավ հանդիպում 2021 թ․ «Ավրորայի» հերոսների հետ

Հոկտեմբեր 09,2021 11:40

Հոկտեմբերի 9, 2021թ Երևան։ Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ: Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:

Նրանց մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնել մրցանակը խորհրդանշող արձանիկը: Հիշեցնենք, որ անցած տարի «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման եւ ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվել էին առցանց:

Լորդ Արա Դարզի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ. Պատիվ ունեմ՝ ավարտին հասցնելու 2020 թ. կիսատ գործը, որն անավարտ էր մնացել համավարակի պատճառով: Այն է «Ավրորա» մրցանակի դափնեկրի հայտարարումը, որին մենք գիտենք, որովհետեւ նրա անունը հայտարարվել էր դեռ անցած տարի, բայց հնարավորություն չէինք ունեցել հանդիպելու դափնեկրին: Նրանք են Ֆարթունը եւ նրա դուստրը՝ Իլվադ Էլմանը: Երկուսն էլ իրավապաշտպան են եւ ղեկավարում են Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Անցած տարի նրանք երկուսն էլ դարձան «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ կանանց իրավունքների պաշտպանությանը, խաղաղաշինությանը եւ մանկահասակ զինվորների վերականգնմանն ուղղված աշխատանքի համար՝ մարմնավորելով մարդկայնության համընդհանուր ոգին, որի մարմնացումն է այն ամբողջ աշխատանքը, որը հպարտությամբ մեծարում է եւ որին աջակցում է «Ավրորան»: Խնդրում եմ միացեք ինձ՝ շնորհավորելու Ֆարթունին, որն այսօր մեզ հետ է:

Ներկա հյուրերին եւ 2021 թ. «Ավրորայի» հերոսներին ողջունել են նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

Նուբար Աֆեյան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր. «Ավրորայի» համահիմնադիրների՝ Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ինձ համար անգնահատելի փորձառություն էր վերջին վեց տարիներին տեսնել բոլոր այս ոգեշնչող պատմությունները մարդկային համառության եւ խիզախության մասին: Ցավոք, Վարդանն այլեւս մեզ հետ չէ, բայց նրա ոգին եւ ներշնչանքն օգնում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում: Եվ նրա ոգին այստեղ է, իսկ նրա ժառանգությունը շարունակում է ապրել:

Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որովհետեւ հավատում ենք, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել: Եվ մենք յուրաքանչյուրս մեր ձեւով եւ մեր դաշտում աշխատում ենք, որպեսզի այդպես լինի: Լինել այստեղ այս բացառիկ մարդասերների կողքին, որոնք ձգտում են փրկել այլոց՝ ի ցույց է դնում բոլոր այն միջոցները, որոնցով կարող ենք օգնել ուրիշներին ոչ միայն փրկվել, այլեւ վերածնվել, որն այս օրերի մեր հավաքի թեման է, եւ, ի վերջո, բարգավաճել:

Մենք առաջնորդվում ենք «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով: Եվ ի՞նչ է դա ենթադրում: Երախտապարտ լինելը կարող է պարզապես սահմանափակվել շնորհակալություն ասելով: Հաճախ մենք նույնիսկ դա ենք մոռանում: Բայց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը միայն շնորհակալություն ասելը չէ, այլ այն գործով արտահայտելն է, քայլեր ձեռնարկել եւ ժամանակ ու էներգիա տրամադրել մեր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի բարությամբ պատասխանենք մեր հանդեպ արած բարությանը՝ այլոց կողմից մեզ տրված երկրորդ հնարավորությանը: Այսպիսով՝ օգնության այս առաքինի շղթան, ուրիշներին օգնելն ու մշտապես մեր երախտագիտությունը գործով արտահայտելն այն է, ինչը դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության էությունը: Մեր նախաձեռնությունը ստեղծվել է, որպեսզի մեծարի մեր հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ փրկելու մարդասիրական վատագույն ճգնաժամերում հայտնված հազարավոր այլ մարդկանց: Եվ այն ստեղծվել է, ինչպես շատերդ գիտեք, ի հիշատակ նրանց, ովքեր ավելի քան մեկ դար առաջ փրկեցին հայերին:

Ռուբեն Վարդանյան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր. Հրաշալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ հավաքվել 27 երկրից, որպեսզի արժանին մատուցեն մարդասիրությանը, ինչը չափազանց կարեւոր է հատկապես հիմա, երբ աշխարհը բռնկված է համավարակով: Ես հույս ունեմ, որ այն, ինչ արել ենք այս վեց տարիների ընթացքում, ուսանելի կլինի՝ ցույց տալու մարդկանց, թե ինչպես կարող ենք սիրել եւ պահպանել հույսն ու հավատը՝ անկախ բոլոր մարտահրավերներից, եւ, որպես օրինակ, տարբերվել մյուսներից, ինչն էլ մենք պետք է ցույց տանք աշխարհին:

Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, եւ ինչպես մեր ընկեր Վարդանն էր ասում. «Ո՞վ ենք մենք: Ո՞րն է մեր կյանքի իմաստը»: Նա` մեր մենթորը, բարձրացնում էր այն հարցը, թե որն է կյանքի նպատակը: Ի վերջո, մենք փորձում ենք երկար ապրել: Իսկ ինչի՞ համար երկար ապրել: Ամեն անգամ, երբ լսում եմ այս բոլոր պատմությունները, մտածում եմ. «Ինչո՞ւ երեխաները չեն կարող ոգեշնչվել դրանցով: Չէ՞ որ դա նրանց կյանքի որոշումն է, իսկ այդ մարդկանց մասին աշխարհը շատ բան չգիտի»: Ամեն անգամ ես ամաչում եմ, որ այդքան վատ պատմություններ ենք լսում, իսկ այսօր այստեղ նստած մարդկանց նմանների պատմությունները մենք չգիտենք, թե ինչ են նրանք անում, ինչ վարք ունեն եւ ինչ են զգում: Կրկին՝ ամենակարեւորը սերն է մարդկանց նկատմամբ, ոչ թե ատելությունը, բացասական վերաբերմունքը, այլ դրական լիցքերը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, որ դուք կաք: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում ենք միասին: Եվ ես իսկապես հույս ունեմ, որ մեր շարժումը կլինի շարունակական:

 

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումներն այս տարի անցկացվում են Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում է Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարեւորության մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարի միջեւ, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ եւ «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ:

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի Սուրբ Ղազար կղզում:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունն է:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031