Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են. Գագիկ Գինոսյան

Հոկտեմբեր 20,2021 22:35

Հոկտեմբերի 19-ին  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի հիշատակին:  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի լուսանկարչի մահվան տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպիչները հենց «Կարին»-ի անդամներն էին՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Միջոցառման սկզբում ներկայացվեց Կարեն Բաղդասարյանի «Հարութը»  ֆիլմը. լուսանկարներ, տեսանյութեր հերոսի անձնական արխիվից, նրա հարազատների ու ընկերների պատմությունները հերոսի մասին: Հարազատների հուշերում Հարություն Ստեփանյանը լույսի ու հայրենասիրության  մարմնավորում է։ Նրա ամենամեծ նպատակը ընկերների հետ Մասիսի գագաթ բարձրանալն էր «առանց օտար երկրի վիզայի»:

«Մի անգամ բանավեճի բռնվեցինք Ալբերտ Մկրտչյանի ֆիլմի մի հատվածի շուրջ, որտեղ գլխավոր հերոսը, պատերազմի տարիներին արտերկիր մեկնել ցանկացող որդուն խրատելով, հարցնում է, թե երբևէ զգացե՞լ է հայոց հողի բույրը։ Ես կարծում էի, որ դա սենտիմենտալություն է, և այդ մասին ասացի ընկերներիս։ Հարութը բարկացած գետնից մի բուռ խոտախառը  հող վերցրեց, մոտեցրեց ինձ և ասաց, որ հոտ քաշեմ: Ես մոտեցրի քթիս ու սպասեցի, թե ինչ է ասելու։ Ապա Հարութը հողը մոտեցրեց իր քթին, անուշ հոտ քաշեց ու ասաց. «Երբ զգաս հայոց հողի քաղցրությունը, կհասկանաս այդ տեսարանի իմաստը», պատմեց Հարությունի ընկերներից մեկը։

Լուսանկարչությունից զատ Հարութը զբաղվել է նաև պարարվեստով, 2016 թվականին իր ծննդավայր Աբովյանում հիմնել է «Ժայռ» ավանդական պարի համույթը։  Ծառայակից ընկերները հիշում են, թե ինչպես էր Հարութը խրամատում յարխուշտա պարել սովորեցնում ու ազգային արժեքների մասին զրուցում։

«Մի անգամ հրետակոծության ժամանակ, երկու անքուն գիշերներից հոգնած՝ քնեցի թաքստոցում։ Ու արթնացա նրանից, որ արևի շողերը ընկել էին աչքերիս, իսկ Հարութը ժպտալով վերարկու էր գցում վրաս։ Իմ հիշողության մեջ նա միշտ այդ տեսարանով է վերակենդանանում», պատերազմի դաշտից դրվագներ հիշեց Հարութի ընկերը` Հայկը։

«Մեծն Տիգրան»  կամավորական ջոկատի կազմում Մարտակերտի շրջան մեկնած Հարությունը զոհվել է հոկտեմբերի 19-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Հարազատի, ընկերոջ ու ծառայակցի կորուստը անասելի ցավ է պատճառել բոլորին։

«Երբ կանչեցին զոհվածների անուններն իմանալու, ես լուռ լսում էի ու սպասում։ Երևի  քչերը կհասկանան՝ ինչ է նշանակում կարդալ այդ ցուցակը և գիտակցել, որ պատրաստ ես ամեն ինչ տալ, միայն թե նրա անունը չհնչի։ Ցուցակն ավարտին էր մոտենում, ու ես հոգու խորքում ուրախանում էի, սակայն ամենավերջում հնչեց Հարութի անունը ու,ասես, ինչ-որ բան ներսումս կոտրվեց», հուզմունքը հազիվ թաքցնելով պատմեց Հայկը։

Նույն օրը զոհվել է նաև Հարութի ընկերը՝ Սևակ Մնացականյանը (Խոյեցի)՝ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսահոլովակը՝ նվիրված «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի սանի հիշատակին:

Միջոցառման ընթացքում հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ հնչեցին,  «Կարինի» և «Մասունքի» անդամները հանդես եկան քոչարիով և Հարութի ամենասիրելի յարխուշտայով:

«Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են»: Այս խոսքով և սաների հետ բեմադրած յարխուշտայով Գագիկ Գինոսյանը եզրափակեց ընկերոջ հիշատակի երեկոն:

 

Մերի Հակոբյան

Հեղինե Ղազարյան

Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարան, Լրագրության ԳՈՒԿ, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031